www.nizak.media

Սիրային գրագրությո՞ւն, թե՞ թվային բռնություն

«Եթե ինձ սիրում ես, մերկ նկարներ կուղարկե՞ս»

English version of the article

Դու ինձ չե՞ս վստահում, մենք հասուն մարդիկ ենք, դրա մեջ ինչ վատ բան կա, հետամնաց հո չենք, ես էլ իմ մերկ նկարները կարող եմ քեզ ուղարկել։ Մենք իրար ո՞նց ճանաչենք, եթե դու չես վստահում ինձ այդ փոքր հարցում»։

Լսե՞լ կամ կարդացե՞լ եք նման արտահայտություններ։ 

Իրականում, սա ոչ միայն մանիպուլյացիա է, այլ բռնություն՝ թվային հարթակում։  Նման ոչ ակնհայտ ու առաջին հայացքից անմեղ թվացող արտահայտությունները կարող են ունենալ շատ բարդ հետևանքներ, թողնել ավելի խորը վերքեր, քան ֆիզիկական բռնության ժամանակ։

Եթե գնանք դարեր առաջ, ապա մարդիկ ծանոթանում, ընկեր, բարեկամներ ու ամուսիններ էին դառնում տարբեր վայրերում հանդիպելով՝ եկեղեցում, ծանոթ բարեկամների տանը կամ խնջույքին, ռեստորաններում, ուսումնական հաստատություններում, ճանապարհորդելու ընթացքում ու ուղղակի զբոսանքի ժամանակ։  Հիմա էլ այսպես ծանոթանում են, բայց ավելի քիչ։ Ծանոթության կայքերը, հավելվածներն ու սոցցանցերը դարձել են առաջատար հարթակ իրար գտնելու հարցում։ 

Թվային տիրույթում ավելի հեշտ է. կարելի է համարձակ լինել,  չամաչել հարցերից ու պատասխաններից, թվային կյանքում ավելի քիչ ժամանակ է պահանջվում ընկերանալու համար, սրտիկները, ժպիտիկներն լրացնում են հուզական դաշտի բացը, մի քանի օր և արդեն ունես նոր հարազատ մարդ, ով հասկանում է քեզ մեկ բառից կամ մեկ նկարից։ Իսկ ամենօրյա սթորիները ներկայության պատրանք են ստեղծում, սթորիի տողատակերով ու երաժշտությամբ ինչ-որ բան հասկացնելը սովորական առօրյայի մաս  է դառնում։  

Հաճախ կարելի է լսել, թե ինչպես այս կամ այն հավելվածի կամ սոցցանցերի միջոցով մարդիկ իրար գտել են, ընկերներ դարձել, երջանիկ ընտանիք կազմել։ Սակայն ամեն դրական, ունի նաև բացասական կողմեր, կախված նրանից, թե ով ինչ է փնտրում՝ մեկը ռոմանտիկ գրագրություն ու ամուսնություն, մյուսը՝ գումար, հաջորդը՝ տարատեսակ ցանկությունների բավարարում, իսկ նա, ով դեռ վարդագույն ակնոցներով է ու վիրտուալ աշխարհում կանոններին չի հետևում, հետևանքը լինում է ոչ թե երջանիկ ամուսնությունը, այլ հոգեբանական ծանր վիճակը, կորցրած քունն ու դադարը, խոշոր գումարները և կյանքին հրաժեշտ տալու մտքերը։ 

Ի՞նչ է թվային բռնությունն ու ինչպե՞ս է այն արտահայտվում

Ժամանակի ընթացքում, տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխվում են թվային բռնության տեսակները, ինչպես նաև ձևակերպումները։  Եվրոպայի խորհուրդը այսպես է սահմանել թվային բռնությունը։ 

 

«Համակարգչային համակարգերի կիրառմամբ անհատների նկատմամբ սպառնալիքի, բռնության գործադրումը, որը հանգեցնում (կամ կարող է հանգեցնել) ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական վնաս, տառապանք, անհատին դարձնելով ավելի խոցելի ու շահագործելով այդ խոցելիության հանգամանքը»։

Թվային բռնություն, Կիբեռհանցագործություն, Կանանց բռնություն

Փորձելով համադրել տարբեր ձևակերպումներ, կարելի է ավելի պարզեցված  թվային բռնությունը  նկարագրել այսպես․ 

Թվային բռնություն է, երբ անձը փորձում է սպառնալ, վախեցնել, վերահսկել կամ վնասել մեկ այլ անձի՝ հեռախոսային ու համակարգչային հավելվածների և սոցիալական ցանցերի միջոցով:

Նման բռնությունը կարելի է հանդիպել տարբեր իրավիճակներում՝ աշխատավայրում, դպրոցում կամ համալսարանում, ծանոթությունների հավելվածներում:

Բռնարարներ  կարող են դառնալ անծանոթ կամ ծանոթ,  նույնիսկ մտերիմ մարդիկ՝ հարազատներ, զուգընկերներ կամ գործընկերներ:

«Թիրախավորվում են բոլորը՝ կին, տղամարդ, տարեց, երիտասադը, ով օգտվում է համացանցից և կիբեռանվտանգության կանոներին չի տիրապետում։

Հաճախ մարդիկ թողնում են այնպիսի հետքեր, որոնք հանցագործները հեշտությամբ որսում ու օգտագործում են։ Հանցագործները տիրապետում են մարդկային հոգեբանության, եթե  նրանք որոշում են թիրախավորել ինչ-որ մեկին,  ուսումնասիրում են սոցցանցերի  էջերը՝ գտնում են անձի խոցելի կողմերը։ 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հենց կանայք և դեռահասներն են թիրախավորվում, ընդ որում, հենց  դեռահասների մեջ, իգական սեռի դեռահասները։ Նրանց նկարները, ստատուսները, մեկնաբանությունները ուսումնասիրելով՝ տեսնում են, որ անձը ունի հոգեբանական խնդիր՝  միայնակ է, բաժանվել է, ինչ-որ ռոմանտիկ գրառումներ է անում։ Սա հանցագործի մոտ այն կանաչ լույսն է, որ կարելի է սկսել գրագրությունը։ Երբ ձևավորվում են վստահելի հարաբերություններ սկսվում են,  օրինակ՝ մերկ բնույթի լուսանկարների ուղարկումը, դրա հետ կապված տարբեր զրույցներ, կարող է լինել հանդիպում։ Եվ այսպես, հանցագործի ձեռքում կա զոհի մասին  շատ տեղեկություններ։  

Ամիսներով իրար գրել են որպես ընկերուհիներ․․․

պարզվել է մեծահասակ տղամարդ է գրում

-Դեռահասները ունեն տարբեր հետաքրքություններ:  Նրանք էլ փորձում են գտնել մարդկանց, որոնք ունեն նույն նախասիրությունները։ Սակայն միշտ չէ, որ դեռահասի հետաքրքությունները կիսողը լինում է իր տարեկիցը։ Հանցագործը ուսումնասիրում է դեռահասների հետաքրքրությունների շրջանակը, որ կարողանա խոսակցությունը շարունակական դարձնել, վստահություն ձեռք բերել,- նշում է հոգեբան Մարիետա Խուրշուդյանը։ 

Մեր զրուցակից Լիլիթի (անունը փոխված է) քրոջն է անծանոթ մեկը գրել, կիսել է ոչ միայն 16 տարեկան քույրիկի հետաքրքրություններն ու երաժշտական ճաշակը, նաև դասերն են իրար հետ պատրաստել։ Ամիսներով իրար գրել են՝ որպես երկու ընկերուհիներ, դժվար պահերին իրար օգնել։ Նկարներով փոխանակվել են, թիթիզ լուսանկարներին հաջորդել են նոր գնված ներքնաշորով նկարների փոխանակումը։ 

․․․Ու սկսվում է գրագրության նոր փուլն ու զանգերը։ Պարզվում է, որ գրում է ոչ թե դեռահաս աղջիկ, այլ հասուն տղամարդ, իսկ նկարները մեկ այլ աղջկա սոցցանցերի էջից  են վերցված, որի էջը կոտրել ու տիրացել է բոլոր լուսանկարներին։ 

Սպառնալիքները հաջորդում են միմյանց, ներքնազգեստով լուսանկարից բացի  տղամարդը կարողացել է նաև այնքան վստահություն շահել, որ դեռահասը իր սոցցանցերի  գաղտնաբառերն է տրամադրել։ 

Թե ինչպե՞ս է օգնել քույրիկը, ո՞վ է եղել հանցագործը, ծնողները իմացե՞լ են այս մասին, թե՞ ոչ՝ ձայնագրությունը  կպատասխանի այս հարցերին։ 

Թվային բռնությունն ու մանիպուլյացիաների ձևերը

Թվային բռնությունը դժվար է հայտնաբերել, զուգընկերը կարող է ճնշում գործադրել խղճահարությամբ, մեղքի զգացում առաջացնելով՝ օգտագործելով նմանատիպ մանիպուլացնող արտահայտություններ՝ «Լուրջ հարաբերություններում, մարդիկ իրարից ոչինչ չեն թաքցնում», «Եթե վստահեիր ինձ, կասեիր քո գաղտնաբառը»:

