www.nizak.media

Անահիտը՝ Անահիտի մասին

Ես հիշում եմ Անահիտ դիցուհու մասին դպրոցական դասագրքում ինչ տեղեկություններ կային, հայոց հեթանոս  աստվածուհի, Արամազդի դուստրը, մայրության պտղաբերության աստվածուհի, Ոսկեմայր, Սնուցող մայր, Ոսկեծղի, Ոսկեմատն, Ոսկեդաստակ և այլն։ 

Ուսանողական տարիներին ևս անդրադարձ կար Անահիտին,   գրեթե նույն բովանդակությամբ, իմ պատկերացումներում Անահիտը լրիվ հայկական էր, անունս էլ ամենահայկականը։ 

Սակայն միջազգային վերապատրաստումներից մեկի ժամանակ մասնակիցներից մեկը, երբ իմացավ անունս, հարցրեց՝ թե արդյոք ես Իրանից եմ, մայրը պարսիկ էր ու ինքն էլ ապրել էր այնտեղ ու զարմացավ, որ Անահիտը հայկական անունն է, որովհետև Անահիտները ապրում են Իրանում։   

Ու սկսվեց իմ  փնտրտուքները՝ Անահիտը ով է, Պարսկաստանի հետ կապը, Անահիտ դիցուհու հետ ցանկացած տեղեկություն։ 

Այս տարի էլ ավելացավ ևս մի կարևոր հանգամանք, Անահիտը Լոնդոնից եկել է Հայաստան ու ի զարմանս ինձ շատերը դեմ էին նրա այցին։ Մեր դիցաբանության մեջ  բացասական ոչինչ չկար գրած, ինչու էր Անահիտը այդքան բարկացրել շատերին։ 

Մի խոսքով, սկսեցի մի քիչ պրպտել  համացանցում եղած տեղեկությունները ու ամեն ինչ ավելի խճճվեց։ Որոշեցի գնալ հեթանոսների մոտ, սակայն պարզվեց հեթանոս բառը  համարվում է վիրավորական ու թիրախավորված, կան արորդիներ, արևորդիներ, բնապաշտներ, հայ արիներ, որոնց համար Անահիտը դիցուհի է ու մեր ազգային ինքնության մաս։ Իմ զարմանքը ավելի մեծացավ, երբ  նախաքրիստոենական շրջանի հավատքի  հետ  սերտ կապված էր Գարեգին Նժդեհը ու համարվում է մարգարե, ամեն ինչ ավելի խճճվեց, երբ ֆեյսբուքյան մի էջում յոգայի դասին Անահիտից էին զորություն խնդրում։ Թվում է տարբեր ժամանակաշրջաններ, ումունքներ ու  տրամաբանությունից դուրս համադրություն էր այս ամենը։ 

Ուսմո՞ւնք է այս ամենը, հավատա՞մք, թե՞ կրոն․․․ Անահիտը և  հայ մյուս դիցերը ի՞նչ դեր ունեն այս ամենի մեջ, ովքե՞ր են հետևորդները։ 

Պարզվեց Անահիտի բարեկամները այնքան էլ հաշտ չեն ու մի քանի միաբանություններ ու  ուխտեր կան, որոնք միմյանց մեղադրում են միֆերին հավատալուն կամ հեքիաթներ ստեղծելու մեջ։ Բայց կան մարդիկ, որոնք իրենց քրիստոնյաներ չեն համարում, հետևորդ են, կնքված տվյալ ուխտերում կամ միաբանություններում ու մասնակցում են ծեսերին։ Եվ մարդիկ, որ այս միաբանությունների անդամ չեն, բայց իրենց համարում են իրենց հեթանոս ու Անահիտի զավակ։ 

Արորդիների ուխտ

«Մենք  գրանվցած ենք որպես կրոնական կազմակերպություն։ Բնապաշտներ ենք, 1000  և ավելի կնքված անդամ ունենք, նրանք արորդիներ են, արևի որդիներ։ Արև ասելով  արեգակը նկատի չունենք  մեր Արարչին ի նկատի ունենք»,-քուրմ Գագիկ Հայրապետյանն է պարզաբանում ու ապա մանրամասնում, թե ինչպե՞ս ու ո՞վ է ստեղծել  Արորդիների ուխտը։ 

