www.nizak.media

Հայերն ու ադրբեջանցիները  Վրաստանում (I մաս)

      Թշնամի՞, թե՞ հարևան․․․ երկու հակամարտող երկրների միջև այս հարցը միշտ դառնում  քննարկումների, համաձայնությունների ու տարաձայնությունների առիթ։ Մեկը հիշում է պատմությունը, մյուսը պատերազմը ու բացառում կողք կողքի ապրելը։

  2020թ․ հայ-ադրբեջանական պատերազմից հետո ու առաջարկվող խաղաղության պայմանագիրը բանավեճերի պատճառ է դառնում թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Գտնել այն բանալին, թե երբ ու ինչպես է հնարավոր այդ խաղաղությունը շատ դեպքերում հեռավոր, հաճախ անհնար է թվում։

       Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները իրենց փակ սահմաններով 34 տարուց ավելի իրարից հեռու են եղել, ամեն մեկը իր պատկերացումներն ունի մյուսի մասին, սեփական ու օտարերկրյա տեղեկատվական հոսքերի ազդեցության ներքո գտնվելով՝ անիրական են համարում հաշտ կյանքը։

Բայց այլ երկրներում (Ռուսատան, Վրաստան, Ուկրաինա և այլն)  այս երկու ազգերը ապրում են իրար հետ հաշտ, նույնիսկ բիզնես համագործակցությամբ ու խառը ամուսնություններով։

Երրորդ երկրի հաշտեցնող տանիքը հակամարտողների համար

231.000 ադրբեջանցի և 145․000 հայ։ Վրաստանի  ժողովրդագրական տվյալներն են վերջին (2014թ-ի) մարդահամարի տվյալներով։ Եթե բազմազգ Թբիլիսիում ապրում են խառը, ապա վրացական որոշ գյուղերում մեծամասնություն են միայն հայերը, կամ միայն ադրբեջանցիները։ Մի քանի գյուղում խառն են ապրում։

Ինչպե՞ս են հայերն ու ադրբեջանցիները ապրում Վրաստանում։

Այս հարցը ամենաշատը տրված հարցն է Զաուր Խալիլովին, նա ազգությամբ ադրբեջանցի է,  «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի գործադիր տնօրենն է ու ապրում է Վրաստանում։

«Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում ապրում են այնպես, ինչպես սովորական մարդիկ են ապրում, ընկերություն ու հարևանություն անում։ 25 տարիներիս գործունեության ընթացքում ես այդ կարծրատիպն եմ ուզում փոխել, որ այս աշխարհում ամեն ինչ  անհատական է,  չի լինում լավ ու վատ ազգեր,  լինում են լավ ու վատ մարդիկ», -ասում է  Զաուր Խալիլովը։

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը ազգությամբ հայ է ու նույնպես ապրում է Վրաստանում։ Այս հարցի վերաբերյալ իր դիտարկումներով է կիսվում։ 

«Վրաստանում երկու ազգերի միջև հարաբերությունները տարբեր են։ Առաջին տիպը այն է, որ հայերը և ադրբեջանցիները Վրաստանում ապրում են խաղաղ, շատերը ունեն համատեղ բիզնես, հատկապես Թբիլիսիում, ընկերություն են անում,  կան նաև խառը ամուսնություններ։ Հարաբերությունների երկրորդ տիպն այն է, որ հատկապես գյուղական համայնքներում  մարդիկ տեղեկատվությունը ստանում են Հայաստանից ու Ադրբեջանից,  հետևաբար  երկուսի մոտ էլ առկա է միմյանց նկատմամբ թշնամու կերպարը։ Սակայն հասկանում են, որ  Վրաստանի քաղաքացի են, բաց թշնամության չի հասնում միմյանց նկատմամբ վերաբերմունքը։ Այո, խաղաղ են, բայց  զգույշ, այնպես չեն ապրում,  ինչպես մինչ առաջին Ղարաբաղյան պատերազմը»։

