www.nizak.media
հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում
ԿարդաԼիքը

Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում (II մաս)

2020թ. պատերազմի ընթացքում երկու կողմն էլ փորձում էր չխոսել այդ թեմայով, պահպանել որոշակի հեռավորություն միմյանցից։ Սակայն երբեմն որոշ ճշտված ու չճշտված լուրերը խախտում էին այդ հարաբերական անդորրը։ Օրինակ՝ լուրը, որ հայերը Վրաստանի տարածքով զենք են տանում, ու ադրբեջանցիները փակում էին Հայաստան տանող ճանապարհը։

Հոդվածի առաջին մասում ներկայացրել ենք, թե ինչ կրթական ու սոցիալական խնդիրներ են իրար հետ կիսում  Վրաստանի հայերն ու ադրբեջանցիները։

Պատերազմից առաջ ու հետո ի՞նչը փոխվեց, ինչպե՞ս փորձեցին հաղթահարել պատերազմը, լարվածությունը, ցավը։ Այս մասին փորձեցինք խոսել հայ և ադրբեջանցի գյուղացիների ու  հասարակական գործիչների հետ։

Տիկին Գայանեն ապրում է Սամցխե Ջավախեթիի գյուղերից մեկում։ 2020 թվականին, չի հիշում այնպիսի դեպք, որ լուրջ վեճերի ու կոնֆլիկտի պատճառ հանդիսանար հայերի ու ադրբեջանցիների միջև։

-Պատերազմի ընթացքում հարաբերությունները սրվում են անկախ քեզանից։ Մեր առևտուրը անմիջապես թուրքերի ու ադրբեջանցիների հետ է, նրանք մեր անասուններն են գնում, մենք իրենցից միրգ-բանջարեղենը։ Պատերազմի ընթացքում նրանք սկսեցին քիչ գալ մեր գյուղեր,-ասում է տիկին Գայանեն։

-Հասկանում ես, որ իրենք էլ մեզ նման ծանր կյանքով ապրող մարդիկ են, բայց մի պահ է գալիս, որ պատերազմը իր հետքը թողնում է։ Հայաստանում ապրող մեր բարեկամի տղան Արցախում էր կռվում, պատերազմի ամբողջ ընթացքում շատ ծանր օրեր էին,-հավելում է տիկին Գայանեն։

Ջեհմուն Մահմեդովը եւ Գուլիա Մահմեդովան մրգեր են վաճառում հայկական գյուղերում։
-Մեր բիզնեսը որոշ չափով տուժել է կորոնավիրուսի պատճառով, հետո էլ պատերազմը։ Իսկ ինչ վերաբերվում է պատերազմին՝ մենք դրանում ոչ մի մեղք չունենք, ո՛չ Վրաստանի հայերը, ո՛չ էլ ադրբեջանցիները: Պետք է բոլորը խաղաղ ապրեն, մեզանից մենակ դա է պահանջվում: Եթե կռվեն դրանից ոչ մի օգուտ չի լինի, միայն կտառապենք եւ կտուժենք,-ասում է Գուլիան։

«Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն  Զաուր Խալիլովը (ադրբեջանցի) ենթադրել է, որ լինելու են ավելի շատ բախումներ․ 

-Երկու կողմում էլ մարդիկ ավելի  հավասարակշռված պահվածք դրսևորեցին,  նրանք կարողացան այդ հույզերը, լարվածությունը հաղթահարել։ Պատերազմի հոգեբանական վերքերը ահավոր են երկու կողմում էլ։ Մարդիկ խելացի գտնվեցին իրենց հարաբերություններում։ Իսկ այս հակամարտության մեջ ամենամեծ վնասը հասցրել են քաղաքական գործիչները, որ այդ կոնֆլիկտը  փոխանցեցին մեր երիտասարդներին։

«Բազմազգ Վրաստան» կազմակերպությունը գործում է Թբիլիսիում, գործադիր տնօրեն Արնոլդ Ստեփանյանն էլ իր դիտարկումներով է կիսվում․ 

-Ամեն մեկը իր պատմական հայրենիքն էր պաշտպանում, ինչը շատ տրամաբանական էր։ Պատերազմի ժամանակ նրանց հասնում էր Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի տեղեկատվությունը, ամեն մեկը իր չափով սրում էր իրավիճակը։  Ակտիվ բախումներ չեն եղել, 6-7 թեթև բախումներ են եղել։ Հիշում եմ, որ հայկական կամ թուրքական  պետահամարանիշներով մեքենաններ էին տեսել հայկական կամ ադրբեջանական գյուղերում, բայց այն չծավալվեց։ Հարկ եմ համարում նշել, որ Վրաստանի իշխանությունն  էլ պատերազմի ընթացքում  երկաթյա բռունցքով պահում էր  իրավիճակը։

