www.nizak.media
ԿարդաԼիքը

Դու չես  գնում պապայիդ տուն, գնում ես օտար երկիր․․․ Արցախցիները Եվրոպայում

  Հատկապես 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո աշխարհի վրա ապահով անկյուն գտնելու ու առանց պատերազմի կյանքը շարունակելու փնտրտուքը շատերի համար դարձավ գլխավոր  նպատակ։ Հեռավոր ափերում  իրենց ու երեխաների ապագան կառուցելու հույսն էլ  ստիպեց կատարել  վճռական որոշում։ Երջանկություն փնտրել ավելի ապահով երկրներում՝ ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով, երբեմն նույնիսկ վերջին լուման ծախսելով ու առանց հստակության որևէ երաշխիքի։

Նկարի վրա մնացած տունը․․․
Նկարի վրա մնացած տունը․․․

Նկարի վրա մնացած տունը․․․

 Ֆրանսիա   

-Մինչ Ֆրանսիա գալս իմ բոլոր բարեկամները ասում էին՝ «հանկարծ էդպես ղալաթ չանես, չգնա՛ս», իսկ ծանոթներս ասում էին՝ «արի՛, լավ կլինի»։ Դժվար է թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, օտար երկրում այդ դժվարությունները միշտ էլ կան, բայց այլ ընտրություն չունեի։

2020թ․ պատերազմից հետո Լիանան ընտանիքով վերջնական որոշում կայացրեց` գնալ Ֆրանսիա։ Արցախի տունը պատերազմից հետո մնաց չգծված սահմանից այն կողմ, իսկ երեխայի հիվանդությունը նպաստեց, որ շատ արագ կայացնի որոշում։ Նախ վճարել են բավական խոշոր գումար /մոտ 11 մլն դրամ/, որ շենգենյան վիզա ձեռք բերեն ու երկրից երկիր անցնելով՝ հասնեն Ֆրանսիա։ «Հանձնվելուց» հետո բնակվելու տեղ չեն տրամադրել։ Հանրակացարանները ծանրաբեռնված են եղել փախստական հայցողներով ու նույնիսկ այն հանգամանքը, որ երկու երեխա են եղել ընտանիքում, երեխաներից մեկն էլ առողջական բարդ խնդիրներ ունեցող, բնակության համար տեղ չի հատկացվել։

Լիանայի մոտ եղած գումարը բավարարել է, որ որոշ ժամանակ վարձակալեն բնակարան ու ամեն կերպ փորձել տեղ գտնել ֆոյեում (փախստականների համար նախատեսված հանրակացարանում)։

-Ֆրանսիայում նորմալ է, երբ դու  կայարաններում վրանի տակ ես  քնում, փողոցներում մի հատ վրան ես խփում ու մնում, իրենք էնքան են դա տեսել, ոչ մեկին  դրանով  չես զարմացնի, որ իրենք էլ տեսնեն, խղճան։ Ինձ ասել էին գնացեք  հիվանդանոցում մնացեք էնքան,  մինչև ընդունարանը փակվի, ասա՝  «Տեղ չունեմ,  զանգե’ք, թող գան ինձ տանեն»։  3-4 անգամ գնացել եմ, բայց․․․  Պետք է մեկը ունենաս, որ սկզբից մի քիչ  իր տունը պահի, օգնի, թե չէ մեծ գումարներ են, ծանր օրեր, իմ գործը 6 ամիս քննել են։

Ընտանիքով դեպի այլ ափեր
Ընտանիքով դեպի այլ ափեր

Լիանան ապաստան է խնդրել երեխայի առողջության հոգսերը հոգալու ու օգնելու համար, երեք ժամ է տևել հարցազրույցը միգրացիոն ծառայությունում, տեղեկությունները ամիսներ շարունակ ճշտել են։  Խնդրել են նկարել է իրենց տունը Արցախում, գյուղը, պատմել դժվարությունների մասին։ 6 ամիս նկարած տունն ու փաստերը ճշտելուց հետո, 4 տարի Ֆրանսիայում ապրելու հնարավորություն են տվել, ինտեգրման պայմանագիր ունի, երեխան շարունակում է բուժում ստանալ։ Աստիճանաբար օտար երկրում կյանքը դասավորում է, չի դժգոհում։

Իդեպ, պատերազմից հետո քիչ չեն դեպքերը, երբ  հայերն ապաստան են հայցում որպես արցախցի, հակամարտությունից ու պատերազմից տուժած անձ։ Եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններում ճշմարտությունը պարզելը մի քանի ամիս է տևում։   

Լիանան խորհուրդ տալ չի կարող, միայն մի քանի եթե-ներ է նշում․
եթե պատրաստ են դժվարություններին, եթե գումար ունեն ու կարող են հոգալ ծախսերը՝ տուն վարձել, եթե պատրաստ են ամիսներով կամ տարիներով  մեկ սենյակը կիսել օտարազգիների հետ, ապա կարող են գալ ու փորձել, գուցե, ստացվի։ 