Արորդիների ուխտը հիմնել է Էդվարդ Կակոսյանը, 1965թ-ին ազգային արժեքների, լեզվի պահպանության կազմակերպության հիմնումը պատճառ է դառնում, որ Խորհրդային Հայաստանում դատապարտեն, ապա բանտից դուրս գալուց հետո, մեկնում է ԱՄՆ, այնտեղ ծանոթանում է Գարեգին Նժդեհի  համակիրների հետ, բացահայտում նժդեհյան գաղափարախոսությունը։ Ըստ Կակոսյանի, երբ որ  ազգերը ծանր վիճակի են լինում, նրանց համար ծնվում է  մարգարեներ, ինչպես Հիսուսը, Մուհամեդը ծնվել են տարբեր ժողովուրդների համար, այնպես էլ Գարեգին Նժդեհը ծնվել է  հայերի համար։  Եվ այն հանգամանքը, որ  Նժդեհը երդվել է Վահագնի խաչի վրա, այս հանգամանքն էլ ավելի է ամրապնդել, որ  նա ազգային, հեթանոսական արժեքների կրող է եղել, իսկ ցեղակրոն ուխտը դարձել է հիմք Արորդիների համար։ 

Կակոսյանը  80-ականների վերջին վերադառնում է Հայաստան, հիմնում է «Արորդիների ուխտը», ինքն էլ կնքվում է քուրմ ու էդվարդ անունը փոխարինում է Սլակ անունով, քանի որ Սլկունիների տոհմից  է եղել, որը նախաքրիստոնեկան շրջանում բավական հալածված տոհմերից է եղել։  

«Մեզ համար Նժդեհն մարգարե է, Արարչի որդին է, իսկ Անահիտը, Աստղիկը, Միհրը տիեզերական զորություններ են, Անահիտը մայրության, պտղաբերության դիցուհին է, մայր զորությունն է։ Տարիների ընթացքում այս ընկալումներն ու մեկնաբանությունները կարող են փոխվել, որովհետև կրոնական հեղափոխության ընթացքում տարբեր իմաստություններ կորել են։ Բավական տկար ենք տեղեկությունների ու գիտական փաստերի առումով,  բայց  կվերականգնվի ամեն ինչ, ամեն մեկիս մեջ այդ մասնիկը պահպանվել  է ու մի օր արթնանալու է»,-նշում է քուրմ Գագիկը։ 

Հավատքի էությունը, տեսությունը,  բառերի ծագումնաբանությունը շարադրված է «Ուխտագիրք Արորդաց»-ում, որի հեղինակը Սլակ Կակոսյանն է։ Ըստ այդմ ոչ թե գլխավորը Արամազդն է, այլ Արարարիչը կամ Արան, իսկ Մազդա-պարսկերեն՝ պաշտելի է նշանակում, որը կիրառվել է Արայի անվան կից, կոպիտ սխալ են համարում Արա/Արարիչին Արամազդ ասելը։ 

Ըստ կանոնադրության Արորդիների ուխտի անդամ կարող է դառնալ  ազգությամբ հայ յուրաքանչյուր ոք։ Սակայն վերջին տարիներին որոշակիորեն բարդացրել են անդամակցությունը,  մեկ տարի փորձաշրջան անցնելուց հետո միայն կարող են երդվել ու դառնալ հիմնական անդամ։ Իսկ թե ինչն է բերում մարդկանց դեպի հեթանոսություն ու  արոդիների ուխտ, պատճառները տարբեր են։ Ըստ քուրմի՝ գենի արթանացում է լինում, ազգային  որոշ տեղեկություններ նպաստում են, որ սկսի մտածել ու որոնել լուծումներ։ Հենց այդպես էլ քուրմ Գագիկն է եկել այս միաբանություն՝ Նժդեհի գրքի ընթերցումն ու հարցերը բերել են  նրան Արորդիների ուխտ, հետագայայում կնքվել է որպես քուրմ։

Արոդիների ուխտը ունի 4 քուրմ, 4 քուրմի թեկնածու, ծիսակատարություններ անում են Գառնիում, Կարմիր բլուրում, Նեմրութում և այլն։ 

