
Էստոնիա․ տեղեկատվական պատերազմից մինչև փակվող սահմաններ
Քարոզչական տարբեր գրոհներն ու դրանց հետևանքով ձևավորվող վախերը Էստոնիայում երբեմն այնքան տեսանելի են, որ դրանց կարելի է հանդիպել անգամ պարզապես փողոցով անցնելիս։ Ռուսաստանի դեսպանատան հարակից տարածքում ուկրաինական պատերազմին վերաբերող ուղերձներից բացի աչքի են ընկնում նաև Բալկաններում տարածված քարոզչական թեզերին ու վախերին արձագանքող գրություններն ու պաստառները՝ «Free Estonia», «Hands off the Baltic” և այլ կոչեր։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես են աշխարհաքաղաքական հակամարտությունները, պատմական հիշողությունն ու տեղեկատվական ազդեցության փորձերը դուրս գալիս մեդիայի շրջանակներից և դառնում քաղաքային միջավայրի տեսանելի մաս ու առօրյայում այդ ամենի հետ ապրելու ու պայքարելու պատճառ։
Ինչպիսի ուղերձներ կան, ինչ մոտեցումներ ու վերաբերմունք կա այդ ամենին․․․ «PractNet» կազմակերպության նախաձեռնությամբ Էստոնիայում անցկացված մասնագիտական հանդիպումների և դասընթացների ընթացքում հայաստանցի լրագրողները ծանոթացել են տեղեկատվական մանիպուլյացիաների բացահայտման մեթոդներին, փաստերի ստուգման գործիքներին և դիմակայման էստոնական փորձին։
Հայ լրագրողների հետ հանդիպումների ընթացքում տեղեկատվական ազդեցությունների և դրանց հակազդման էստոնական փորձը ներկայացնող մասնագետներից էր նաև Հաննես Ռումը (Hannes Rumm)՝ լրագրության և մեդիայի հետ կապերի փորձագետ, էստոնական PractNet կազմակերպության փորձագիտական թիմի անդամ։
Տարբեր տարիների վերլուծությունները ցույց են տալիս, որ տեղեկատվական հարձակումներն ու մանիպուլացնող տեղեկություններ տարածելը նոր չէ, դեռ այն ժամանակ, երբ Էստոնիան 1991թ-ին անկախացել է, ենթարկվում է Ռուսաստանի տեղեկատվական հարձակումներին։
Ռուսաստանի տեղեկատվական ազդեցության երկարամյա փորձի մասին խոսելիս Հաննես Ռումը առանձնացնում է մի քանի հիմնական քարոզչական թեզեր, որոնք տարիներ շարունակ շրջանառվում են Էստոնիայի դեմ
«Առաջին տարածված թեզը, որ Էստոնիան ռուսատյաց պետություն է, որով փորձ է արվում Էստոնիային ներկայացնել որպես անհանդուրժող և ռուսախոս բնակչության նկատմամբ թշնամաբար տրամադրված երկիր։
Երկրոդը՝ Էստոնիան ինքնուրույն պետություն չէ, մեծ տերություններից է կախված և գործում է արտաքին ուժերի հրահանգներով։
Երրորդը, որ Էստոնիան ռազմական առումով անպաշտպան է, եթե Ռուսաստանի հետ ռազմական հակամարտություն սկսվի, ՆԱՏՕ-ն չի պաշտպանելու Էստոնիային։ Թեև այս ուղերձը ժամանակի ընթացքում փոխվել է, այժմ այն ներկայացվում է որպես ագրեսիվ պետություն, որի գործողությունները, իբր, ապացուցում են ՆԱՏՕ-ի թշնամական մտադրությունները Ռուսաստանի նկատմամբ։
Ու հանգում ենք նրան, որ տեղեկատվական պատերազմը մեկանգամյա կեղծ լուրերի տարածում չէ։ Այն երկարաժամկետ գործընթաց է, որի նպատակն է աստիճանաբար թուլացնել հասարակության վստահությունը սեփական պետության, նրա ինստիտուտների և միջազգային գործընկերների նկատմամբ,-ասում է Հաննես Ռումը։
Նա լրագրության ոլորտում է ավելի քան երկու տասնամյակ։ Աշխատել է էստոնական առաջատար լրատվամիջոցներում։ Եղել է Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր, ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովի՝ Էստոնիայում ներկայացուցչությունը։ Աշխատել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունում՝ որպես ռազմավարական հաղորդակցության խորհրդական։
Նրա մասնագիտական փորձը ներառում է ինչպես լրագրությունը, այնպես էլ պետական և միջազգային կառույցներում հաղորդակցության ու տեղեկատվական քաղաքականության ոլորտները։