Թաքնված բռնության ձևերը ևս քիչ չեն, օրինակ հետամտումը։ Այս մասին խոսեցինք կիբեռանվտանգության մասնագետ Անահիտ Պարզյանի հետ․ 

-Առցանց հետամտումը հաճախ սխալմամբ դիտվում է որպես «հոգատարության» կամ «առնականության» դրսևորում, հատկապես գյուղերում և փոքր քաղաքներում:  Առանց անձի իմացության ծրագիր է ներբեռնվում հեռախոսի մեջ, վերահսկելով զանգերը, հաղորդագրությունները, թվային տիրույթում ակտիվությունը, GPS համակարգերով տեղորոշում են շարժը։ Սրանով վտանգում են տվյալ մարդու ազատ կյանքը։ Կնոջ մոտ առաջանում է վախ, տագնապ, անապահովության զգացում ու հանգեցնում է մեկուսացման։ Սա բռնություն է համարվում, սակայն քչերն են ծանոթ այս մեխանիզմներին, ուստի զոհի համար դժվար է բացահայտել, հայտնաբերել ծրագիրը, ջնջել, անջատել կարգավորումները։  

 Հոգեբան Սիրանուշ Դավթյանը թվային վերահսկման  մոտեցումների մասին է մատնանշում․ 

-Նոր սերնդի մեջ կան մարդիկ, որոնք կիսում են այն գաղափարը, որ վերահսկելը, հետապնդելը, հետամտելը սիրո դրսևորում է և, եթե հետաքրքրվում է, ուրեմն շատ է սիրում կամ լուրջ մտադրություններ կան։ Եվ ունենք մյուս կողմը, որ հստակ գիտեն, որ բռնություն է ու թույլ չեն տալիս, որ իրենց կամ իրենց սոցիալական հարթակը ու հեռախոսը ինչ-որ մեկը առանց իրենց համաձայնության հսկի։     

Բռնության հիմնական նպատակն է զուգընկերոջը ենթարկել և հաստատվել «գլխավորի» դերում։ Իհարկե, սա սեր չէ, սերը ավելի շատ  հոգատարություն, ուշադրություն է, քան սիրելիի մեկուսացումը ու վերահսկումը։ 

Բռնության և վերահսկողության բնորոշ տեսակներ են, երբ ձեր զուգընկերը 

Թվային բռնություն, Կիբեռհանցագործություն, Կանանց բռնություն, Մերկ լուսանկարներ, սոցցանցեր

Գիրս գաղտնի թող մնա․․․

Սոցիալական ցանցերի տարբեր խմբերում կարելի է հանդիպել անանուն գրառումների, թե ինչպես ինտիմ լուսանկարների, տեսանյութերի, հաղորդագրությունների հրապարակման սպառնալիքով տարատեսակ պահանջներ  են լինում․ 

-Հիմնականում պահանջում են գումար, եթե անգամ սեռական հարաբերություն են պահանջում, այդ պահանջը բավարարելուց հետո նորից գումար են պահանջում,-փաստում է ՀՀ քննչական կոմիտեի Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների վարչության հատուկ կարևոր գործերով քննիչ Մանուկ Կարապետյանը։ 

Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոնի սոցիալական աշխատող  Լինա Անտոնյանը մի քանի տարի է աշխատում է կազմակերպությունում, ըստ նրա, ահազանգերը թեժ գծին ոչ թե պակասել են, այլ ավելացել, ամեն անգամ զարմանում է, թե ինչ մեխանիզմներ են կիրառում ու մի փոքր վստահությունը ինչ խնդիրների կարող է հանգեցնել։․

«Մենք ունեցել  ենք դեպք, երբ բռնաբարության էր եղել, բռնարարը այդ ամենը նկարահանել էր, նաև սրան ավելացել էր կիբեռհանցագործությունը, սպառնացել էր աղջկան, որ այդ վիդեոն կտարածի, եթե չվճարի կամ չշարունակի սեռական կապը։ Իսկ եթե միայն գումարի պահանջ է լինում, սկզբից պահանջում են քիչ գումար, օրինակ 10․000 դրամ ու մտածում են, քիչ գումար է, կփոխանցեմ, ամեն ինչ  կանցնի կգնա, բայց փաստացի, այդ 10․000 դրամով ոչ մի բան չի անցնում գնում, այլ սկսվում է․․․ հետո ավելի շատ են ուզում ու շարունակվելու է անվերջ։ 