Վրացերենի իմացությունն ու ինտեգրացման խնդիրները

Ապրելով այլ պետության տարածքում փորձում են հնարավորինս պահպանել լեզուն, կրոնն ու մշակույթը, հատկապես գյուղերում։ Վրաստանում հայ և ադրբեջանական գյուղերը հիշեցնում են փոքրիկ կղզյակների, որտեղ ամեն մի էթնիկ խումբ խոսում է իր լեզվով։ 

Մառնաուլի 2 դպրոցում հայ ու ադրբեջանցի երեխաները սովորում են նույն դպրոցում, իսկ գյուղերում, որտեղ հայերը և ադրբեջանցիները խառն են ապրում,  մեկը մյուսի լեզվին լիովին տիրապետում է։ 

Խորհրդային տարիների ու դրանից հետո վրացական հասարակություն ինտեգրվելու համար  միջնորդ լեզուն  ռուսերենն էր։ Բայց երբ ռուսերենը զիջեց իր դիրքերը դպրոցներում, իսկ վրացերենն էլ քչերը գիտեին կամ ընդհանրապես չգիտեին, թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների համար խնդիր էր ինտեգրվել  ու մաս դառնալ վրացական կյանքին։

57 տարեկան Գայանե ազգությամբ հայ է, ծնվել ու մեծացել է  Վրաստանի տարածքի ամենահայաշատ Սամցխե-Ջավախեթիում։ Նրանց կենցաղը, շփումը հայերենով է, բայց ինքն էլ հասկանում է, որ  շուտով կլինեն փոփոխություններ․

«Որպես հայ մենք դեռ մեր լեզվից կախված ենք` թոռով, ծոռով ու մեր երեխաներով,  բայց ամեն պետություն ուզում է, որ իր լեզուն գերիշխող լինի իր պետական սահմաններում։ Ես անձամբ դպրոցի լավագույն աշակերտն եմ եղել, բայց միայն վրացերենի տառերը գիտեմ։ Այն ժամանակ վրացերենը դպրոցում դասավանդում էին շաբաթական մեկ ժամ ու ըստ ցանկությամբ էր մասնակցությունը։ Մոտ մի 10 տարի առաջ սկսեցին  ավելի ակտիվացնել վրացերենը։ Հիմա ամեն օր վրացերենի դաս ունեն թոռներս»։

«Որպես երկրորդ լեզու՝ սովորի՛ր վրացերեն» ծրագիրը պետությունը սկսեց 2009թ-ից։ Այս ծրագրով վրացերենի ուսուցիչները պետք է կամավոր հիմունքներով դասավանդեին Սամցխե-Ջավախեթի, Քվեմո-Քարթիլի, Կախեթի շրջաններում։ Բայց վրացերենի ուսուցիչները չէին գալիս այս տարածաշրջան ու ուսուցիչների պակասը նկատելի էր։

Մյուս ծրագիրը ավելի շատ ուղղված էր օգնել երիտասարդներին ու կոչվում էր «1+4», այն մեկնարկեց 2010թ-ից։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող էին իրենց լեզվով մասնակցել ընդունելության  քննություններին (ադրբեջաներեն, հայերեն, աբխազերեն, օսեթերեն), անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում, մեկ տարի ժամանակ էին տալիս, որ մասնակցեն վրացերենի արագացված դասընթացներին ու հաջորդ տարի վրացերենի քննություն հանձնելուց հետո միայն կդառնային տվյալ բուհի ուսանող։

«ՍՕԿԱՐ»-ը կրթության հովանավոր

Քվեմո-Քարթիլի շրջանը բնակեցված է մեծամասամբ ադրբեջանցիներով։  Նրանց մեծ մասը վրացերենին չի տիրապետում ու քիչ է ներգրավված վրացական հասարակական-քաղաքական կյանքին։ Ինչպես Սամցխե-Ջավախեթիի հայերը, զբաղվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ։ 