Հիբրիդային հարձակման մեթոդները Էստոնիայում
«Հիբրիդային հարձակում» կամ «հիբրիդային պատերազմ» բառերը ուղղակի նորաձև բառեր չեն, մեդիատուրի ընթացքում տեղեկատվական դաշտի փորձագետների բնորոշումները ընդհանրացնելով կարելի է նշել հետևյալը․ «հիբրիդային հարձակումը դիվերսիա կամ սաբոտաժ տեղեկատվական բաղադրիչի ուղեկցմամբ»։ Այսինքն՝ հարձակման նպատակը կարող է լինել ոչ միայն ֆիզիկական վնաս պատճառելը, այլև այդ իրադարձության միջոցով հասարակության մեջ որոշակի տրամադրություններ առաջացնելը։ Օրինակ՝ հրդեհել որևէ շինություն, խափանել կարևոր ծառայություն, պայթեցնել որևէ ենթակառուցվածքի հարակից տարածք, ստեղծել այնպիսի տպավորություն, որ սպառնալիքները ամենուր են, պետությունը անկարող ու անգործ։
Ու այս համատեքստում հաճախ կարևոր են զուգահեռներ անցկացնելն ու հետհայացքով գնահատել պատահակաություններն ու օրինաչափությունները։ Օրինակ 2023թ․-ին Էստոնիան և Ֆինլանդիան կապող գազատարի վնասումը արդյոք պատահական էր։ Պաշտոնական տեղեկատվությամբ վնասը առաջացել է ծովի հատակով խարիսխի քարշ տալու հետևանքով։ 2024թ-ին Էստոնիան և Ֆինլանդիան նույն պատճառով կապող էլեկտրական մալուխը դուրս է եկել շահագործումից։ 2025թ-ին Բալթիկ ծովում վնասվել է ստորջրյա հաղորդակցության մալուխը։
Երեք նման միջադեպերը պարզապես պատահականությո՞ւն են, թե՞ դրանց միջև կա օրինաչափություն։ Կարելի է այս հարցը երկար քննարկել, ժամանակագրությունն ու նախորդող դեպքերը ուսումնասիրել։
Սակայն մի բան կարևոր է, որ ժամանակակից պետությունների կենսագործունեությունը կախված է բազմաթիվ փոխկապակցված համակարգերից՝ էլեկտրաէներգիայի մատակարարում, գազամատակարարում, հեռահաղորդակցություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ․․․ Դրանցից մեկի վնասումը կարող է առաջացնել ոչ միայն տեխնիկական խնդիր, այլև տնտեսական վնաս, հանրային անհանգստություն և քաղաքական ճնշման պատճառ հանդիսանալ։

Վերջին տարիներին ըստ փորձագետի Ռուսաստանը Եվրոպայում կիրառում է նաև հավաքագրված անձանց։ Նրանք կարող են ներգրավել դիվերսիոն գործողություններում, լրտեսության մեջ, տեղեկատվական ազդեցության գործողություններում։ Սոցիալական ցանցերով գտնում են նման մարդկանց ու դարձնում գործիք․
«Նրանք կարող են լինել նույնիսկ տեղի բնակիչներ, որոնք կատարում են կոնկրետ առաջադրանքներ։ Այրվող շենքը կամ օդանավակայանի վրայով թռչող անօդաչու թռչող սարքը պարտադիր չէ, որ լինի գործողության վերջնական նպատակը, այլ ուղղակի վախեցնել եվրոպացիներին, պետություններին ստիպել մեծ ռեսուրսներ ծախսել անվտանգության և պաշտպանական միջոցառումների վրա, հասարակության մեջ ստեղծել անկայունության զգացում, ազդել քաղաքական որոշումների վրա»,- հավելում է Հաննես Ռումը։
Իսկ այս ամենին դիմակայելու համար կարևոր են բոլոր ինստիտուտների աշխատանքը։ Հասարակության պաշտպանվածությունը կախված է ոչ միայն պետական և տեխնիկական համակարգերից, այլև վստահելի լրագրությունից, տեղեկացված քաղաքացիներից և հասարակական համախմբվածությունից։
Հաննես Ռումի խոսքով՝ կարևոր է ոչ միայն արագ արձագանքել տեղեկատվական գրոհներին, այլև ձևավորել սեփական, վստահելի տեղեկատվական օրակարգը և պահպանել հասարակական համախմբվածությունը։ Այս գործընթացում լրագրողի դերը հատկապես զգայուն է․ նա պետք է տեղեկացնի հանրությանը, բայց միաժամանակ զգուշանա, որ չդառնա հենց այն վախի ու անվստահության տարածման գործիքը, որը փորձում է ստեղծել հիբրիդային հարձակումը։
