www.nizak.media
թվային բռնություն, Նիզակ Մեդիա, Կանայք և աղջիկներ, կիբեռ հանցագործություններ 2022 քրեական օրենսգիրք

Թվային բռնության բառարան

Ի՞նչ չի կարելի անել համացանցում

English version of the article

Օնլայն աշխարհը կյանքի մի մաս է դարձել, թե որտե՞ղ ենք ապրում ավելի շատ՝ իրակա՞ն, թե՞ առցանց տարածություններում, չենք էլ կարող չափել, թվային տեխնոլոգիաններն ամեն ինչ անում են, որ թափառենք այդ աշխարհում ու չհոգնենք, աշխարհի մի ծայրից ծայրը հասնենք, գտնենք ում կամ ինչ ցանկանանք։   

Բայց հենց այդ անսահմանության մեջ ամենահեշտն է  մոլորվել, հայտնի խաղի պես կարող ենք հանդիպել անիրական ու անանուն  մի քանի գլխանի դևերի, երբեմն հանցագործի գտնելը, նման կլինի հողմաղացների դեմ պայքարին, մեզ կխոցեն, բայց ո՞ր զենքով ու ինչպե՞ս, երկար ժամանակ չենք էլ պատկերացնի ու գիտակցի։ Եվ միայն թակարդակում հայտնվելով, կհասկանանք, թե ինչքան անզգույշ ենք քայլել այս մեծ աշխարհում։ 

Նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ընձեռում, ինչպես ցանկացած դեպքում մեկը այն կօգտագործի դեղ ստեղծելու համար, մյուսը՝ թույն։ Պատահական չէ, որ հանցագործները ևս տեղափոխվել են թվային աշխարհ, այն ինչ իրականում կատարվում է, հազարապատիկ մշակված, թիրախավորված իրագործում են օնլայն տարածքում։ 

Հենց այստեղ կարելի կորցնել հսկայական գումարներ, խոցվել այնպես ուժգին, ցավոտ, որ վերքերը միշտ մնան մեզ համար չսպիացող, եթե նույնիսկ մարդիկ մի օր մոռանան այդ մասին, որոնողական համակարգերը կհիշեն ու կհիշեցնեն  փնտրողին։   

Առցանց բռնությունը, վերքերը նույնքան իրական են, ինչպես ֆիզիկական  բռնությունից հետո մնացած կապտուկները, այնպիսի ծուղակներ կարող են հյուսել, որից  ազատվելը լինի գրեթե անհնար։ Այն կարող է վնասել անձին՝ առաջացնելով ամոթի և մեղքի զգացում, դեպրեսիա, խուճապի նոպաներ, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, մեկուսացում։

Առցանց թակարդները, որոնց մասին ոչ ոք չի պատմում

Բարձր աշխատավարձ, ճկուն գրաֆիկ, տանից աշխատելու հնավորություն, փորձ չի պահանջվում, ամեն ամիս բոնուսներ,  ձեզանից պահանջվում է ընդամենը ունենալ  ինտերնետ, միանալ Տելեգրամյան ալիքին  կամ գրանցվել ինչ-որ կայքում․․․

Շատ գայթակղիչ է, հատկապես այն, որ ոչ մի գիտելիք, հմտություն ու ընդունակություն չի պահանջում, բայց խոստանում է բարձր աշխատավարձ․․․ Ինչո՞ւ, ի՞նչ անվճար  գումարներ են, բարեգործությո՞ւն է, իհարկե՝ ոչ․․․ Սակայն նմանատիպ հայտարարությունների մեկնաբանությունները  լի են «+»-ներով ու «կմանրամասնեք»-ով։ Մարդիկ գրանցվում են աշխատանքի համար, լրացնում են տվյալները, հետո կոտրած էջեր, բանկային քարտեր,  կորած փաստաթղթեր․․․

Նման հայտարարության հետքերով էլ մեր հերոսն է գնացել։ Մոդելային աշխատանքի համար 22 տարեկան Մարինեն (անունը փոխված է-խմբ.)   սկսել է գրագրությունը: Հորդորել են գրանցվել «մոդելների» կայքում,  տվյալները լրացրել է, թեև կոտրել են ֆեյսբուքյան էջը, բայց շարունակել է հավատալ։ Չի կասկածել, վճարելու էին բարձր աշխատավարձ,  նվիրելու էին Iphone հեռախոս միայն նրա համար, որ նկարվելու էր հայելու դիմաց։ 

Ձայնագրության մեջ ավելի մանրամասն կներկայացնի Մարինեն, թե ինչպիսի թակարդ են պատրաստել աղջիկների համար  