Մեծամորի Տարոնիկ գյուղում մարտի 21 -ից հետո առաջին լիալուսնի Արեգ օրը  մայր Անահիտին նվիրված ծես ենք անում՝ նշում են Զատիկը։ Ըստ Արորդիների Անահիտը ծնող զորություն է,  ծնելու համար նախ պետք է սերմ քցել, ձվերը հենց այդ սերմերն են, իսկ բոլորին հայտնի խաղողօրհնեքն էլ նորից անահտական տոն է ու  գցված սերմերի բերքավաքի օրն է։ 

Իսկ թե ինչպես են վերաբերում հեթանոսներին, քուրմի պատասխանը միանշանակ չէ, կան մարդիկ, ովքեր նորմալ են վերաբերում, բայց և թիրախավորվելուց էլ զերծ չեն մնում․ 

«Հեթանոսությունը մեր ծննդականն է,  ինձ համար կապ չունի ինչ կրոնական պատկանելիություն ունի մեր հայը,  ես հարգում եմ բոլորին, իսկ քրիստոնյա  կրոնավորները ասում են, ով  առաքելական եկեղեցու անդամ չէ, հայ չէ, դա սխալ մոտեցում, ոչ միայն մեզ համար, այլ համշենահայերի, կաթոլիկ հայերի  և  այլ դավանանքի  մյուս հայերի մասով, որոնք մեծ հայեր են եղել ու առաքելական եկեղեցու հետևորդ չեն եղել»,-նշում է քուրմ Գագիկը։ 

Հայկյան Միաբանություն

Այս միաբանությունը սոցհարթակում հանդես է գալիս մեծամասամբ որպես արևորդիներ-բարեպաշտներ, «ԱՐԱՄԱԳԻ» Հայկյան Հնագույն Մոգաց Դպրոց-Միաբանություն, հայկազուններ, հայկյան որդիներ։ 

Հիմնադրվել է 7 տարի առաջ՝ քուրմ Միհր Հայկազունը և քուրմ Հարութ Առաքելյանը։ Գրանցված են որպես  հասարակական կազմակերպություն,  թե քանի անդամ ունեն, գաղտնի են պահում։   Բնությունը նրանց  համար տաճար է, և հավատ են ընծայում  ազգային հավատամքին, որոնք հիմնված են  հստակ ազգի աշխարհայացքի ու արժեհամակարգի վրա: 

«Մենք Հայերս լինելով հնագույն ազգ, ունենք մեր ազգային հավատամքը, որը կոչվում է Հայկյան Սրբազան Ուսմունք, որի կրողները կոչվում են Հայ, Հայկազուն կամ Արեւորդի:

Հայկյան հավատամքն որպես հնագույն ուսմունք, ունի իր գիտական՝ Մոգական դպրոցը, որը կոչվում է ԱՐԱՄԱԳԻ»-պարզաբանում է Քուրմ Հարութ Առաքելյանը:

Քուրմ Հարութը Հայաստան է եկել 20 տարի առաջ, իր խոսքերով, իր նախնիները  դեռ 2000 տարի առաջ եղել են քրմական տոհմից,  Հայաստանում քրիստոնյաները հալածել են ու ընտանիքը գնացել է Պարսկակասան։  Հետագայում վերադարձել է ու քուրմ Միհրի հետ  ստեղծել է այս միաբանությունը։ 

Կազմակերպությունը կրոնական չէ,  իրենք էլ իրենց  կրոնական  դոգմաների հետևորդ չեն համարում, բայց սա չի խանգարում, որ իրենք իրենց  կոչեն քրմեր։ Ըստ իրենց միաբանության քուրմը՝ ուսմունքի առաջնորդն է, ուսմունքի դասավանդողն է,  իսկ Աճառյանի բառարանի մեկնաբանությունը՝ հեթանոս քահանա, աբսուրդ են համարում, քրմական գաղտնիքներով կիսվելն էլ ավելորդ։   