Սերտս ցավումա վեր մեր արցախցիք օրենքնեն չգիդալավ ինգյուն կրակի մեջ

Գերմանիա

Արմանը Գերմանիա է գնացել 44-օրյա պատերազմից հետո, ուսումնական նպատակով երկու տարի օրինական կարող է ապրել Գերմանիայում։ 25 տարի Արցախում ապրելուց հետո արտերկիր մեկնելը բարդ էր, մանավանդ պատերազմից հետո։ Սակայն որոշումը հստակ էր, հիմա վստահեցնում է, որ տեղափոխությունը նպաստել է որոշակիորեն «բուժել» պատերազմի վերքերը։

Ուսման հետ միաժամանակ որոշեց օգնել մարդկանց։ Սկսեց համագործակցել գերմանական կազմակերպություններից մեկի հետ, որը զբաղվում էր ներգաղթյալների խնդրով։ Կամավոր աջակցելով մարդկանց, կարծես թե, հայրենիքում բացթողածն է լրացրել։ Ամեն մի փախստական հայցող իր պատմությունը ուներ, կյանքի բարդ ընթացքն ու փրկության այն հույսը, որը ստիպել էր կտրել հազարավոր կիլոմետրեր ու ապաստան խնդրել։

Հենց այստեղ էլ հանդիպեց ապաստան հայցող հայերին, ամեն մեկը իր ճակատագրով, եվրոպական հրաշքի սպասումով, դժվարություններն իրապես չպատկերացնելով՝ երկրից երկիր գալու հույսով։

Իրենց պատմություններով, կորուստերով կիսվել են Արմանի հետ։  Ամեն մերժման դիմումի մասին լսելիս մեծ ցավ է ապրում․ «Սերտս ցավումա վեր մեր արցախցիք օրենքնեն չգիդալավ ինգյուն կրակի մեջ»։ Առանձնացրեց մեկ կարևոր փաստ, որ եթե նույնիսկ պարզում են, որ արցախցի է ու ստուգում են փաստի հավաստի լինելը, արցախաբնակ լինելը չի եղել երբևէ վճռորոշ փաստ, այլ միայն ճշտող հանգամանք կամ անձնային որակները ստուգելու փորձ։ Շատ են դեպքերը, երբ արցախցի լինելով մերժել են, վերջին դեպքը հադրութցի ընտանիքն է եղել, 4 երեխաների հետ արտաքսման որոշում է կայացվել, հաշվի չի առնվել նաև այն փաստը, որ 4 երեխաներից մեկը ծնվել է Ֆրանսիայում

Ծովը սիրուն է, բայց ես լեռներ եմ սիրում

Իսպանիա

Տիկին Կարինեն իր ընտանիքով Իսպանիա հասել է տարի ու կես առաջ։ Որոշել են եղած գումարը հավաքել ու ապահով երկրում տուն գտնել իրենց ընտանիքի համար։ Զրույցի ամբողջ ընթացքում բազմիցս հնչեց ապահով բառը, եթե որոշների համար կարևոր է գլխին տանիք ունենալը, ոմանց համար այն դեռ բավարար չէ մնալու, ապրելու, աշխատելու համար։
Ապահով, տարբեր բնագավառներում պաշտպանված ու պատասխանատու մոտեցում գտնելու հույսը նրանց տարել է Իսպանիա։ Ամուսնու առողջական վիճակի վատթարացումը (աչքերի անհաջող վիրահատությունը ՀՀ-ում), աշխատանքի կորուստը, հակամարտության գոտուց գնալը՝ օտար երկրում ոչնչով չի օգնել։

  -Էստեղ արցախցիներին ոչ մի նյութական աջակցություն չկա, մարդիկ թող չխաբնվեն չգան։ Մեզ՝ արցախցիներիս, ընդհանրապես չեն աջակցում, շատերը նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեն, Արցախի կոնֆլիկտի մասին պատկերացում չունեն։ Բայց երկիրը հանգիստ է։

Ծովը սիրուն է, բայց ես լեռներ եմ սիրում
Ծովը սիրուն է, բայց ես լեռներ եմ սիրում

Կացության կարգավիճակի, ապա աշխատանքի իրավունքի ստացումը շատ կարևոր է։ Առանց դրանց  հնարավոր է միայն մաքրությամբ զբաղվել տներում ու փողոցներում, ծանր աշխատանք կատարել՝ առանց մնալու երաշխիքի ու պայմանագրի։ Իսկ տուն գնելու դեպքում, պետք է հստակեցնել, թե ինչ գումարի սեփականություն ունենալու դեպքում է տրվում կացության կարգավիճակ, իսկ հետագայում աշխատանքի իրավունք։

-Մի ընտանիք եկել է, որոշ մարդկանց փող են տվել, վիզա հանել ու պրոբլեմների առաջ են կանգնել։ Եթե ուզում են գան, տուն առնեն, թող գան, ոչ թե գաս ոչնչով ու հույս ունենաս, որ Արցախից ես, քեզ բռնի տեղահանել են ու կօգնեն տնով, սննդով կամ հագուստով։ Ով ասում է անելու է, թակարդն է գցելու ու մինչև վերջ քամելու է,-հավելում է տիկին Կարինեն ու խոսում իր կարոտի, համերկրացիներին աջակցելու, մնալու ու գնալու երկընտրանքի մասին։