Եթե Մարինեին հաջողվել է փրկվել, ապա չենք կարող ասել, թե 13-40 տարեկան քանի աղջիկ ու կին է հայտնվել այդ թակարդում ու ի՞նչ գնով են ազատվել։ 

Սա թվային կամ առցանց բռնության ընդամենը մեկ տեսակն է, բռնարարները մշակում են տարբեր մեխանիզմներ, որ կարողանան գրավել, հմայել, ապա շահագործեն խոցելի դարձած իրավիճակներն ու մարդկանց։  

Թվային չարաշահումը տեղի է ունենում, երբ մեկ անձ փորձում է շահարկել, վախեցնել, վերահսկել կամ վնասել մեկ այլ անձի՝ գաջեթների, հավելվածների և սոցիալական ցանցերի միջոցով: Այն հաճախ ուղեկցվում է բռնության այլ ձևերով, ներառյալ հուզական և ֆիզիկական: 

2020թ․ համավարակի ընթացքում ու հետո  օնլայն բնակիչների թիվը  մի քանի անգամ ավելացավ։ Տարբեր երկրներում հարցումները ցույց են տալիս, որ կանանց 85% օնլայն բռնության ենթարկվել է կամ ականատես է եղել, խնդիրը չունի աշխարհագրություն, թվային տարածքում վտանգավոր  է ամենուր։ 

 

 

 

Կանանց 92% նշել է, որ առցանց բռնությունը վնասել է իրենց հոգեկան հանգիստը ու որոշել են սահմանափակել  հրապարակումները համացանցում՝ չկիսվելով իրենց մտքերով ու կարծիքով։ 

2022-2024թթ առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է հանցագործության 3497 դեպք, որոնց գերակշիռ մասը՝ 3091 դեպք, կազմում են ֆինանսական հափշտակությունները։ Մասնավորապես, շորթման դեպքերով 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է 158 դեպք, սակայն ոստիկանությունը տուժողների, կանանց և աղջիկների վերաբերյալ  համացանցով կատարված լինելու վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացնում։ 

Հայաստանում կիբեռհանցագործությունները տարեցտարի ավելանում են, եթե 2019թ-ին գրացվել է մոտ 300 դեպք, ապա 2023թ-ին՝ մոտ 1198։ Քառակի այս աճը միայն վերաբերում է այն դեպքերին, որոնք հասել են ոստիկանություն։   

Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրով կատարված զեկույցը հավաստում է, որ քչերն են դիմում ոստիկանություն։ Հարցվածների ընդամենը 23 տոկոսն է դիմել իրավապահ մարմիններին։ 

«Հետազոտության նպատակն էր ընդգծել, թե կիբեռ տիրույթի հանցագործությունների մաս կազմո՞ւմ են այնպիսիները, որոնք կանանց նկատմամբ  հատուկ ուղղություն են, անհրաժեշտություն կա՞ այդ մասով իրականացնել կանխարգելիչ գործողություններ, թե՞ ոչ։  Տարատեսակ հարցումները հետաքրքիր փաստեր բացահայտեցին՝ օրենսդրական բացեր, արձագանքման ու կանխարգելման մասով նույնպես։ Կային դեպքեր, որ տուժողը հաղորդում էր ներկայացրել, բայց ոստիկանությունը պատշաճ կերպով գործիքակազմ չի ունեցել  արձագանքելու համար, ոստիկանությունը կարծել է, որ  հանցագործություն չէ, այսինքն՝ պատշաճ տեղեկություն չի ունեցել  հասկանալու դրա կարևորությունը»,-նշում է Եվրոպայի խորհրդի ազգային խորհրդատու Անահիտ Պարզյանը։  “

Սոցցանցերում ակտիվ, անկեղծ ու ազատ լինելու վտանգները

«Ես միշտ ակտիվ եմ պահում իմ սոցիալական ցանցերը և չէի պատկերացնում, որ կարող է լուրջ խնդիր դառնալ»,- ասում է մեր զրուցակիցը։ Չեմ կարծում, որ առօրյայով կիսվելը ամոթալի է: Մինչև իմ էջում հայտնվեց «առցանց ընկեր»: Սկզբում նա մեկնաբանում էր իմ բոլոր լուսանկարները, հետո սկսեց գրել անձնական հաղորդագրություններ։ Ժամանակի ընթացքում նա չափերն անցավ և ես ստիպված էի արգելափակել նրան: Բայց նա սկսեց տարբեր էջերով ու անուններով գրել, ես բոլորը արգելափակում էի։ Հետո իմ լուսանկարներով կեղծ  էջ էր ստեղծել, որտեղ իմ անունից գրում էր մարդկանց։ Ու այդ օրվանից իմ կյանքը վերածվեց դժոխքի… ես չգիտեմ, թե ինչ էր նա գրում, փողոցում ինձ տեսնում, վիրավորական բառեր էին ասում, տղամարդիկ մոտենում անպարկեշտ առաջարկներ էին անում»։