«Սա կարևոր հարց է նաև Հայաստանի համար, որտեղ հասարակության բևեռացվածությունը, անվտանգության խնդիրները և արտաքին ազդեցությունների նկատմամբ խոցելիությունը տեղեկատվական գրոհների համար կարող են նպաստավոր միջավայր ստեղծել։ Էստոնական փորձը հուշում է՝ դիմակայունությունը սկսվում է ոչ միայն սպառնալիքները ճանաչելուց, այլև սեփական հասարակության ներսում վստահություն կառուցելուց։ Իսկ այդ վստահության պահպանման գործում անկախ, փաստերի վրա հիմնված և պատասխանատու լրագրությունը առանցքային դեր ունի,-նշում է փորձագետն ու քննարկում ենք նաև հայկական մեդիայում եղած խնդիրները։ Այս հարցում վիճակը բավական բարվոք է Էստոնիայում, քանի որ լրագրողների նկատմամբ վստահությունը էականորեն բարձր է։
Սահմանների փակումը՝ որպես անվտանգության նոր իրողություն
Էստոնիայում Ռուսաստանի հետ սահմանային լարվածությունն այլևս միայն անվտանգության փորձագետների քննարկումների կամ տեղեկատվական պատերազմի մասին նախազգուշացումների թեմա չէ։ Այն աստիճանաբար վերածվում է կոնկրետ պետական որոշումների, որոնք անմիջականորեն ազդում են երկրի սահմանային քաղաքականության և մարդկանց առօրյա կյանքի վրա։
Նոյեմբերի 20-ին Էստոնիայի կառավարությունը որոշեց դեկտեմբերի 1-ից վեց ամսով դադարեցնել Ռուսաստանի հետ գործող բոլոր հինգ ցամաքային սահմանային անցակետերով մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Խոսքը Նարվա-1, Նարվա-2, Կոիդուլա, Լուհամաա և Սաատսե անցակետերի մասին է։ Վեց ամիս անց կառավարությունը կվերագնահատի անվտանգության իրավիճակը և կորոշի՝ արդյոք սահմանափակումը պետք է պահպանվի, փոփոխվի կամ վերացվի։
Այս որոշման հիմքում, ըստ Էստոնիայի կառավարության, Ռուսաստանի շարունակվող թշնամական, դիվերսիաները, հետախուզական և ազդեցության գործողություններն են։ Կառավարության ներկայացմամբ՝ ցամաքային սահմանը շարունակում է մնալ այն ուղիներից մեկը, որով հնարավոր է իրականացնել մարդկանց հավաքագրում, տեղեկատվության հավաքագրում, ապօրինի ապրանքների և տեխնոլոգիաների տեղափոխում, ինչպես նաև շրջանցել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Էստոնիայի իշխանությունները հատկապես ընդգծում են, որ վերջին տարիներին երկրի և եվրոպական այլ պետությունների դեմ արձանագրված հիբրիդային գործողությունները պահանջում են անվտանգության լրացուցիչ միջոցներ։ Միայն այս տարվա ընթացքում, ըստ կառավարության հաղորդագրության, Էստոնիայի պաշտպանական արդյունաբերության ընկերությունների դեմ երկու հարձակում է իրականացվել, որոնց կազմակերպումը երկրի Ներքին անվտանգության ծառայությունը վերագրում է ռուսական հետախուզական ծառայություններին։ Կառավարության գնահատմամբ՝ սահմանային անցակետերի փակումը պետք է նվազեցնի նման գործողությունների իրականացման հնարավորությունները։
Միաժամանակ, որոշումը չի նշանակում ամբողջ սահմանային հաղորդակցության դադարեցում․ այն վերաբերում է մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժին ցամաքային անցակետերով, իսկ երկաթուղային բեռնափոխադրումները կշարունակվեն գործող սահմանափակումների և խիստ մաքսային վերահսկողության պայմաններում։

Էստոնիայի օրինակը նաև ցույց է տալիս, որ տեղեկատվական ազդեցությունը, հետախուզությունը, ենթակառուցվածքների անվտանգությունն ու սահմանային վերահսկողությունն այսօր այլևս իրարից անջատ խնդիրներ չեն, այլ մեկ ընդհանուր անվտանգության համակարգի մաս։
Անահիտ Հարությունյան
The Doctors Migration: From Armenia to Europe
Ձեզ կարող է նաեվ հետաքրքրել

Թվային բռնության բառարան

Բժշկի ճանապարհը․ Հայաստանից դեպի Եվրոպա
