www.nizak.media
Ակնալիճ, Aknalich
ԿարդաԼիքը

Ճահճացող Ակնա լիճն ու թամանյանական պոմպակայանը

Ճանապարհ դեպի Ակնա լիճ․․․

Գնալուց առաջ մի քիչ տեղեկություններ փնտրելով, գտնում ես հետևյալը․ «Ակնա լիճը, Հայաստանի ամենացածրադիր լիճն է, որը սնվում է ստորերկրյա ջրերով, ունի սառը, պարզ և շատ անուշահամ ջուր: Ենթադրվում է, որ Ակնա /Այղր/ լիճը Արաքսի հին հունի մի հատվածն է։ Լիճն ամբողջովին շրջապատված է կաղնու և բարդու անտառով»:

Ակնկալում ես, որ տեսնելու ես մաքուր  բնական փոքրիկ անկյուն-հանգստավայր  Արմավիրի մարզում։ Բայց հասնում ես լճի մոտ ու մեկը մյուսի հետևից սկսվում են բացահայտվել խնդիրները։ Նախ Ակնա լիճը տեսնելու համար պետք է շատ մոտենալ,  լիճը օղակված է երկու մետրից բարձր եղեգներով, ինչը ճահճացման մասին է վկայում, բայց չշտապելով ենթադրություններ անել, ավելի մոտենալով՝ տեսանելի են ափերի  ծանծաղ, որոշ տեղերում ջրիմուռոտ հատվածները։

Լճին հարակից կան տարբեր ծառատեսակներ, փոքրիկ բացատներով, ծառուղիներից մեկը տարավ դեպի Ակնա լճի պոմպակայան։

IMG_6278
IMG_6280
IMG_6282
IMG_6283
IMG_6286
IMG_6310
IMG_6273
IMG_6286
IMG_6292
PlayPause
previous arrow
next arrow
IMG_6278
IMG_6280
IMG_6282
IMG_6283
IMG_6286
IMG_6310
IMG_6273
IMG_6286
IMG_6292
previous arrow
next arrow
Shadow

Ֆիլմերի նկարահանման անկյունն ու լեգենդները

Դեպի պոմպակայան գնալիս ակնկալում էի տեսնել բետոնյա կառույց՝ խողովակներով, բայց իրականում ծառուղին ավարտվում է ու տեսնում ես մի շինություն, որը կարծես փաթաթված լինի ծառերով,  մեծ պատուհաններով, տաշված բազալտե քարերով շինություն։

Այս տեսարանը գրավիչ է ռեժիսորների համար ու այժմ էլ նկարահանում են ֆիլմերի ու տեսահոլովակների որոշ դրվագներ։ Հարակից կան քայքայված աստիճանավանդակներ ու հուշում են, որ, երևի, լքված հանգստյան գոտի  է։ Բայց՝ ոչ, գրեթե 100-ամյա պոմպակայանն է։ Կառույցի հեղինակն էլ Ալեքսանդր Թամանյանը։

Ակնա լիճ, պոմպակայան

Ակնա /Այղր/ լճի ջրհան կայանը նախագծվել է 1925-ին, կառուցվել է 1926 թվականին (այն ժամանակ ԽՍՀՄ-ում առաջին խոշոր մեխ․ տեղակայանքը): Ենթադրվում է, որ բացման արարողությանն այցելել նաև Եղիշե Չարենցը, Մարտիրոս Սարյանը և Ռոմանոս Մելիքյանը, այդ մասին է վկայում պահպանված մի վավերագիր, այդ հիշարժան պահը արձանագրել են Չարենցը՝ խոսքերով, Սարյանը՝ Արագածի լանջին պոմպակայանի մատիտանկարով, Մելիքյանը՝ նոտաներով: 

 

Ակնա լիճ, նիզակ մեդիա

Արագածի հետ  կապը պատահական չէ, հենց պոմպակայանի տակ գտնվում են բնական աղբյուրներ, որոնք նույնպես սնում են լիճը ջրով։ Կա մի լեգենդ, որ այդ ջուրը գալիս է Արագածից։ Մի անգամ հովիվը այծի ետևից նետում է գավազանը, ընկնում է Արագածի գագաթին գտնվող լճի մեջ։ Մինչև նա մոտենում է լճին՝ տեսնում է, որ գավազանն անհետացել է։ Մեկ շաբաթ անց ոչխարներին դաշտ իջեցնելիս, հովիվն իր գավազանը գտնում է Ակնա լճում։ 

