www.nizak.media

Խմբագրական սկզբունքները

«Նիզակ մեդիա» լրատվական հարթակի

խմբագրական սկզբունքները

 

«Նիզակ Մեդիա» առաջնորդվում է էթիկական և անկախ խմբագրական քաղաքականությամբ, նպատակ ունենալով հավասարակշռված, ճշգրիտ և անկողմնակալ տեղեկատվություն մատուցել մեր ընթերցողներին։

«Նիզակ Մեդիա» լրատվական հարթակի լրագրողները պարտավոր են իրենց աշխատանքի ընթացքում պահպանել կազմակերպության ընդունած էթիկայի կանոնները,որի հիմնական դրույթներն են․

  • բծախնդիր, անկողմնակալ մեկնաբանել  ու մատուցել տեղեկատվությունը,
  • չճնշել էական փաստերը և չխեղաթյուրել ճշմարտությունը՝ բացթողման կամ սխալ կամ ոչ պատշաճ շեշտադրմամբ,
  • թույլ չտալ, որ անձնական շահերն ու նախասիրություններն ազդեն իրենց պարտականությունների կատարման ժամանակ,
  • նորություններ, նկարներ և փաստաթղթեր ձեռք բերելու համար օգտագործել միայն արդար և ազնիվ միջոցներ:

Լրատվական հոդվածները պետք է համապատասխանեն նորությունների հաղորդման խմբագրական չափանիշներին։

Խմբագրական սկզբունքները, քաղաքականությունն ու ուղղվածությունը

         1․Անկախություն, անկողմնակալություն  և պատասխանատվություն։ Խմբագրական որոշումների վրա չպետք է ազդեն քաղաքական, առևտրային կամ անձնական շահերը:

         2.Ճշգրտություն

«Նիզակ Մեդիա»-ն հավաքում և ներկայացնում է տեղեկատվությունն ու վերլուծությունը  ըստ համապատասխան աղբյուրների, հետազոտությունների, վիճակագրական տվյալների կամ անձնական փորձի վրա հիմնված՝ այդ ամենը հավասարակշռված ու ամբողջական խնդրի բացահայտմամբ։

Փաստերը պետք է լինեն ճշգրիտ և ներկայացվեն համատեքստում, այլ ոչ թե այնպես, որ կարող են մոլորեցնել ընթերցողներին:

Այն դեպքում, երբ «Նիզակ Մեդիա»-ն հայտնաբերում է փաստացի սխալ կամ ապակողմնորոշող բովանդակություն, որը հրապարակվել է, այն պետք է անհապաղ ուղղվի: Այդ ուղղումը պետք է հստակ նշված լինի բովանդակության մեջ։

            3․Ամբողջականություն

            «Նիզակ Մեդիա»-ն նպատակ ունի պատմել պատմություններ, որոնք ոչ միայն ճշգրիտ են նեղ իմաստով, այլ ներկայացնում են հնարավորինս ամբողջական  համայնապատկերը:

     4․Ներառականություն

            «Նիզակ Մեդիա»-ի առաքելությունն է ստեղծել տվյալների վրա հիմնված լրատվություն ու վերլուծություն, լսարանին առավել հասանելի տարբերակներով։

  1. Անաչառություն և տեսակետների բազմազանություն

«Նիզակ Մեդիա»-ն փորձելու է ներկայացնել  լսարանին հուզող տարբեր խնդիրներ՝  տեսակետների բազմազանությամբ,  հավասարակշռված և օբյեկտիվությամբ:

Լսարանին մտքի կամ համոզմունքի որևէ էական ուղղություն չպետք է գիտակցաբար բացառվի կամ անհամաչափ ներկայացվի:

«Նիզակ Մեդիա»-ն հավատարիմ է հիմնարար ժողովրդավարական սկզբունքներին, ներառյալ օրենքի գերակայությունը, խոսքի և կրոնի ազատությունը, հավասարությունը:

  1. Արդար և ազնիվ գործունեություն

Արդար և ազնիվ գործունեությունը կարևոր է լսարանի և գործընկերների հետ վստահությունը պահպանելու հարցում:

Այն դեպքերում, երբ մեղադրանքներ են հնչում որևէ անձի կամ կազմակերպության մասին, նրանց պետք է պատասխան տալու արդար հնարավորություն տրվի:

Աղբյուրները պետք է միշտ պաշտպանվեն: Լրագրողները չպետք է բացահայտեն իրենց աղբյուրները, հատկապես, երբ աղբյուրի ինքնության բացահայտումը կարող է վնասել նրանց:

  1. Տեղեկատվության մատուցման տարբերակները

«Նիզակ Մեդիա»-յի նպատակն է հասնել նրան, որ լսարանը այս հարթակում կարողանա դիտել, խոսել, լսել, կարդալ ու կիսվել։ Ըստ այդմ ձևաչափը հարստանալու է, որ լսարանը ավելի մոտ լինի լրատվականին ու լրատվականը ավելի մոտ լսրանին։

            «Նիզակ Մեդիա»-ն համատեղում է տվյալները, լուսանկարները, վիզուալիզացիաները, հաշվետվությունները և տեսալսողական տարբեր գործիքները՝ ներկայացնելու յուրօրինակ պատմություններ։

  1. Վնաս և վիրավորանք

«Նիզակ Մեդիա»-ն արտադրում է բովանդակության լայն շրջանակ, որի նպատակն է ճշգրիտ արտացոլել մեր երկրի նորությունները, խնդիրները և հետաքրքրությունները, ստեղծել ակտիվ հանրային բանավեճ:

Բռնության, ողբերգությական դեպքերին կամ տրավմաներին պետք է  մոտենալ նրբանկատ, չստիպել լրացուցիչ վերապրել, անհարկի ցավ պատճառել, հաշվի առնել մարդու հոգեվիճակը, միջավայրի ընկալումներն ու արձագանքը հարցին կամ դեպքին։

«Նիզակ Մեդիա»-ն պարտավորվում է խուսափել կարծրատիպերի կամ խտրական բովանդակության անհիմն օգտագործումից ու տարածումից, չարդարացնելով կամ չքարկոծելով որևէ նախապաշարմունք ու կարծրատիպ։

  1. Հանրության մասնակցությունն ու կապը

«Նիզակ Մեդիա»-ն բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում անհատներին և կազմակերպություններին ներգրավվելու մեր հարթակներում:

«Նիզակ Մեդիա»-ն ընդունում է, որ սոցիալական և քաղաքական գործունեությունը, ներառյալ բուռն բանավեճերը, առողջ ժողովրդավարական համայնքի անհրաժեշտ և ցանկալի կողմն են։

  1. Բողոքների քննարկում

«Նիզակ Մեդիա»-ն շատ լուրջ է վերաբերվում ընթերցողների ցանկացած բողոքին: Բողոքներն առաջին հերթին պետք է ներկայացվեն պատասխանատու լրագրողին: Եթե լսարանի անդամը դժգոհ է արդյունքից, բողոքը պետք է ուղարկվի խմբի խմբագրին: