www.nizak.media

Անահիտը՝ Անահիտի մասին

Ես հիշում եմ Անահիտ դիցուհու մասին դպրոցական դասագրքում ինչ տեղեկություններ կային, հայոց հեթանոս աստվածուհի, մայրության պտղաբերության աստվածուհի, ոսկեմայր, սնուցող մայր, ոսկեծղի, ոսկեմատն, ոսկեդաստակ և այլն։ 

Ուսանողական տարիներին ևս անդրադարձ կար Անահիտին, գրեթե նույն բովանդակությամբ, իմ պատկերացումներում Անահիտը լրիվ հայկական էր, անունս էլ ամենահայկականը։ 

Սակայն միջազգային վերապատրաստումներից մեկի ժամանակ մասնակիցներից մեկը, երբ իմացավ անունս, հարցրեց՝ թե արդյոք ես Իրանից եմ, մայրը պարսկուհի էր ու ինքն էլ ապրել էր այնտեղ ու զարմացավ, որ Անահիտը հայկական անունն է, որովհետև Անահիտները ապրում են Իրանում։   

Ու սկսվեց իմ  փնտրտուքները՝ ո՞վ է Անահիտը, Պարսկաստանի հետ կապը, Անահիտ դիցուհու մասին ցանկացած տեղեկություն։ 

Այս տարի էլ ավելացավ ևս մի կարևոր հանգամանք, Անահիտը Լոնդոնից եկել է Հայաստան ու ի զարմանս ինձ, շատերը դեմ էին նրա այցին։ Մեր դիցաբանության մեջ  բացասական ոչինչ չկար գրված, ինչո՞ւ էր Անահիտն այդքան բարկացրել շատերին։ 

Սկսեցի մի քիչ պրպտել  համացանցում եղած տեղեկությունները ու ամեն ինչ ավելի խճճվեց։ Որոշեցի գնալ հեթանոսների մոտ, պարզվեց հեթանոս բառը  համարվում է վիրավորական ու թիրախավորող, արորդիներ, արևորդիներ, բնապաշտներ, հայ արիներ,  այսպես են իրենց անվանում Անահիտի բարեկամները, որոնց ուսմունքի, կրոնի կամ գաղափարախոսության մեջ Անահիտը դիցուհի է ու մեր ազգային ինքնության մաս։ Իմ զարմանքը ավելի մեծացավ, երբ  նախաքրիստոենական շրջանի հավատքի  հետ  սերտ կապված էր Գարեգին Նժդեհն ու համարվում է մարգարե, ամեն ինչ ավելի խճճվեց, երբ ֆեյսբուքյան մի էջում յոգայի դասին Անահիտից էին զորություն խնդրում։ Թվում է, այս ամենը տարբեր ժամանակաշրջանների, ուսմունքների տրամաբանությունից դուրս համադրություն  է։ 

Ուսմո՞ւնք է այս ամենը, հավատա՞մք, թե՞ կրոն․․․ Անահիտը և հայ մյուս դիցերը ի՞նչ դեր ունեն այս ամենի մեջ, ովքե՞ր են հետևորդները

Պարզվեց Անահիտի բարեկամները այնքան էլ հաշտ չեն ու մի քանի միաբանություններ ու  ուխտեր կան, որոնք միմյանց մեղադրում են միֆերին հավատալուն կամ հեքիաթներ ստեղծելու մեջ։ Կան մարդիկ, որոնք իրենց քրիստոնյաներ չեն համարում, կնքվել են տվյալ ուխտերում կամ միաբանություններում ու մասնակցում են ծեսերին։ Եվ մեկ այլ խումբ մարդկանց, որոնք այս միաբանությունների անդամ չեն, բայց իրենց համարում են հեթանոս ու Անահիտի զավակ։ 

Արորդիների ուխտ

«Մենք  1991թ-ին գրանցվել ենք որպես կրոնական կազմակերպություն։ Բնապաշտներ ենք, 1000  և ավելի կնքված անդամ ունենք, նրանք արորդիներ են, արևի որդիներ։ Արև ասելով  արեգակը նկատի չունենք  մեր Արարչին ի նկատի ունենք»,-քուրմ Գագիկ Հայրապետյանն է պարզաբանում ու ապա մանրամասնում, թե ինչպե՞ս ու ո՞վ է ստեղծել  Արորդիների ուխտը։ 

Արորդիների ուխտը հիմնել է Էդվարդ Կակոսյանը։ 1965թ-ին որպես այլախոհ աքսորվում է, ապա բանտից դուրս գալուց հետո մեկնում է ԱՄՆ,  հանդիպել է Նժդեհի երկու զինակիցների հետ, որոնք «սեղմել էին Նժդեհի աջը», ուստի համարվում էր, որ նրանք կարող են փոխանցել իրենց հրամանատարի ոգին։ 