«Սա մեզ համար ուսմունք է, իսկ հեթանոսը քրիստոնյանների տված պիտակն է,   մենք հայ ենք, հեթանոս կոչվածը,  կոպիտ ասած, եկեղեցին է  տվել այն հայերին, որոնք քրիստոնյա չէին դառնում, այդպես պիտակավորել են, հեթանոս-էթնոսը այն հայերն էին, որ  գյուղում  են մնացել, հեռու են մնացել քրիստոնեկան թոհ ու բոհից ու իրենց անվանած քաղաքակրթությունից, հայը, երբեք իրեն հունարենով չի կոչել հեթանոս»,-բացատրում է քուրմ Հարութը։  

Հայկյազյան հին հավատամքը  կենաց լույսի պաշտամունքն է, կենաց լույսը Արարիչն է, Արարիչի շողերին անվանում ենք դիցեր, դից նշանակում է լույս։ Արարիչի լույսը տեսնում են Արեգակի մեջ, կրակի մեջ։ Կենաց լույսը որակներ ունի և այդ որակները Վահագնի քաջությունն է, Անահիտի մայրության որակներն են, մուս դիցերի որակները նույնպես Արարարիչին են բնորոշում։ 

Այսպես են մեկնաբանում իրենց հավատամքը, ի տարբերություն Արոդիների ուխտի, Գարեգին Նժդեհը մարգարեության ոչ մի հատկություն չունի, ընդամենը քաղաքական գործիչ, զորավար։ 

Արարչի հետ կապ ունենալու համար, պարտադիր չէ լինել որևէ կազմակերպության անդամ

Վահե Լորենցը իրեն համարում է հեթանոս, պատանի հասակում որպես քրիստոնյա հավատացյալ ցանկացել է նույնիսկ ճեմարանի սան դառնալ, հետո ամեն ինչ փոխվում է,  երբ Աստվածաշունչը սկսում է կարդալ այլ տեսանկյունից, չի գտնում իր հարցերի պատասխանը, հանգում այն եզրակակացությանը, որ քրիստոնեական օրենքը ոչ բնական է,  ոչ թե խրախուսում է զարգացումն ու արարումը, այլ հակառակը՝ կաղապարում է։ Սկսում է փնտրել հայի ինքնությունն ու դավանանքը ու այն տանում է նախաքրիստոենական շրջան ու բնապաշտություն, որտեղ չկան արգելող տաբուներ։ 

«Հայոց դավանանքը  ճանապարհ է ազգային ինքնության վերադառնալուն,  դիցերը մեր ազգային սիմվոլներն են։ Հեթանոսությունը ազգայնականություն է,  ազգայինի ճանաչողությունն է, տանում է  դեպի տիեզերաճանաչություն։ Այն ինձ համար կրոն չէ, արժեհամակարգ է,  ցանակացած լավ գաղափարախոսությունը որ դառնում է կրոն, ապականվում է։ 

24 տարեկան էի,  ՀՀ-ում միակ հեթանոսական կազմակերպությունը «Արորդիների  ուխտ»-ն էր, իրենց անդամակցել եմ։ Խնդիրը  այն է, որ պառակտված են, ստեղծվել են այլ  կազմակերպություններ ևս, լեզու չեն գտնում իրար հետ, քամահրական վերաբերմունք ունեն  միմյանց նկատմամբ, որը այնքան էլ ճիշտ է։

Ես հասկացա, որ Արարչի հետ կապ ունենալու համար, պարտադիր չէ, որ լինես, որևէ կրոնական կազմակերպության անդամ։ լուրջ հակասություններ չեն եղել, կան որոշ ծիսակարգեր, որոնց  դեմ եմ,  օրինակ՝ նշում են Վահանգնի ծնունդ, բայց ասենք 9900 տարեթիվը,  որը երևակայական տրամաբանությունից զուրկ արտահայտություն է, գիտականորեն հիմնավորված չէ, ես էլ չեմ կարող լինել այդտեղ, որտեղ տրամաբանություն չեմ գտնում«-ասում է Վահե Լորենցը։   

Վահե Լորենցի տուրիստական ընկերությունը  զբոսաշրջիկներին ուղեկցում է Իրան՝ Անահիտի տաճար,  Արևմտյան Հայաստան և այլ ուղղություններով։ Չի թաքցնում հեթանոս լինելու հանգամանքը, ինչը ոչ միանշանակ են ընդունում։ Ագրեսիվ վերաբերմունք, խեթ հայացքներ ու համագործակցության դադարեցում։ 