Մենք հորդորում ենք, որ տեղեկացնեն հարազատներին, պահպանեն նամակները ու ապացույցներով դիմել ոստիկանություն»։ 

Սակայն Հայաստանում Ոստիկանություն դիմելը  բավական բարդ է, հաղթահարել տարբեր կարծրատիպեր ավելի դժվար է, քան խոշոր գումար գտնել ու վճարել։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ կանայք  վարկ են վերցրել տարբեր բանկերից, որ կարողանան վճարել  հանցագործին, միայն թե չդիմեն ոստիկանություն։ 

Ամոթը, հասարակական պարսավանքը, քննադատությունը, ծնողների վերաբերմունքը, բարեկամների թիրախավորված խոսքն ու բամբասանքը  անելանելի վիճակ են ստեղծում  կանանց ու աղջիկների համար։ Չկարողանալով հաղթահարել այս պատնեշները՝ մեկը մյուսի հետևից սխալ քայլերը հաջորդում են միմյանց։  

Առցանց բռնությունը այնպիսի հանցագործություն է, որ ազդում է մարդու հոգեկան առողջության բոլոր մակարդակների վրա՝ առաջացնելով ամոթի և մեղքի զգացում, դեպրեսիա, խուճապի նոպաներ, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, կենտրոնացման հետ կապված խնդիրներ, թերաժեքության զգացում։ 

Դեռահաս աղջիկները սկսում են վախենալ, որ ծնողները չիմանան։ Սկսվում են վախեր, տագնապներ, ամոթի հուզական տարբեր դրսևորումներ։ Կարող է ոչ մեկի չասեն ու փորձեն լուծել հարցը ինքնուրույն, իսկ հետևանքը լինի սեռական բռնությունը հենց դեռահասի նկատմամբ, որն էլ մեծ տրավմա  է իր լուրջ հետևանքներով,-աշխատանքային 13 տարիների ընթացքում դեպքերի վերլուծությամբ է կիսվում հոգեբան Սիրանուշ Դավթյանը։  

Հոգեբանական աշխատանքի անցած տարիները ցույց են տվել, որ նման խնդիրներ եղել են դեռ 13 տարի առաջ, միայն թե հիմա նոր մեխանիզմներ են կիրառում վստահություն ձեռք բերելու համար, իսկ հասարակության վերաբերմոնքն էլ նույնը մնացել․ 

Ավելի շատ մեղադրում են զոհին, քան հանցագործին։ Այդ պատճառով մարդիկ սկսում են  մեկուսանալ, կարող է լինել ինքնասպանության փորձեր, կարող է կրթությունից դուրս մնան։ Դեռահասը կամ ուսանողը  նախընտրում է դպրոց չգնալ, օրերով մնալ տանը, ոչ մեկի հետ չշփվել։ 

Թվային բռնություն, Կիբեռհանցագործություն, Կանանց բռնություն, Մերկ լուսանկարներ, սոցցանցեր

Մեր ծնողները տեղյակ չեն կանխարգելման մեթոդներից։ Երեխաների հետ չեն խոսում առցանց հարթակների վտանգների մասին, միայն արգելում են, իսկ դա աշխատող գործիք չէ։ Ունեցել ենք  դեպքեր, հատկապես մամաներ, ովքեր շատ աջակցել են,  սկզբից մինչև վերջ իրենց դեռահասի կողքին են եղել, ցավոք սրտի, ունեցել ենք նաև հակառակ պատկերը, որ ծնողներն մեղադրել են իրենց երեխային։ Ունենք դեպքեր, որ ծնողը ինքը կարող է ֆիզիկական  բռնության ենթարկել՝ ծեծել դեռահասին, կարող է չափահաս լինի դուստրը  ու ծնողը բռնության ենթարկի կամ ստիպի ամուսնանալ  այն մարդու հետ, ով բռնության է ենթարկել կամ մեկուսացնի երեխային համայնքից։ 

Մանկավարժ, հոգեբան Ժենյա Այդինյանն էլ հավելում է, որ լինում են դեպքեր, երբ դեռահասները սոցիալական հարթակների տարբեր խմբերում անանուն հոգեբանական օգնություն են խնդրում, միայն թե ծնողներին չասեն

Խորհուրդ եմ տալիս ծնողին էլ ներգրավել։  Այս հարցում ծնողի աջակցությունը շատ մեծ է։ Ծնողները տարբեր են լինում իրենց ծնողավարման գործքիներով, շատ կարևոր է, որ ծնողը իմանա ու աջակից լինի։ Արժեվորում եմ նաև դպրոցներում  հոգեբանի դերն ու աշխատանքը, որ կարողանա դեռահասության շրջանում տարբեր խնդիրներ բացահայտի ու ծնող-երեխա կապը ապահովել խնդիրներ նկատելու դեպքում։  