Ըստ Կակոսյանի, երբ  ազգերը ծանր վիճակում են լինում, նրանց համար ծնվում են  մարգարեներ, ինչպես Հիսուսը կամ Մուհամեդը ծնվել են տարբեր ժողովուրդների համար, այնպես էլ Գարեգին Նժդեհը ծնվել է հայերի համար։ Այս մասին ազգագրագետ  Յուլյա Անտոնյանը իր գիտական հոդվածում նշել է, Նժդեհի ազգայնական փիլիսոփայությունը կոչվում էր Ցեղակրոն՝ «ազգի կրոն», որի համաձայն՝ ազգը ամենաթանկ արժեքն է, և անհատը չի կարող լիովին գոյություն ունենալ իր ազգային խմբից դուրս: Միասնությունն ու ուժը պետք է գովաբանվեն և պաշտպանվեն ամեն գնով: Սակայն Նժդեհն ինքը նշել է, որ Ցեղակրոնը ոչ թե կրոնական ուսմունք է, այլ ազգայնական գաղափարախոսություն։ Նժդեհի փոխաբերական կոչերը Վահագնի՝ հին հայկական ամպրոպի աստծու մասին, Կակոսյանը հետագայում մեկնաբանեց որպես անառարկելի վկայություն այն մասին, որ Նժդեհն ունի աստվածության տեսլական և առեղծվածային ուժ է ստանում՝ կատարելու հայ ազգի համար պայքարելու սուրբ առաքելությունը»:  

Կակոսյանը  80-ականների վերջին վերադառնում է Հայաստան, հիմնում է «Արորդիների ուխտը», ինքն էլ կնքվում է քուրմ ու էդվարդ անունը փոխարինում է Սլակ անունով, քանի որ ինքը Սլկունիների տոհմից  էր, նախաքրիստոնեկան շրջանում բավական հալածված տոհմերից է եղել։  

«Մեզ համար Նժդեհը մարգարե է, Արարչի որդին է, իսկ Անահիտը, Աստղիկը, Միհրը տիեզերական զորություններ են, Անահիտը մայրության, պտղաբերության դիցուհին է, մայր զորությունն է։ Տարիների ընթացքում այս ընկալումներն ու մեկնաբանությունները կարող են փոխվել, որովհետև կրոնական հեղափոխության ընթացքում տարբեր իմաստություններ կորել են։ Բավական տկար ենք տեղեկությունների ու գիտական փաստերի առումով,  բայց  կվերականգնվի ամեն ինչ, ամեն մեկիս մեջ այդ մասնիկը պահպանվել  է ու մի օր արթնանալու է»,-նշում է քուրմ Գագիկը։ 

Արորդիների սուրբ գրությունը  «Ուխտագիրք»-ն է։ Կակոսյանը մահից անմիջապես առաջ ավարտեց ձեռագիրը։ Սակայն Արորդիները չեն ճանաչել  այն որպես Ուխտագիրքի հեղինակ, այլ ավելի շուտ որպես կազմող: «Ուխտագիրքը» գրելիս Կակոսյանը ծաղկաքաղ է կատարել Աստվածաշնչից, Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»-ից, հայկական «Սասնածռեր» էպոսից և Նժդեհի գրվածքներից։ Ուխտագիրքը պաշտոնապես ճանաչվել է
որպես Արորդիների Ուխտի սուրբ գրություն 2000 թվականին։

Հավատքի էությունը, տեսությունը շարադրված է «Ուխտագիրք Արորդաց»-ում, որի հեղինակը Սլակ Կակոսյանն է։ Ըստ այդմ ոչ թե գլխավորը Արամազդն է, այլ Արարիչը կամ Արան, իսկ Մազդա-պարսկերեն՝ պաշտելի է նշանակում, որը կիրառվել է Արայի անվան կից, կոպիտ սխալ են համարում Արա/Արարիչին Արամազդ անվանելը։  

Ըստ կանոնադրության Արորդիների ուխտի անդամ կարող է դառնալ ազգությամբ հայ յուրաքանչյուր ոք։ Սակայն վերջին տարիներին որոշակիորեն բարդացրել են անդամակցությունը,  մեկ տարի փորձաշրջան անցնելուց հետո միայն կարող են երդվել ու դառնալ հիմնական անդամ։ Իսկ թե ինչն է բերում մարդկանց դեպի հեթանոսություն ու արոդիների ուխտ, պատճառները տարբեր են։ Ըստ քուրմի՝ գենի արթանացում է լինում, ազգային որոշ տեղեկություններ նպաստում են, որ անհատը սկսի մտածել ու որոնել լուծումներ։ Հենց այդպես էլ քուրմ Գագիկն է եկել այս միաբանություն՝ Նժդեհի գրքի ընթերցումն ու հարցերը բերել են  նրան Արորդիների ուխտ, հետագայայում կնքվել է որպես քուրմ։