«Մենակ ինձ չի վերաբերում ագրեսիվ վերաբերմունքը, ընդհանուր  արժեհամակարգին նման վերաբերմունքը։ Անահիտ դիցուհու  արձանը բերելու հետ կապված ինչքան ատելություն կար սոցցանցերում, ազգային մշակույթի հանդեպ ոխակալությունը անսահման էր։ Մեր հարևան  պարսիկները, որ իսլամի հետևորդ են, ավելի հանդուրժող են զրահդաշտների, հեթանոսների նկատմամբ, քան մեր քրիստոնյա հավատացյալները»,-հավելում է Վահե Լորենցը։    

Հեթանոսական  դարաշրջանից քիչ տեղեկություններ են պահպանվել, ըստ հեթանոսների եկեղեցու դերը այդ հարցում մեծ է եղել, բայց այն նորից արթնացել է 19-րդ դարի վերջում Դանիել Վարուժանի, Սիամանթոյի երկերի ծնունդով, հետագայում Գարեգին Նժդեհի  ցեղակրոնության գաղափարախոսությամբ։ Խորհրդային տարիներին ամեն ինչ ճնշվել է, բայց հետխորհրդային շրջանում նորից արթացել է ու շարունակելու է զարգանալ։ 

Որոշ կազմակերպությունների անդամակցած կամ  իրենց հեթանոս համարող հայերի թիվը   ըստ կազմակերպությունների ու անհատների, ավելանում է, հետաքրքրությունը շատանում է, ոչ թե քրիստոնեեությունից հիասթափվել են, ուղղակի  իրենց ազգային ինքնությունն են փնտրում ու հեթանոսության ու բնապաշտության մեջ են գտնում։ 

Անահիտը գիտական որոնումներում

Անահիտի մասին իմ հարցերի պատասխանը գտնել այդպես էլ չստացվեց, մեկը Անահիտին համարում է զորություն, մյուս սիմվոլ,  հաջորդը՝  Արարիչի որակ ու ճառագայթ։ Ու այս բազմազանության մեջ գտնել Անահիտը հայկական է, թե պարսկական, որտեղ են  Անահիտի տաճարները,  արձանները, բավական բարդ է։ 

Որոնումները տարան դեպի գիտական հետազոտություններ, որտեղ Անահիտը դիցուհի է ու հստակ տալիս է հարցերի պատասխաններ։ 

Անահիտ բառի բացատրությունը պարզված չէ, այդ մասին գոյություն ունեն մի շարք կարծիքներ։ Երկար ժամանակ իշխել է այն տեսակետը, որ Անահիտ բառը հին պարսկական ծագում ունի և առաջացել է Anahita բառից, որ նշանակում է «անբիծ», «անա-րատ» և կազմված է an բացասականով՝ ahita «պիղծ», «կեղտոտ» արմատի հետ։

Մյուս տեսակետի հեղինակը պրոֆեսոր Ենսենն է, ըստ որի Անահիտ բառը մակաբերվում է բաբելական Anunitu աստվածուհու անունից: Մի այլ տեսակետի համաձայն, Անահիտ բառը առաջացել է Անաթու աստվածուհու անունից՚: Մենք վերջին երկու տեսակետները հավանական ենք համարում, որովհետև թե անուններով` Անաթա, Անունիտ, և թե պաշտամունքային ինքնությամբ նրանք ավելի մոտ են մեր Անահիտին, քան պարսկական Անահիտը:

Պարսկական դիցարանի մեջ գրեթե գոյություն չունեին կին աստվածներ, եթե չհաշվենք Անահիտին, վերջինս էլ օտար ծագում ուներ, այնինչ հայ դիցարանը հարուստ է` աստվածուհիներով՝ Անահիո, Նանե, Աստղիկ, Սպանդարամետ, որոնց նշանակալից դեր էր վերագրվում։ Այս հանգամանքը մեր հեթանոսական կրոնը մոտեցնում է փոքրասիական և միջագետքյան դիցաբանությանը:

Մեր դիցարանը հիմնված է ազգակցական սկզբունքի վրա, մի բան, որ մենք չենք նկատում Պարսկաստանում:

Մի շարք ուսումնասիրողներ ցույց են տվել, որ պարսիկները մեծամեծ մեհյաններ չեն ունեցել, այլ կառուցել են միայն ատրուշաններ, որոնց մեջ միշտ վառ են պահել կրակը և լի են եղել արծաթով ու ոսկով։ 

Եթե ընդունենք իրանական է, ապա ինչպես հաշտվել այն փաստի հետ, որ նույնանուն դիցուհիներից ավելի հնագույնը` ծագումով, դեռևս երրորդ հազարամյակում գոյություն ուներ սեմիտական աշխարհում, օրինակ՝ Անատա դիցուհին՝ Եգիպտոսում, Անունիտը՝ Ակկադիա -յում (Սիպպարա` քաղաքում), որոնք հոմանիշ էին Իշ-տար դիցուհուն և իրենց պաշտամունքով միանգամայն համանման հայկական Անահիտին:

Անցնենք Անահիտի արձանների նկարագրությանը: Անահիտի ոսկյա արձաններից մեկը, ինչպես հիշատա-կում են պատմիչները, գտնվելիս է եղել Եկեղյաց գա-վառի Երիզա քաղաքում: Այն հափշտակվել է Անտոնիոսի կողմից, սակայն հայերը նորից պատրաստել են ոսկյա արձան: Վերջինս 300 տարի հետո կործանվել է Տրդատի և Գրիգոր Լուսավորչի կողմից: Երկրորդ ոսկյա արձանը գտնվում էր Աշտիշատում, նա նույնպես ընկնում է Գրի-գոր Լուսավորչի ձեռքով: Արտաշատում գտնվող արձանը, ինչպես վկայում է Մովսես Խորենացին, պղնձիդ էր՝ ոսկեպատած:


Իհարկե, անահտական պաշտամունքի մյուս վայրերում նույնպես եղել են արձաններ, սակայն նրանց մասին նկարագրություններ չունենք: Վերոհիշյալ արձաններից ոչ մեկը, դժբախտաբար, մեզ չի հասել:


Միայն XIX դարի վերջին Տրապիզոնից հարավ՝ Սատաղում գտնվել է Անահիտին վերագրվող պղնձյա մի արձան։

Մեհյաններում սպասարկող հոգևորականները կոչ-վում էին քրմեր, իսկ նրանց հոգևոր ղեկավարը քրմա-պետ: Հեթանոս Հայաստանում քրմությունը կազմում էր մեծ դաս, և որպես այդպիսին, իրենից ներկայացնում էր սոցիալ-տնտեսական մի կազմ, որը բարձրանում էր ստրկատիրական տնտեսաձևի նյութական բազիսից և իր բնույթով ամբողջովին սոցիալական էր:


Ըստ Ստրաբոնի, հայերն Անահիտ աստվածուհուն նվիրում էին բազմաթիվ կին և տղամարդ ստրուկներ, որոնցով լիքն էին մեհյանները, և որոնք կոչվում էին տաճարական ստրուկներ։ Բացի նրանցից, անահտական մեհյաններին էին պատկանում շատ դաստակերտներ, գյուղեր, ավաններ, բազմաթիվ հողամասեր, անտառներ և այլն:


Քրմապետներն օժտված էին լայն իրավունքներով և նշանակալից դեր էին խաղում  քաղաքական կյանքում։ Գլխավոր քուրմը թագավորից հետո համարվում էր երկ-րորդ դեմքը երկրում և ինչպես ճիշտ կերպով նկարադրել է Ստրաբոնը, մեծամասամբ թագավորը և գլխավոր քուր-մը մի տոհմից էին լինում: Եվ, իրոք, հայերի մոտ ևս այսպես է եղել։ Ըստ Մովսես Խորենացու, Երվանդը շի-նում է Բագարան քաղաքը ու իր եղբայր Երվազին նշա-նակում քրմապետ։ Մաժան քրմապետը Տիգրանի եղ-բայրն էր: Դեռ ավելին, պրոֆեսոր` Ստ. Լիսիցյանը` իր «Տիգրան Մեծն ըստ դրամների» աշխատության մեջ ապացուցում է, որ Տիգրան Մեծը միաժամանակ և քրմապետ էր.