Դիմել ոստիկանությո՞ւն, թե՞․․․

Այս հարցում մեդիափորձագետ  Սամվել Մարտիրոսյանը, այլընտրանք չի տեսնում։ 

-Ոստիկանություն անպայման պետք է դիմել, որովհետև ծավալները քանի գնում մեծանում են ու բավական մեծ գումարներ են շրջանառվում։ Այլ տարբերակ չունենք, եթե անձամբ դիմեինք Facebook-ին կամ Telegram-ին ու տրամադրեին տեղեկություն, թե ով է հանցագործը ու ինքնուրույն գտնեինք, ես կասեի, մենք կարող ենք այլընտրանքային լուծում տալ։ Բայց սա չի աշխատում, որոշ դեպքերում կարող ենք միայն report  անել, որ  կեղծ էջ է  ու բողոքների դեպքում կարող է արգելափակեն էջը, բայց մյուս  հանցագործությունների դեպքերում, այս մեխանիզմը չի աշխատում։  

Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների վստահությանը, այս հարցում ես կնշեմ, մարդկային ռեսուրսների մասին։ Եթե մենք ունենք շատ փոքր թվով  մասնագիտված ոստիկաններ  և՛ ոստիկանությունում, և՛ քննչական կոմիտեում, շատ հավանական է, այդ գործերի քննություննները պահանջեն երկար ժամանակ, ինչը դժգոհություն կառաջացնի դիմողի մոտ։ Հետո կան նաև չհամագործակցող ծրագրեր, կամ պետություններ, ասենք հանցագործը Պակիստանից է կամ Թուրքիայից է, ի՞նչ անենք։ Այս դեպքում անհրաժեշտ է կանխարգելման մեխանիզմներ մշակել։  

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների վարչության հատուկ կարևոր գործերով քննիչ Մանուկ Կարապետյանը ևս փաստում է, դիմում են, երբ վիճակը  շատ բարդացել է, այնինչ կարող էին սկզբնական փուլում դիմեին ու լուծեին խնդիրը․

Մեզ դիմում են, երբ դանակը հասել է ոսկորին, եթե որոշել է գումար տալ, արդեն տվել է, հետո նորից են պահանջել նորից է տվել, մարդիկ կան 3-4 անգամ խոշոր գումարներ են վճարել։ Ես չգիտեմ մի դեպք, որ գումարը վճարել են ու խնդիրը լուծվել է, այսինքն՝ իր վերաբերյալ տվյալները չեն հրապարակվել։ Ուստի միակ գործող տարբերակը ապացույցները հավաքել, չջնջել ոչինչ, թվային հետքերը պահպանել ու դիմել իրավապահ մարմիններին։

Չվստահելու կարծատիպը կարող է պայմանավորված լինի  “չհամագործակցող” հավելվածների հետ, ինչպիսին էր Telegram-ը,  Բայց հիմա վիճակը փոխվել է ու այն ինչ մի տարի առաջ չէր բացահայտվում, այսօր բացահայտվում է։  

Սպառնալիք, շանտաժ, շորթում, մերկ լուսանկարներ

Կատարված կիբեռհանցագործությունների միայն մի փոքր մասն է հայտնում իրավապահ մարմիններին։ Պատճառները տարբեր են՝ ոստիկանության նկատմամբ վստահության ցածր մակարդակը, բացահայտվում են դեպքերի շատ քիչ մասը, իրավապահ մարմիններում մասնագետների բացը, քննությունը երկար է տևում, որոշ ծրագրեր կամ երկրներ չեն համագործակցում Հայաստանի հետ, իսկ այս շղթայում տուժողների ու նաև հանցագործների մոտ առաջանում է անպատժելիության զգացումը։ 

Թվային բռնության հարցում դեպքերի բացահայտման ու անպատժելիության տպավորությունը վերացնելու համար  կարևոր է դիմել իրավապահներին ու լինել հետևողական։ Քանի դեռ շատ չեն դիմում, թվային տիրույթում հանցագործների ախորժակն է ուտելուց ավելանում։   

Հոդվածի հեղինակ՝  Անահիտ Հարությունյան

Թվային բռնության վերաբերյալ մասնագիտական իրենց վերլուծությամբ  կիսվում են կիբեռանվտանգության մասնագետը, փաստաբանը, մեդիափորձագետը, հոգեբանը, քննիչը։

Եվռօպա լօգօ