Ակնալիճը սնվում է ստորգետնյա ջրերով ու այդ քաղցրահամ ջրով սնուցել է հարակից գյուղերին ոռոգման ջրով, նաև գյուղացիներից ոմանք նշում են, որ  Խորհրդային Միության տարիներին  խմելու ջուր է մատակարարել Հոկտեմբերյանին /Արմավիր/ և քաղաքի պահածոների գործարանին

 

Արխիվային լուսանկարում նկատելի է լճի մակարդակը, ջուրը գրեթե նույն մակարդակին է, ինչ պոմպակայանի շինությունը, իսկ հիմա լիճը 2 մետրից ավելի ցածր է պոմպակայանից։  

Լիճը նաև ունեցել փոքր վտակ, որը սնուցել է հարակից գյուղերը ոռոգման ջրով, այդ վտակը 8 տարի առաջ արված լուսանկարում կա, հիմա  վտակը ցամաքել է։ 

Լեգենդից իրականություն

 

Ակնա լիճը գտնվելով Արարատյան դաշտավայրում սնվում է ընդերքի  ջրերով ու աղբյուրներով։  ՀՀ ամենամեծ ստորերկրյա ջրավազանը գտնվում է Արարատյան դաշտի հիմքում։ Սրանք բարձրորակ ստորերկրյա ջրային ռեսուրսների ռազմավարական պաշարներ են ու մինչ օրս առանց լրացուցիչ մաքրման պիտանի են խմելու համար:  

 

Տարիների ընթացքում այդ պաշարները  կրճատվել են։ Ոռոգման համակարգի համար օգտագործված ջրի անխնա օգտագործումը ու ջրային կորուստները, ինչպես նաև 2007թ․ ձկնաբուծարանների գործունեությունը, կլիմայի փոփոխություններն և այլ գործոններ հանգեցրել են այն իրավիճակին, որ 1983թ համեմատ ստորերկրյա ջրերի մակարդակը իջել է 15 մետրով։  

Վիճակագրական տվյալների համաձայն ստորերկրյա ջրերի 40 տոկոսից ավելին հատկացվում է ձկնաբուծությանը։ Ներկայումս հանրապետությունում գրանցված ձկնաբուծարանների 82%-ը գործում է միայն Արմավիրի և Արարատի մարզերում:

Նման մեծ ծավալների օգտագործումը հանգեցրել է նրան, որ ջրային շատ աղբյուրներ ցամաքել են, չկան ինքնաշատրվանող աղբյուրներ, ջուրը պակասել է՝ ճնշումը նվազել։    

 

Եթե համեմատենք ստորերկրյա ջրաղբյուրների ջրառը 2000թ-ին, ապա այն կազմել է 533 մլն խմ,իսկ  2022թ․ այդ ցուցանիշը գրեթե եռապատկվել է՝ հասնելով 1419,2 մլն խմ։

Փոքրացող ու ճահճացող Ակնա լիճը

«Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության տվյալներով՝ ամեն տարի Ակնալճի մակարդակը իջնում է, պոմպերի համար նախատեսված  չափիչ սարքերով վերջին տարիներին 20-30սմ նվազում է ջրի մակարդակը։

«Անցած տարի պոմպակայանը իր 3 պոմպերով կոնսերվացվել է, դրսում տեղադրվել է պոմպ, նախկին պոմպերի համեմատ մոտավորապես 3 մետր  ցածր, 400 մ/վ հզորության արտադրողականությամբ, որ կարողանանք ոռոգման ջուր մատակարարենք։ Նախկին պոմպերն այլևս չէին աշխատում, այդ մակարդակի ջուր այլևս չկա»-նշում է «Ջրառ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Աղվան Բեգլարյանը։  

 

Ըստ «Ջրառ» ՓԲԸ ներկայացրած տվյալների 2020-2023թթ Ակնալճից ջրառը նվազել է գրեթե կրկնակի 13,5  մլն․ խմ իջնելով 6,7 մլն․ խմ։ Լճի ցածր մակարդակը թույլ չի տվել ջրառ անել։ 

Ակնա լճի մասին որոշ հետազոտական դիտարկումներով կիսվում է հիդրոլոգ Բենյամին Զաքարյանը։

«Լիճը սնուցող աղբյուրները կենտրոնական հատվածում են և շատ քիչ քանակությամբ  են  գործում, նախկինի համեմատ մոտ 20 տոկոսի չափով են ջուր տալիս լճին, ընդերքի ջրերի մակարդակը իջել է, ճնշում չկա, ջուրը  դուրս չի գալիս»։