Արոդիների ուխտը ունի 4 քուրմ, 4 քուրմի թեկնածու, ծիսակատարություններ անում են Գառնիում, Կարմիր բլուրում, Նեմրութում և այլն։ 

Մեծամորի Տարոնիկ գյուղում մարտի 21 -ից հետո առաջին լիալուսնի Արեգ օրը  մայր Անահիտին նվիրված ծես են անում՝ նշում Զատիկը։ Ըստ Արորդիների Անահիտը ծնող զորություն է,  ծնելու համար նախ պետք է սերմ քցել, ձվերը հենց այդ սերմերն են, իսկ բոլորին հայտնի խաղողօրհնեքն էլ նորից անահտական տոն է ու  գցված սերմերի բերքահԱվաքի օրն է։ 

Իսկ թե ինչպես են վերաբերում հեթանոսներին, քուրմի պատասխանը միանշանակ չէ, կան մարդիկ, ովքեր նորմալ են վերաբերում, բայց և թիրախավորվելուց էլ զերծ չեն մնում․ 

«Հեթանոսությունը մեր ծննդականն է,  ինձ համար կապ չունի ինչ կրոնական պատկանելիություն ունի մեր հայը, ես հարգում եմ բոլորին, իսկ քրիստոնյա  կրոնավորները ասում են, ով  առաքելական եկեղեցու անդամ չէ, հայ չէ։ Սխալ մոտեցում է, ոչ միայն մեՐ նկատմամբ, այլ համշենահայերի, կաթոլիկ հայերի  և  այլ դավանանքի  մյուս հայերի համար, որոնք մեծ հայչենասերներ են ու առաքելական եկեղեցու հետևորդ չեն ու չեն եղել»,-խոսքը եզրափակում է քուրմ Գագիկը։ 

Հայկյան Միաբանություն

Այս միաբանությունը սոցհարթակում հանդես է գալիս մեծամասամբ որպես արևորդիներ-բարեպաշտներ, «ԱՐԱՄԱԳԻ» Հայկյան Հնագույն Մոգաց Դպրոց-Միաբանություն, հայկազուններ, հայկյան որդիներ։ 

Հիմնադրվել է 7 տարի առաջ՝ քուրմ Միհր Հայկազունը և քուրմ Հարութ Առաքելյանը։ Գրանցված են որպես  հասարակական կազմակերպություն,  թե քանի անդամ ունեն, գաղտնի են պահում։ Բավական զգայուն բոլոր բառերի նկատմամբ, աստված բառ չեն ընդունում, հեթանոս բառը համարում վիրավորական․ յուրովի թարգմանում ու մեկնաբանում դիցարանը։ 

Բնությունը նրանց  համար տաճար է, և հավատ են ընծայում  ազգային հավատամքին, որոնք հիմնված են  հստակ ազգի աշխարհայացքի ու արժեհամակարգի վրա: 

«Մենք Հայերս լինելով հնագույն ազգ, ունենք մեր ազգային հավատամքը, որը կոչվում է Հայկյան Սրբազան ուսմունք, որի կրողները կոչվում են Հայ, Հայկազուն կամ Արեւորդի:

Հայկյան հավատամքն որպես հնագույն ուսմունք, ունի իր գիտական՝ Մոգական դպրոցը, որը կոչվում է ԱՐԱՄԱԳԻ»-պարզաբանում է Քուրմ Հարութ Առաքելյանը:

Քուրմ Հարութը Հայաստան է եկել 20 տարի առաջ, իր խոսքերով, իր նախնիները  դեռ 2000 տարի առաջ եղել են քրմական տոհմ,  Հայաստանում քրիստոնյաները հալածել են ու ընտանիքը գնացել է Պարսկաստան։ Հետագայում վերադարձել է ու քուրմ Միհրի հետ ստեղծել է այս միաբանությունը։ 

Կազմակերպությունը կրոնական չէ, իրենց կրոնական դոգմաների հետևորդ չեն համարում, սակայն սա չի խանգարում, որ իրենք իրենց  կոչեն քրմեր։ Ըստ իրենց միաբանության քուրմը՝ ուսմունքի առաջնորդն է, ուսմունքի դասավանդողն է, իսկ Հր․ Աճառյանի բառարանում քուրմ բառի մեկնաբանությունը՝ «հեթանոս քահանա», աբսուրդ են համարում, քրմական գաղտնիքներով կիսվելն էլ ավելորդ։   