«Նա ինձ հետապնդել է մեկ տարի,-շարունակում է կինը։ Հետո նա ինքն իրեն ինչ-որ տեղ անհետացավ: 

Բայց ես այնքան էի վախեցել, արդեն չեմ տեղադրում իմ լուսանկարներն ու գրառումները չեմ անում։ Միշտ մտածում եմ, որ նա նորից կհայտնվի»:

Untitled(3) (2)

Թվային բռնության բառարան

Բռնությունը կարող է շարունակվել երկար ու այդ վախերը միշտ ուղեկցեն տուժողներին։ Զոհի մոտ հոգեբանական հետևանքները կարող են ծանր լինել, ավելի ցավոտ, քան բռուցքով հարվածները, ավելի խոցող, քան խոհանոցային դանակը, ավելի խեղդող, քան  պարանոցին սեղմված ձեռքերը

Թվային տարածքում անվտանգ լինելու համար նաև պետք է ճանաչել, թե բռնության ինչ ձևեր կան հատկապես կանանց և աղջիկների նկատմամբ։  

      Կիբեռհալածանք (cyberbullying) – վիրավորանքներ, սպառնալիքներ կամ նվաստացնող մեկնաբանություններ ու հաղորդագրություններ, որոնք շարունակաբար գրվում են սոցիալական մեդիայում՝ խոցելու կնոջ արժանապատվությունը, հեղինակությունը։ Հատկապես խոցելի են առցանց գործունեություն իրականացնող կանայք, այդ թվում՝ լրագրողները, ակտիվիստները և հասարակական գործիչները։ 

   Տեղեկատվական բռնություն (doxing) – կնոջ անձնական տվյալների՝ օրինակ՝ հեռախոսահամարի, հասցեի կամ աշխատանքի վայրի հրապարակումը՝ նրան վնասելու կամ սպառնալու նպատակով։ Հաճախ համակցվում է սպառնալիքների հետ։ Նման հրապարակումներ կարելի է հանդիպել Tiktok-ում, Telegram-ում

  Վրեժխնդրության նպատակով պոռնագրաֆիա և պատկերների տարածումը – առանց կնոջ համաձայնության նրա մերկ լուսանկարների կամ տեսանյութերի  տարածումը, որը կարող է լուրջ վնաս հասցնել անձնական և սոցիալական կյանքին։ Միաժամանակ արհեստական  բանականության գործիքները թույլ են տալիս ստեղծել դիփֆեյկեր (մարմինները, դեմքերը հարմարեցնելով  ցանկացած տեսանյութի)։ Այս տեսակի տեխնոլոգիաները հասանելի են մատչելի գներով, որոնք կարող են օգտագործվել բաց և թաքնված ցանցերում պոռնոգրաֆիկ բովանդակության արտադրման և վաճառքի համար։ 

Սեռական ոտնձգություններ և սեքսուալ բռնություն /Sextortion/ – սեռական բնույթի հաղորդագրություններ, լուսանկարների պահանջներ կամ սեռական թեմաներով վիրավորական մեկնաբանություններ, որոնք ունեն կանանց նվաստացնելու նպատակ։

Միջամտություն սոցիալական մեդիայի հաշիվներին – հաշիվների կոտրումը կամ ապօրինի մուտքը՝ հսկելու, տեղեկությունը ջնջելու կամ վիրավորական նյութեր հրապարակելու նպատակով։ 

      Կիբեռհետապնդում (cyberstalking) և հետամտում – կանանց մշտական առցանց հետևելը կամ անընդհատ գրառումների և անձնական տվյալների վրա հսկողություն սահմանելը, որը հաճախ ուղեկցվում է վախեցնող կամ սպառնալից հաղորդագրություններով։ Թվային տեխնոլոգիաների միջոցով կանանց վերահսկելը, օրինակ՝ տեղորոշման ծրագրերի միջոցով տեղաշարժի  հսկողություն սահմանելը կամ որոշ լրտեսող հավելվածների միջոցով նրանց զանգերն ու հաղորդագրությունները հսկելը։