 

Պատերազմից հետո, ոչ անմիջապես, բայց հարաբերությունները սկսել են  հարթել։ Միայն թե դերերն են փոխվել։ Եթե մինչ 2020 թվականը հայերն էին  հաղթողի դերում, հիմա՝  ադրբեջանցիները։ 

Այս հարցում մեծ  տեղական մեդիաների դերը։ Տարիների ընթացքում և՛ հայկական, և՛ ադրբեջանական  համայնքներում  ստեղծվեցին տարբեր լրատվամիջոցներ՝ ռադիո, հեռուստատեսություն, օնլայն լրատվական կայքեր, որոնք լուսաբանում են տեղական խնդիրները։ Թեև պատերազմի ընթացքում երկու կողմն էլ հետևում էր  իր պատմական հայրենիքի՝ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվությանը, սակայն  վրացական կողմը հետևում էր, որ ատելության խոսքը բացառվի  էթնիկ ազգերի միջև։ 

Ինչքան էլ  տեղական մեդիան փորձում է զարգանալ ու ընդգրկել տարբեր ոլորտներ, բայց նկատելի է ռուսական ինֆորմացիոն հոսքերի ազդեցությունը։ 

Սամցխե-Ջավախեթիում լիցենզավորված NOR Radio /Նինոցմինդայի  հանրային ռադիո/ 2014թ-ից լուսաբանում է տեղի խնդիրները։ Ռադիոկայանի տնօրեն Արարատ Թթթյանը ներկայացնում է, թե ինչ տեղեկատվական հոսքեր կան, ինչ են լսում, կարդում վիրահայերը.

 

-Այստեղ բոլորը ունեն արբանյակային ալեհավաքներ ու դիտում են ռուսական հեռուստալիքներ։ Սա նաև պայմանավորված է, նրանով, որ հատկապես գյուղերում, ամեն մի  ընտանիք  Ռուսաստանում աշխատող հարազատ ունի, իրենց հետաքրքիր է ինչ է կատարվում այնտեղ, նրանց էլ հետաքրքիր է ինչ է կատարվում այստեղ։ Մեր ռադիոկայանի լսարանի մեծ մասը Վրաստանն է, Հայաստանը, ապա Ռուսաստան։ Ռուսական պրոպագանդան ու ապատեղեկատվությունը շատ է, մենք էլ հետևում ենք,  տեղական լրատվականներով ստուգում ենք ինֆորմացիան ու  ճշմարտությունը ներկայացնում մեր լսարանին։

Նույն գործառույթը իրականացնում են նաև ադրբեջանական  տեղի լրատվականները։ 

Հաշտության պայմանագիրն ու հեռվից դիտարկումները

44-օրյա պատերազմից հետո հաշտության պայմանագիրը  Հայաստանի ու Ադրբեջանի  եւ միջնորդ պետությունների առաջարկներով  քննարկում են, բայց փոխադարձ համաձայնության ու  վերջնական լուծում գտնելու հարցում հապաղում են։ 

-Ես ուզում եմ հաշտության պայմանագիր լինի։ Հա էստեղ հաշտ ենք, բայց վերքը շատ թարմ է։ Իմ կարծիքով առաջիկա մի քանի տարի հնարավոր չէ,-ասում է տիկին Գայանեն։ 

  -Պատերազմը ինձ համար մահ է, ինչի համար է այդ արյունահեղությունը,  միթե չեն կարող հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Ինչքան կարելի է  այսպես շարունակել,-ասում է ազգությամբ ադրբեջանցի  72-ամյա Նուրադին Ահմեդովը։ 

-Շատ դժվար է ամեն անգամ լարված իրավիճակում լինել, պահ է գալիս, որ հասկանում ես, որ պետք է համաձայնության գան, բայց ոչ այնպես ինչպես հիմա է,  ադրբեջանական  ագրեսիան նկատելի է։ Բայց էդ կռվի վերջ պետք է գա, եթե հստակ ընդունեն պայմանները երկու կողմն էլ։ Ինչքան կարող են  մարդիկ մահանալ, ինչքան կարող է այս ցավը շարունակվել, -ասում է ՆՈՐ ռադիոյի տնօերն Արարատ Թթյանը։