«Սա մեզ համար ուսմունք է, իսկ հեթանոս բառը քրիստոնյանների տված պիտակն է, մենք հայ ենք։ Հեթանոս, կոպիտ ասած, եկեղեցին է պիտակավորել այն հայերին, որոնք քրիստոնյա չէին դառնում, հեթանոս-էթնոս անվանում էին այն հայերն էին, որ  գյուղում  են մնացել, հեռու  քրիստոնեական թոհ ու բոհից, եւ իրենց անվանած քաղաքակրթությունից։ Հայը, երբեք իրեն հունարենով չի կոչել հեթանոս»,-հայկազունների ուսմունքով բացատրում է քուրմ Հարութը, ապա շարունակում, թե իրենց հավատամքում որն է գլխավոր  ու ինչ մոտեցումներ կան։ 

«Հայկյազյան հին հավատամքը  կենաց լույսի պաշտամունքն է, կենաց լույսն Արարիչն է, Արարիչի շողերին անվանում ենք դիցեր, դից նշանակում է լույս։ Արարիչի լույսը տեսնում են Արեգակի մեջ, կրակի մեջ։ Կենաց լույսը որակներ ունի և այդ որակները Վահագնի քաջությունն է, Անահիտի մայրությունն է, մյուս դիցերի որակները նույնպես Արարիչին են բնորոշում»։ 

Այսպես են մեկնաբանում իրենց հավատամքը, ի տարբերություն Արոդիների ուխտի, Գարեգին Նժդեհը մարգարեության ոչ մի հատկություն չունի, այլ ընկալվում է որպես քաղաքական գործիչ, զորավար։ Իսկ իրենց ուսմունքի, մոգական դպրոցի մասին տեղեկությունները մեկնաբանում են յուրովի, քրմական օրենքներով ապացուցված ու խիստ ճշմարիտ, այդ ամենին կարելի է ծանոթանալ համացանցում կամ օնլայն քննարկումների ժամանակ։

Արարչի հետ կապ ունենալու համար, պարտադիր չէ լինել որևէ կազմակերպության անդամ

Վահե Լորենցը իրեն համարում է հեթանոս, պատանի հասակում որպես քրիստոնյա հավատացյալ ցանկացել է նույնիսկ ճեմարանի սան դառնալ, հետո ամեն ինչ փոխվում է,  երբ Աստվածաշունչը սկսում է կարդալ այլ տեսանկյունից, չի գտնում իր հարցերի պատասխանը ու հանգում է այն եզրակակացությանը, որ քրիստոնեական օրենքը չի  խրախուսում զարգացումն ու արարումը, այլ հակառակը՝ կաղապարում է։ Սկսում է փնտրել հայի ինքնությունն ու դավանանքը և այն տանում է նախաքրիստոեանական շրջան ու բնապաշտություն, որտեղ չկան արգելող տաբուներ։ 

«Հայոց դավանանքը  ճանապարհ է ազգային ինքնության վերադառնալուն,  դիցերը մեր ազգային սիմվոլներն են։ Հայերը Անահիտին նվիրված շատ տոնակատարություններ են ունեցել. Գլխավորը Զատիկն է: Մայր դիցուհին պտղաբերության, ծնունդի տիրուհին էր, նրա խորհրդանիշը հատիկն էր: Եվ զատիկ բառն առաջացել է հատիկից՝ զՀատիկ… Անահիտի խորհրդանիշներն էին Հազարան հավքը՝ սիրամարգը, որի փետուրների նմանությամբ բազմագույն ներկում էին զատկական ձվերը: Ավանդության համաձայն, մի ժամանակ Մասիսի գագաթին բույն է դրել Հազարան հավքը, որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատյան աշխարհով, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա»,-ասում է Վահե Լորենցը, ապա պատասխանում է, թե այս ամենը իր համար կրո՞ն է, թե՞․․․

 

«Հեթանոսությունը ազգայնականություն է, ազգայինի ճանաչողությունն է, տանում է  դեպի տիեզերաճանաչություն։ Այն ինձ համար կրոն չէ, արժեհամակարգ է։ 24 տարեկան էի,  ՀՀ-ում միակ հեթանոսական կազմակերպությունը «Արորդիների  ուխտ»-ն էր, իրենց անդամակցել եմ։ Խնդիրը  այն է, որ պառակտված են, ստեղծվել են այլ կազմակերպություններ ևս ու իրար հետ լեզու չեն գտնում, քամահրական վերաբերմունք ունեն  միմյանց նկատմամբ, որը այնքան էլ ճիշտ չեմ համարում։ 

Ես հասկացա, որ Արարչի հետ կապ ունենալու համար, պարտադիր չէ, որ լինես, որևէ կրոնական կազմակերպության անդամ։ Լուրջ հակասություններ չեն եղել, կան որոշ ծիսակարգեր, որոնց  դեմ եմ,  օրինակ՝ նշում են Վահանգնի ծնունդ, նորմալ է, բայց, ասենք 9957 տարեթիվը,  որը ինձ համար  տրամաբանությունից զուրկ ճշգրտություն է, գիտականորեն չհիմնավորված, ես էլ չեմ կարող լինել այդտեղ, որտեղ կան հակասություններ ու տրամաբանություն չեմ գտնում»,-հավելում է Վահե Լորենցը։   

Վահե Լորենցի տուրիստական ընկերությունը  զբոսաշրջիկներին ուղեկցում է Իրան՝ Անահիտի տաճար,  Արևմտյան Հայաստան և այլ ուղղություններով։ Չի թաքցնում, որ հեթանոս է, ինչը ոչ միանշանակ են ընդունում՝ ագրեսիվ վերաբերմունք, խեթ հայացքներ ու համագործակցության դադարեցում։ 

«Մենակ ինձ չի վերաբերում ագրեսիվ վերաբերմունքը, ընդհանուր  արժեհամակարգին։ Անահիտ դիցուհու  արձանը բերելու հետ կապված ինչքան ատելություն կար սոցցանցերում, ազգային մշակույթի հանդեպ ոխակալությունը անսահման էր։ Մեր հարևան  պարսիկները, որ մահմեդական հետևորդ են, ավելի հանդուրժող են զրահդաշտների, հեթանոսների նկատմամբ, քան մեր քրիստոնյա հավատացյալները»,-նշում է Լորենցը։    

Հեթանոսական  դարաշրջանից քիչ տեղեկություններ են պահպանվել, ըստ հեթանոսների եկեղեցու դերը այդ հարցում մեծ է եղել, Գրիգոր Լուսավորիչի նկատմամբ վերաբերմունքն էլ դրական անվանել չի կարելի։ Մատնանշում են պարթև լինելը, հայ արքայասպան Անագի որդին, որի տոհմը հայոց թագավորի վրեժով ջնջվում է և միայն փրկված Գրիգորն է հետագայում հաստատվում Հայաստանում։  Արդյոք նա եկել էր քրիստոնեություն տարածելու, թե՞ ողջ հայ ազգից իր տոհմի վրեժը լուծել։ Այն դաժանությամբ, ինչպես հայ ազգի մոտ է ընդունվել քրիստոնեությունը, երբ պահպանվել է ընդամենը մեկ տաճար, մտածելու և ոչ բացասական վերաբերմունքի տեղիք է տալիս հեթանոսների մոտ։  

Նախաքրիստոնեական հավատքն ու դիցերը նորից «արթնացել են» 19-րդ դարի վերջում Դանիել Վարուժանի, Սիամանթոյի երկերի ծնունդով, հետագայում Գարեգին Նժդեհի  ցեղակրոնության գաղափարախոսությամբ։ Խորհրդային տարիներին ամեն ինչ ճնշվել է, սակայն հետխորհրդային շրջանում նորից ակտիվացել է ու շարունակելու է զարգանալ, այս կարծիքին են արևորդիները, արորդիները ու այդ հավատքի ու գաղափարախոսության հետևորդները։ 

Որոշ կազմակերպությունների անդամակցած կամ  իրենց հեթանոս համարող հայերի թիվը   ըստ կազմակերպությունների ու անհատների ավելանում է։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության 92,6 տոկոսը հետևում է Հայ Առաքելական եկեղեցուն ու ազգային կրոնին, իրենց հեթանոս են համարում շուրջ 5500-ը։ Հետաքրքրությունը դեպի նախաքրիստոեական շրջան ավելանում է ոչ թե քրիստոնեեությունից հիասթափվելու հետևանքով, այլ իրենց ազգային ինքնությունն են փնտրում ու գտնում են հեթանոսության ու բնապաշտության մեջ, այս կարծիքը կիսում են տարբեր կազմակերպությունների հետևորդները։ 

Անահիտը գիտական որոնումներում

Անահիտի մասին իմ հարցերի պատասխանը գտնել այդպես էլ չստացվեց, մեկը Անահիտին համարում է զորություն, մյուսը՝ սիմվոլ,  հաջորդը՝  Արարչի որակ ու ճառագայթ։ Ու այս բազմազանության մեջ գտնել Անահիտը հայկակա՞ն է, թե՞ պարսկական, Անահիտի ազդեցությունն ու նմանությունները այլ /հունական, հռոմեական/  դիցարաններին, բավական բարդ է ու խճճված, ընդ որում, ամեն մեկն ունի իր անքննելի բացարձակ ճշմարտությունը, որը հաճախ կարող էր չհամընկնել իմ պատկերացումներին ու իմացածին։  