Կեղծ էջերի և պրոֆիլների ստեղծում–կեղծ էջերի կամ պրոֆիլների միջոցով կանանց անունից նյութեր տարածելը՝ նրանց հեղինակությունը վնասելու համար։

-Մենք ունեցել ենք դեպք, երբ ինստագրամյան և տիկտոկյան  էջ էին բացել, կնոջ լուսանկարը տեղադրել ու նշել էին, որ սեքս աշխատող է ու գրել էին հեռախոսահամարը։ Այդ կնոջը գիշեր-ցերեկ  զանգահարել էին, ինքը կապ չուներ ու չէր հասկանում ինչ է կատարվում։ Զանգել, հարցրել էին, թե ի՞նչ արժի ձեր ծառայությունները, որտե՞ղ կարող ենք հանդիպել, ե՞րբ կգաս․․․ Այդ կինը ահավոր վիճակում էր։ Մեկը ուզեցել էր նրա պատվի, արժանապատվության հետ խաղալ։ Սա ևս բռնություն է ու կարող է խաթարել կնոջ հոգեկան հանգիստը և ոչ միայն,-ասում է Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոնի սոցիալական աշխատող  Լինա Անտոնյանը։

Առցանց բռնարարքն ընտանիքում-զուգընկերներն կարող են մշտադիտարկել կնոջ առցանց հաղորդակցությունները, ընկերների ցանկը, սահմանափակում են ազատ շփումը։ Հոգեբան Սիրանուշ Դավթյանը նաև խոսում է, թե ինչ է ցույց տալիս միջազգային փորձը այս հարցում․ 

  -Ասել, որ  կարող է թվային հարթությունից բռնությունը անմիջականորեն անցնել  ֆիզիկական բռնության, շատ դժվար է։ Իհարկե եղել, որ  կինը թույլ չի տվել, որ ամուսինը  նամակները կարդա ու դրա պատճառով է բռնությունը եղել։ Սակայն  եթե նայենք միջազգային փորձը, պատճառը միայն դա չի եղել։ Փնջային վերահսկողության անիվի արդյունքն է, որը այդ օրը ֆիզիկական բռնությամբ է  արտահայտվել, բայց սովորաբար ուղիղ պատճառահետևանքային մասով չեք կարող նայել։ 

Կիբեռշորթումը և ֆինանսական շահագործումը-Կանայք նույնպես կարող են լինել կիբեռշորթման զոհեր, որտեղ բռնություն գործադրող անձինք ամոթալի կամ հեղինակությունը վարկաբեկող առցանց գործողությունները բացահայտելու սպառնալիքով պահանջում են գումար կամ անձնական տվյալներ: Ֆինանսական շահագործումը կարող է ներառել նաև բանկային հաշիվների կոտրումը, կիբեռվիրուսները, ֆիշինգ և այլն։ 

 

Untitled(3)

Համացանցում կան բազմաթիվ թակարդներ, օգտվում են մարդկանց միամտությունից ու կամ ծանր իրավիճակից։ Օրինակ՝ լուսանկարներում, համացանցի օգտատերերից մեկը ներկայանում է գինեկոլոգ և անվճար ծառայություններ է մատուցում։ Խորհրդատվությունն ու բուժումն էլ կատարվում է մարմնի ինտիմ  մասերի լուսանկարով։ Անվճար լինելու հանգամանքով պայմանավորված, շատերն են դիմում, բայց առանց հետազոտությունների «գինեկոլոգը» ինչպե՞ս է ախտորոշում, մարդիկ երկար չեն մտածում, ուղարկում են նկարները․․․ հետո արդեն գումարի պահանջ՝ լուսանկարը չհրապարակելու համար։ Նույնը կարելի է ասել, անվճար հոգեբանի մասին, երբ օգտվում են հոգեբանական ծանր իրավիճակից, հավաքում տեղեկատվություն մեծ խմբում ու առաջարկում զբաղվել մարմնավաճառությամբ՝ լուծելու համար ֆինանսական ու հոգեբանական խնդիրները կամ սեղանի ձևավորման աշխատանքը դառնում է այլ ծառայության մատուցման առաջարկ։

Իրավական կարգավորումներն ու բացերը

Թվային տարածքում դեպքերը բազմազան են, հաճախ իրավապահ մարմիններն ու փաստաբանները կարող են գնահատական տալ, թե հանցագործության որ տեսակներն են կիրառվել։ Շանտաժը (սպառնանք) ինքը հանցագործությունների փունջ է, նայած թե այդ սպառնալիքը ինչին է միտված՝ գումար, սեռական գործողություն, նկարի տարածում, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիության խախտում, պոռնկագրական նյութերի հրապարակում, գույքի պահանջ, հետևաբար գործում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ՝ պատժի տարբեր չափաբաժիններով՝ տուգանքից մինչև 10 տարվա ազատազրկում։