Սակայն վերջին տարիներին, ի  տարբերություն հայերի ադրբեջանցիները վրացերենի ուսուցման հարցում մի քայլ առաջ են։  Տարիների ընթացքում  ադրբեջանական պետական նավթային «Սօկար» ընկերությունը ֆինանսավորեց, որ  էթնիկ ադրբեջանցի երեխաները  բարձրագույն կրթություն ստանան՝ հոգալով բոլոր ուսումնական ծախսերը։

Գյուլնար  Ալիեւան  ավարտելով համալսարանը, վերադարձավ  իրենց գյուղ, փորձեց օգնել  երեխաներին, որ նրանք էլ  սովորեն վրացերեն ու հնարավորություն ունենան դառնալ  բժիշկ,  ուսուցիչ, ինժեներ։

«Այո՛, ես ադրբեջանցի եմ, բայց ծննդավայրս այստեղ է։ Երբ սովորել ես այս երկրի  լեզուն, պատմությունը, դու չես ընկալում, որ եկել ես այլ տեղից, դու այս երկրի քաղաքացին ես  ու սա է քո հայրենիքը»։

Տարիների ընթացքում ադրբեջանական ներդրումը կրթության ոլորտում նպաստեց, որ ադրբեջանցիներն ավելի լավ տիրապետեն վրացերենին ու հենց իրենք համալրեն ուսուցիչների այն բացը, որը կար տարածաշրջանում։ Հայերի դեպքում վիճակն այնքան էլ չփոխվեց։  

«Հետևաբար, եթե խորհրդային տարիներին  հայկական համայնքը  ձգտում էր բարձրագույն կրթության ու կրթական մակարդակը այս համայնքում ավելի բարձր էր, քան ադրբեջանցիներինը, որոնք մնում էին հիմնականում գյուղում, հիմա հակառակ պատկերն է․  ադրբեջանցիների կրթական մակարդակը ավելի բարձր ու ներգրավված են Վրաստանի սոցիալ-տնտեսական կյանքին, քան հայերի»,-նշում է «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։ 

Թեև երկու համայնքներում էլ  դեռ կան լեզվական  որոշ խնդիրներ, ինչքան էլ երիտասարդները  քիչ թե շատ տիրապետում են լեզվին, 45 տարեկան և բարձր տարիք ունեցող հայերի և ադրբեջանցիների համար բարդ է սովորելը վրացերեն, նրանց զբաղմունքը մեծամասամբ գյուղատնտեսությունն է։

90-ականներին հաճախ կարելի էր լսել «Վրաստանը վրացիների համար» կարգախոսը, Մ․ Սաակաշվիլիի նոր լիբերալ ալիքը կոտրեց էթնիկական տարանջատումներն ու ճանապարհ բացեց, որ երիտասարդները վրացական հասարակական-քաղաքական կյանքի մաս դառնան։ 

Սակայն ինչքանո՞վ է վրացական հասարակության պատրաստակամ ընդունել էթնիկ փոքրամասնություններին վրացական սոցիալ-քաղաքական կյանք։ Այս հարցին պատասխանում է «Սոցիալական արդարության կենտրոն»-ի Հավասար իրավուքներ ծրագրի ղեկավար  Տամտա Միկելաձեն․

«Կա հասարակական  անտեսանելի մի պատնեշ, որ խոչընդոտ է դառնում, օրինակ՝  սա քո հայրենի հողը չէ, հետևաբար աշխատանք գտնելու հարցում կան վերապահումներ։ Ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունն  աշխատաշուկայում  շատ ցածր է, մեծամասամբ աշխատում են դպրոցներում։ Հասարակական-քաղաքական ոլորտում ևս կան խնդիրներ, Ազգային ժողովում քիչ են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը, նույնիսկ այն տեղական ինքակառավարման մարմինների պաշտոններում, որտեղ միայն ազգային որոշ խմբի մարդիկ են ապրում, ղեկավար պաշտոններում էթնիկ խմբերի ներկայացուցիչներ չեն»։  

Անահիտ Հրաչունի