-Մենք չէ, որ պետք է որոշենք, սա իմ տարածքն է, սա քո տարածքն է, կան կառավարություններ ու պատմաբաններ, թող որոշեն։ Մենք այստեղ կողք կողքի ապրում ենք, կուզենայինք, որ այնտեղ էլ հաշտ լինեին,-նշում է ազգությամբ ադրբեջանցի Ջեհմուն Մահմեդովը։

Այս կարծիքն են հայտնում հիմնականում մեծահասակաները, երիտասարադները այս հարցում մի փոքր այլ վերաբերմունք ունեն ու ոչ բոլորն են  միակարծիք։  “Բազմազգ Վրաստան” կազմակերպության ղեկավար Արնոլդ Ստեփանյանը ևս փաստում է, որ երիտասարդ սերունդը այլ կերպ է դիտարկում հարաբերությունները․ 

-Մարդիկ, ովքեր ավելի մեծ տարիքի են,   հիշում են լավը, ու նրանցից շատերի համար ի սկզանե չէին ընդունում այս պատերազմը, կարծում էին աբսուրդ ու անհասկանալի էր։ Հետո իրենք են ասում, որ հայերի հետ ավելի հեշտ է համաձայնության գալ, քան մյուս ազգերի, շատ արագ են  ընդհանուր լեզու գտնում։ Ես երիտասարդների մասին չեմ ասում, որովհետև  թունավորված են երկու կողմում էլ։  Ոչ թե հիմա, այլ երևի վերջին 15-20 տարիներին։ 

-Տարեցները ապրել են իրար հետ, երիտասարդները, ցավոք, չունեն այդ  փորձը։  Թշնամու կերպարը  այնպիսի գերդոզավորմամբ են տվել, որ մարդիկ  այլևս հարց չեն տալիս․  «Միթե  բոլորն են այդպես վատը»։ Եթե մենք նայենք Ֆրասիայի ու Գերմանիայի  պատմությունը, ապա հայերի ու ադրբեջանցիների խնդիրները  շատ  քիչ են, բայց նրանք կարողացել են հաղթահարել այդ լարվածությունը,-նշում է Զաուր Խալիլովը։

Նա քաջատեղյակ է խաղաղության պայմանագրի տարբեր փուլերին, պայմաններին ու առաջարկվող տարբեր ձևաչափերին, կարծում է, որ այս հարցում շատ կարևոր է հենց Հայաստանում ու Ադրբեջանում ապրող քաղաքացիների կարծիքը, նրանք պետք է լուծեն առաջացած հարցերը։

-Ես Երևանում հարցազրույցի ժամանակ էլ եմ նշել, որ Հայաստանը ու Ադրբեջանը պետք է հեռու մնան Վրաստանի հայերից ու ադրբեջանցիներից, որովհետև ձեր հիմարությունները փոխանցվում են մեզ։ Իսկ մենք այնտեղ ապրում ենք, ընդհանուր եզրեր գտել ենք։ Լսեցի, որ Ալիևն էլ ասում է, օգտագործենք  Վրաստանի մոդելը, որ խաղաղ ապրենք։ Ինչո՞ւ Վրաստանանինը, մինչ պատերազմը   Հայաստանն էլ Ադրբեջանն էլ ունեին այդ մոդելը ու ապրում էին, ինչու ջնջել եղածը,-խոսքն այսպես եզրափակեց  Զաուր Խալիլովը։

Թե ինչպիսին կլինի խաղաղության պայմանները, Վրաստանում հետևում են քննարկում, բայց  ամեն մի համայնք իր ներսում, հատկապես պատմական անցյալի մասին քննարկումների ժամանակ երկուսն էլ զուսպ են։ Կան գյուղեր, որտեղ  երկու էթնիկ ազգերը դուռ-դրկից են, երեխաները միասին մեծանում են, միմյանց լեզու  ու ավանդույթներ գիտեն, կան նաև խառը ամուսնություններ։ Խոսել այդ մասին չեն ուզում, ի վերջո, երրորդ երկրի տանիքը զսպում է, խաղաղեցնում ու խնդիրների դեպքում ստիպում լինել խաղաղ ու հաշտ։ Սակայն այս ամենը չխանգարեց, որ բազմաթիվ վիրահայեր շտապեին օգնելու Հայաստանին պատերազմի օրերին։ 

 

Անահիտ Հարությունյան

 

Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում (I մաս)