(մանրամասները ձայնագրությունում)

Կարևոր ԵԹԵ-ներն ու թյուրըմբռնումները 

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հստակ վիճակագրություն չկա, թե ինչքան արցախցի է մեկնել Եվրոպա 2020թ-ից հետո։ Սա պայմանավորում են  ՀՀ քաղաքացու  ու արցախցու ունեցած նույն կապույտ անձնագրի առկայությամբ ու  հատուկ մոնիտորինգ չիրականացնելով։ Բայց արցախցիներ, որոնց վերադարձրել են եվրոպական երկրներից Հայաստան, նման դեպքեր 2020 թ-ից հետո ունեն /Շուշիից, Հադրութից ընտանիքներ/։

Միացյալ ազգերի կազմակերպության Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի համաձայն՝ «փախստական» է համարվում այն անձը, որը ռասայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության և քաղաքական հայացքների պատճառով հետապնդվելու երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից դուրս և անկարող է կամ նման երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ։ 

Իսկ թե ինչու այս համատեքստում Արցախից լինելը չի դիտարկվում կամ  տարբեր երկրների միգրացիոն ծառայություններում սուբյեկտիվ դիտարկումների տեղիք է տալիս ու ապաստանի հայցը հաճախ մերժում են, պարզաբանում է ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն մամուլի պատասխանատու Նելլի Դավթյանը․

-Տվյալ երկրի միգրացիոն ծառայության սուբյեկտիվ քննության ու  գնահատականների հիման վրա են պրոցեսներն իրականացվում։ Արձանագրվում է,   որ դիմումատուն չճանաչված պետության բնակիչ է, ու տվյալ երկրի լիազոր մարմինը  իր իրավասության շրջանակում որոշում է կայացնում: Նման միտում չենք արձանագրել, որ արցախաբնակները  կարողանում են Արցախի ծագման կամ բնակության հիմքով  ապաստան ստանան եվրոպական երկրներում

Իսկ այն հանգամանքը, որ հնարավոր է արցախցին մեկնի արտերկիր ու կացության կարգավիճակ ստանա, այլ հարց է։ Այս դեպքում պետք է անձը աշխատանքի, ուսման կամ այլ վավեր հիմքով դիմի և տվյալ պարագայում կարևոր չէ, թե որ երկրի քաղաքացի է օտարերկրացին, արցախցի,  ռուսաստանցի, թե  հնդկաստանցի։ Այս դեպքում ոչ թե ապաստան են հայցում, այլ կացության կարգավիճակ ստանում աշխատելու, սովորելու։  Սա կանոնավոր միգրացիա է ու ողջունելի միգրացիոն վարքագծի տեսանկյունից։

Մյուս թյուրըմբռնումը վերաբերում է հոկտեմբերի 26-ի կառավարության  որոշմամբ արցախցիներին տրամադրվող ժամանակավոր պաշտպանություն ստացած  փախստականի կարգավիճակին ու հետագայում այլ երկրներում նորից ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությանը։ 

Բռնի տեղահանությունից հետո որոշ արցախցիներ ապաստան են հայցել տարբեր եվրոպական երկրերում

-Եթե արցախցին մեկնում է եվրոպական երկիր ու հայցում է պաշտպանություն, այն  ոչ մի կերպ չի կարող հիմնավորված լինել երրորդ երկրում, որովհետև  կյանքը, իրավունքներն ու ազատությունները փրկելու գաղափարն այս պարագայում չի աշխատում, քանի որ նա մեկնում է ՀՀ-ից, որը նրան տվել է պաշտպանություն ու ապաստան։ Ուստի այն թյուրըմբռնումը, որ փախստականի կարգավիճակով կարելի է  ազատ ճամփորդել և  բնակվել կամայական երկրում,  սխալ է, կարևոր է երկար կշռադատել նման որոշումից առաջ-նշում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:

Կառավարության որոշումից երեք ամիս անց պարտադիր է դառնում կապույտ անձնագրի հետ միաժամանակ ունենալ փախստականի  վկայական։ Իսկ եթե անձը ՀՀ քաղաքացիություն է ընդունել, չի նշանակում, որ նա բռնի տեղահանված անձ չէ այլևս։   

*Հոդվածում անձնական տվյալմերն ու անունները փոխված են

Նկարները ստացվել են արհեստական բանակության շնորհիվ։ 

Անահիտ Հարությունյան

4 2 ձայներ
Հավանեցի՞ք հրապարկումը
Բաժանորդագրություն
Հիշեցում
guest

0 մեկնաբանություններ
Межтекстовые Отзывы
Ցուցադրել բոլոր մեկնաբանությունները
0
«Նիզակ մեդիա»-յի համար կարևոր է Ձեր կարծիքըx