Ակնալիճ պոմպակայանի պետ Կորյուն Գրիգորյանն էլ հավելում է, որ եթե նախկինում Ակնալիճը ոռոգման ջուր էր տալիս շրջակա 6-7 գյուղի, հիմա հազիվ ջուրը հասնում է 2-3 գյուղի։ Սպասում են մինչև ջուր լցվի լիճը, որ պոմպերն աշխատեն։ Եթե նախկինում պոմպը աշխատում էր 24 ժամ, հիմա  8-10 ժամ։ 

Ակնալիճ պոմպակայան, ւրային ռեսուրս

-Ջրում նստվածքը շատացել է, լիճը այնքան էլ մաքուր չէ, ինչը նույնպես ազդում է, որ լճի հատակի աղբյուրները կարողանան ավելի մեծ տրամաչափով ջուր դուրս չմղեն,-հավելում է Կորյուն Գրիգորյանը։ 

Այս խնդրին աշխարհագրական գիտությունների թիկնածու Բենյամին Զաքարյանը պատասխանում է․

«Չեմ կարող ասել, որ հիմա լճի աղտոտվածություն կա,  բայց ջրային հաշվեկշիռը խախտվել է, եթե մաքուր ջրավազանում ինչքան մուտք կա, այնքան էլ ելք կա, մաքուր է մնում,  Ակնա լճում հակառակն է մուտքը քչացել է, լճի մակարդակը իջել է ափերը սկսել են բուսածածկվել։ Քանի որ սառնորակ ջուրը քչացել է, ջրի ջերմաստիճանը  սկսում է բարձրանալ, ափերն էլ սկսում են բուսածածկվել, ճահճային   կենդանիներն ակտիվանում են»։ 

Ճահճացմանը զուգահեռ ափամերձ տարածքներում հանգստացող մարդիկ են նպաստում լճի ու տարածքի աղտոտմանը։  

Ինչպես օգնել Ակնա լճին և ոչ միայն․․․

Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանը վերականգնելու համար հարկավոր է  քչացնել ջրառը, եթե  20 տարի առաջ ջրերը հասանելի էին 2-3 մետր խորությամբ, հիմա մինչև 15-20 մետր փորելու դեպքում նույնիսկ հասանելի չեն։

Ջրային ռեսուրսների վատնումը կանխելու համար կառավարությունը որոշել է, որ ձկնաբուծարանները պետք է աշխատեն փակ ցիկլով։ Այժմ ձկնաբուծարանից հեռացվող մեծ ջրաքանակը ոչ միայն հոսում է  հանրապետությունից դուրս, նաև լցվում է հարակից հողատարածքներ` առաջացնելով ճահճացում և կրկնակի աղակալում։ Փակ ցիկլի դեպքում ջուրը կմաքրվի ֆիլտրով ու նորից կօգտագործվի։

Ստորերկրյա ջրեր, Ակնա լիճ

Ձկնաբուծարանների սեփականատերերն էլ թեև գտնում են, որ  հարկավոր է նման համակարգ ջրերը  խնայելու համար, սակայն այն ապահովելու համար անհրաժեշտ են թանկարժեք սարքավորումներ ու հաշվի առնել բնակլիմայական պայմանները դրանք տեղադրելուց առաջ, նշելով, որ ջրի գերտաքացումից հնարավոր է ձկների անկում ու բիզնեսի սնանկացում։ Բացի այդ, անարդար են համարում այն, որ արտեզյան ջրերի մակարդակի նվազումը կապում են միայն ձկնաբուծարանների հետ, քանի որ առկա է ջրային ռեսուրսների կառավարման լուրջ խնդիրներ։ 

2024թ-ի հունվարից ուժի մեջ մտնող կառավարության որոշում այժմ  կասեցված է։ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրեցին, որ ձկնաբուծարանների սեփականատերերը դատական կարգով բողոքարկել են ու մինչ դատարանի վճիռը, որոշումը կասեցրել են։ 

Ձկնաբուծարաններում գիտական նոր լուծումներով մեխանիզմների ներդրումը կարևոր օղակ է ջրային ռեսուրսների պահպանման ու վերականգման համար, սակայն  պակաս կարևոր չեն ապօրինի հորերի շահագործման դադարեցումը կամ օրինական դաշտ բերելը, նաև ոռոգման համակարգի արդիականացումն ու ջրի մեծ կորուսների նվազեցումը։ Սակայն այս ամենը պահանջում է համակարգային փոփոխություններ ջրային ռեսուրսների կառավարման տարբեր օղակներում, ինչը հնարավորություն կտա վերականգնել ընդերքի ջրային ռեսուրսների պաշարը ու նաև Ակնա  լիճը փրկել ճահճացումից, հարակից գյուղերը  հողերի աղակալումից ու անապատացումից։ 

Անահիտ Հարությունյան