Որոնումները տարան դեպի գիտական հետազոտություններ, Կ.Վ. ՄելիքՓաշայան «Անահիտ դիցուհու պաշտամունքը» աշխատություն, որտեղ Անահիտը դիցուհի է, հեղինակը նաև պարզաբանում է հայ հեթանոսության կնճռոտ հարցերը։   

Անահիտ բառի բացատրությունը պարզված չէ, այդ մասին գոյություն ունեն մի շարք կարծիքներ։ Երկար ժամանակ իշխել է այն տեսակետը, որ Անահիտ բառը հին պարսկական ծագում ունի և առաջացել է Anahita բառից, որ նշանակում է «անբիծ», «անարատ» և կազմված է an բացասականով՝ ahita «պիղծ», «կեղտոտ» արմատի հետ։

Մյուս տեսակետի հեղինակը պրոֆեսոր Ենսենն է, ըստ որի Անահիտ բառը մակաբերվում է բաբելական Anunitu աստվածուհու անունից: Մի այլ տեսակետի համաձայն, Անահիտ բառը առաջացել է Անաթու աստվածուհու անունից: Մելիք-Փաշայանը վերջին երկու տեսակետները հավանական է համարում, որովհետև թե անուններով` Անաթա, Անունիտ, և թե պաշտամունքային ինքնությամբ նրանք ավելի մոտ են մեր Անահիտին, քան պարսկական Անահիտը:

Անահիտի հայկական  ու պարսկական արտացոլանքները

Հետազոտողներ Ֆր. Վինդիշման, Հ. Գելցեր, Պ. Շտակելբերգը համարում են, որ Անահիտը ունի պարսկական ծագում, իսկ հայերը յուրացրել են։ Հայկական դիցաբանություն այս պարսկամետությունը անարձագանք չթողեցին հայ մտավորականները և նրանց մի մասը իրենց աշխատություններում չզլացան տուրք տալ վերոհիշյալ տեսակետին: Այս տեսակետի հետ համաձայն չի եղել Գ․ Ղափանցյանը, որն Անահիտի պաշտամունքը կապել է փոքրասիական Կիբելայի, Հեպիտի, Մայի և ոչ թե պարսկական Անահիտի հետ։

Մելիք-Փաշայանը մի քանի փաստարկներ է ներկայացնում, որոնք հուշում են, որ Անահիտը հայկական դիցարանում պարսակական ազդեցության հետևանք չէ։

  • Պարսկական դիցարանի մեջ գրեթե գոյություն չունեին կին աստվածներ, եթե չհաշվենք Անահիտին, վերջինս էլ օտար ծագում ուներ, այնինչ հայ դիցարանը հարուստ է` աստվածուհիներով՝ Անահիտ, Նանե, Աստղիկ, Սպանդարամետ, որոնց նշանակալից դեր էր վերագրվում։ Այս հանգամանքը մեր հեթանոսական կրոնը մոտեցնում է փոքրասիական և միջագետքյան դիցաբանությանը
  • Մեր դիցարանը հիմնված է ազգակցական սկզբունքի վրա, ինչը չի նկատվում Պարսկաստանում:
  • Մի շարք ուսումնասիրողներ ցույց են տվել, որ պարսիկները մեծ մեհյաններ չեն ունեցել, այլ կառուցել են միայն ատրուշաններ, որոնց մեջ միշտ վառ են պահել կրակը, իսկ հայ դիցերը ունեցել են մեհյաններ և լի են եղել արծաթով ու ոսկով։
  • Եթե ընդունենք, որ Անահիտը իրանական է, ապա ինչպես հաշտվել այն փաստի հետ, որ նույնանուն դիցուհիներից ավելի հնագույնը` ծագումով, դեռևս երրորդ հազարամյակում գոյություն ուներ սեմիտական աշխարհում, օրինակ՝ Անատա դիցուհին՝ Եգիպտոսում, Անունիտը՝ Ակկադիայում (Սիպպարա` քաղաքում), որոնք հոմանիշ էին Իշտար դիցուհուն և իրենց պաշտամունքով միանգամայն համանման հայկական Անահիտին:
  • Մեր Անահիտը տարբերվում է պարսկական Անահիտից: Նախ՝ վերջինս հանդես էր գալիս որպես ջրի ոգի, այնինչ մեր Անահիտը տիրակալ աստվածուհի է, ինչպես փոքրասիական մայրաստվածուհիներին, վերագրվել են բժշկական ունակություններ, վերջինս բացակայել է պարսկական Անահիտի մոտ: 

«Վերն ասածից պարզվում է, որ մեր Անահիտը պարսկական Անահիտից չի ծագում, այլ հին արևելյան ընդհանուր ծագումով հանդերձ, տեղական աստվածուհի է, նրա պաշտամունքը ձևավորվել է շատ հնում Հայասա-Ազզի երկրում, կրելով Փոքր Ասիայի ազդեցությունը: Այս միտքը հաստատվում է հենց այն փաստով, որ մեր հեթանոսական պանթեոնը գրեթե ամբողջովին կենտրոնացած է Եկեղյաց գավառում։ Եվ ճիշտ է Քրայցերը, երբ հայոց Անահիտին համարում է նախատիպ ամենայն Անահտաց», -այս եզրահանգման է գալիս Մելիք-Փաշայանը իր աշխատության մեջ։ 

 

Անահիտի պաշտամունքի վայրերի զգալի մասը գտնվում է Արևմտյան Հայաստանի տարածքում ու չեն պեղվել, հայ հնագիտության քիչ տեղեկություններ են հայտնի։ Անահիտի ոսկյա արձաններից մեկը, ինչպես հիշատակում են պատմիչները, գտնվել է Եկեղյաց գավառի Երիզա քաղաքում: Այն հափշտակել է Անտոնիոսը, սակայն հայերը նորից պատրաստել են ոսկյա արձան: Վերջինս էլ 300 տարի հետո կործանել է Տրդատը և Գրիգոր Լուսավորչը։ Երկրորդ ոսկյա արձանը գտնվում էր Աշտիշատում, նա նույնպես ընկնում է Գրիգոր Լուսավորչի ձեռքով:

Իհարկե, անահտական պաշտամունքի մյուս վայրերում նույնպես եղել են արձաններ, սակայն նրանց մասին նկարագրություններ չկան ու մեզ չեն հասել։

Միայն XIX դարի վերջին Տրապիզոնից հարավ՝ Սատաղում գտնվել է Անահիտին վերագրվող պղնձյա մի գլուխ: Գլխի հետ միասին գտնված է նաև ձեռքի մի մասը։ Գլուխը զարդարված է կլոր շրջանակով և ճոխկապով, շրջանակի վրա բացվածքը ցույց է տալիս, ինչպես ճիշտ կերպով նկատել է Էնկելմանը, որ գլուխը զարդարված է եղել թագով: Աչքերի տեղը այժմ դատարկ է, հավանաբար անցյալում ուրիշ նյութով է լցված եղել: 

 

Պտղաբերության մութ անկյունները

 

Անահիտի տաճարները ոչ միայն լի էին ոսկով, արծաթով, ստրուկներով ու տոտեմական կենդանիներով, նաև հետերիզմի դրսևորումներով, որն էլ պտղաբերության ու արգասաբերության պաշտամունքի մաս է կազմել։ Այս մասին կարծիքները տարբեր են, որոշ հետազոտողներ նշում են, որ անկանոն սեռական խմբամուսնությունները՝ հետերիզմը բնորոշ է եղել նաև Անահիտի տաճարներին, մյուս մասն այս տեսակետը  հերքում է, նշելով, որ ոչ մի պատմիչ այդ մասին չի նշել, այն դեպքում, երբ մեր պատմիչները Եղիշեն, Բյուզանդը քրիստոնեության գովքի ու հեթանոսությունը խարազանելու համար, հաստատ կանդրադառնային այդ հարցին։ Մյուս մասն էլ նշում է, թե ամաչել են ու շրջանցել են այդ հարցը, բայց որոշ ապացույցներ գտնում են։  

Ի դեպ, հենց այս ամենը նաև այսօր են օգտագործվում  հեթանոսների դեմ, որոշ տեղեկություններ տարածելով՝ թե հիմա էլ նրանք հետևում են այդ սովորույթին։ Այս կարծիքը նաև  ձևավորել է մի միջադեպ, երբ պաշտամունքային վայրերից մեկում ֆիլմ է նկարահանվել մերկ աղջկա մասնակցությամբ ու որոշ դրվագներով։ 

 

Մեհյաններում սպասարկող հոգևորականները կոչվում էին քրմեր, իսկ նրանց հոգևոր ղեկավարը քրմապետ: Հեթանոս Հայաստանում քրմությունը կազմում էր մեծ դաս։ Ըստ Ստրաբոնի, հայերն Անահիտ աստվածուհուն նվիրում էին բազմաթիվ կին և տղամարդ ստրուկներ, որոնցով լիքն էին մեհյանները, և որոնք կոչվում էին տաճարական ստրուկներ։ Բացի նրանցից, անահտական մեհյաններին էին պատկանում շատ դաստակերտներ, գյուղեր, ավաններ, բազմաթիվ հողամասեր, անտառներ և այլն:

Գլխավոր քուրմը թագավորից հետո համարվում էր երկրորդ դեմքը երկրում և ինչպես ճիշտ կերպով նկարագրել է Ստրաբոնը, մեծամասամբ թագավորը և գլխավոր քուրմը մի տոհմից էին լինում: Դեռ ավելին, պրոֆեսոր` Ստ. Լիսիցյանը` իր «Տիգրան Մեծն ըստ դրամների» աշխատության մեջ ապացուցում է, որ Տիգրան Մեծը միաժամանակ և քրմապետ էր, ու ցանկացել է կրոնական բարեախումներ անել՝ հայկական դիցերի անուններին կից նաև հունական տարբերակն է նշվել։

 

Ոսկեմայր-Տիրամայր

 

Քրիստոնեության հաստատումով անահտական պաշտամունքը չանէացավ, նա շարունակեց գոյություն ունենալ նոր անվան տակ: Անահիտը վերափոխվեց Մարիամ Աստվածածնի, իսկ վերջինս իր մեջ ամփոփեց Անահիտի պաշտամունքի գրեթե բոլոր գծերը: Պատահական չէ, որ անահտական մեհյանների կործանումից հետո, հենց նրանց ավերակների վրա բարձրացան Մարիամ Աստվածածնի եկեղեցիները: Անահտական տոները շարունակվեցին նույն եկեղեցիների շուրջը և անգամ նույն օրերը, բայց արդեն կոչվում էին Աստվածածնի անունով: Այսպիսով, Աստվածածինը հանդիսանում է Անահիտի ժառանգորդը, հետևաբար վերջինիս վերապրուկները պետք է որոնել Մարիամ Աստվածածնի պաշտամունքի մեջ:

Ղ. Ալիշանը այդ առնչությամբ գրում է. «Ինչ զարմանալի փոփոխութիւն և աննման յարմարութիւն։ Աստղական և Անահտայ ոսկեծղի, ոսկեձոյլ, ոսկիամայր անդրեաց տեղ, փայտեայ խոշոր անշուք պատկեր մը, բայց կերպարանածը անոցմէ մեծ, աստուածային Իսկուհւոյ մը, ոչ քեռ և դստեր կամ կնօջ դից, այլ մօր աստուծոյ, և անամուսին մօր. որ է ըսել կին և կոյս միով բանիւ կուսամայր. հրաշալի բան բոլոր հեթանոսաց իմաստութենէն վեր. որք Աստղկայ և Անահտայ նման մենասէր կոյսեր առին իրենց շնորհացը համար դարձուցին ՚ի բոզ և ՚ի բովը կանայս»: 

Ոչ մի սրբի, նույնիսկ Քրիստոսի համար, այնքան սրբատեղիներ չեն եղել, այնքան տոներ, ուխտագնացություններ չեն արվել, որքան Մարիամ Աստվածածնի: Հայկական տոնացույցում նրան նվիրված հինգ տոն կա։ 

 

Ու այս ամենը իմանալով, երբ ընդունում ենք Տիգրան Մեծին, բայց չենք ընդունում, որ նա այդ դարաշրջանից էր ու դիցերի պաշտամունքը ղեկավարող քրմապետը, երբ մեր ազգագրության մեջ կան Անահիտին նվիրված տարբեր սովորույթներ, երգեր, օրորներ ու ձոներ, նույնիսկ սնահավատության քողի տակ,դեռ կիրառվող տարրեր են պահպանվել, ի վերջո, Անահիտը և նախաքրիստոնեական շրջանը մեր պատմության մաս են՝ իր լավ ու վատ կողմերով, ինչո՞ւ ենք այն բացառում ու երբեմն ատելությամբ խոսում, սակայն գնալով այլ երկրներ, նախաքրիստոնեական շրջանի պահպանված տաճարներով հիանում։

Այս երկակիությունը ես այդպես էլ չեմ հասկանում։ Ու կարևոր չէ, իմ անունը Անահիտ է, թե Մարիամ, երկուսն էլ իմ արժեհամակարգում անհարմարության, բացառության զգացում չեն առաջացնում։

Անահիտ Հարությունյան

Լուսանկարները՝ ՀՀ Պատմության թանգարանի, «Արորդիների ուխտ» ու «Հայկյան Միաբանություն» կազմակերպությունների ֆեյսբուքյան էջից