Կարևոր գործոն է, թե մենք հասարակ հանցագործությունն ենք դիտարկում, թե ծանրացնող հանգամանքներ կան։ Եթե վերցնենք շորթումը,պատասխանատվություն է նախատեսում մինչ 4 տարի ազատազրկում, բայց եթե կան ծանրացնող հանգամանքներ 3-6տարի, անգամ 6-12 ազատազրկում է նախատեսում։ Եթե այդ նույն սպառնալիքը միտված է սեռական հարաբերություն պահանջելուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածն է, եթե որևիցե բան չի պահանջվում, բայց կա անձնական բնույթի ինչ որ տեղեկատվություն, մենք քննարկում ենք լրիվ այլ հանցագործություններ,- պարզաբանում է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը

-Եթե պոռնկագրական բնույթի նկարներ են ուղարկում անորոշ շրջանակի, այս դեպքում քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածն է։ Եթե այդ նյութը պոռնկագրական չէ, բայց անձնական է, օրինակ կիսամերկ լուսանկարներ կամ անձնական բնույթի նկարներ, առաջնորդվում ենք 204-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտում։
Նման դեպքեր հաճախ լինում են, երբ համացանցում հայտնվում են հայտնի դերասանների կամ անձանց լուսանկարներ։ Փորձաքննություն է նշանակվում ամեն լուսանկարի վերաբերյալ, պարզելու համար պոռնկագրական են, թե անձնական բնույթի էրոտիկ նկարներ են։ Ու ըստ այդմ փոխվում են պատժի տեսակներն ու չափերը, տուգանքից մինչև մի քանի տարով ազատազրկում։
Փաստաբանը նաև հորդորում է, որ բոլոր պահանջների պարագայում, պետք է հիշել հետևյալը․
    -Երբեք չվճարել, չկատարել որևէ պահանջ։ Եթե մեկ անգամ տուժողը համաձայնեց պահանջը իրականացնել, կիրառվելու է պարբերաբար։ 

RCF40TC0_output_2
Untitled(2) (2)

Ոչ միայն սպառնալիքները, նաև թվային տիրույթի այլ հանցագործություններն են ՀՀ քրեական օրենսգիրքով կարգավորվում։ Օրինակ հետամտելը՝ անձին հետևելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար և անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել կամ ստիպել է էապես փոխել իր կենսակերպը, ապա սահմանվում է պատիժ տուգանքից մինչև ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

 

Անդրադառնալով օրենսդրական կարգավորումներին, 2022թ․ հունիսից ուժի մեջ մտած քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը բավական առաջադիմական են,որոշ խնդիրներ կան փորձաքննությունների ժամանակ արհեստական բանականությամբ գեներացված նյութերի հետ աշխատելիս։  

Կա նաև ոլորտում մասնագիտացման խնդիր, ունենք իրավապահներ և տեխեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, իսկ կիբեռհանցագործությունների ոլորտում լավ մասնագետ լինելու համար,  հարկավոր է այս երկու մասնագիտացումների իմացությունը։ Չունենք դատավորներ, փաստաբաններ, որոնք մասնագիտացված են այս հարցերով։ Մյուս կողմից կարևոր է աջակցող կենտրոնների, հասարակական ոլորտի ակտիվացումն ու օգնությունը բռնության այս տեսակը ճանաչելու, կանխարգելելու ու պայքարելու համար։ Այս մասին է նաև փաստում «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագրով կատարված հարցումներն ու զեկույցը, որով նաև կարևորվում է պետական, իրավական համակարգերի,  կազմակերպությունների,  ընդհանուր և մասնագիտացված աջակցություն ցուցաբերող ծառայությունների ուսուցումը և դրանց կարողությունների զարգացումը, ինչը հնարավորություն կտա բացահայտել ու արձագանքել կանանց նկատմամբ թվային հարթությունում բռնության դեպքերին:

 

Առցանց տիրույթի «կանոնագիրք»

Այն ինչ հրապարակվում է համացանցում, միշտ մնալու է։
Զգույշ եղե՛ք տեքստ, ձայնային հաղորդագրություն, լուսանկար կիսվելուց առաջ։
Պարբերաբար ստուգեք գաղտնիության կարգավորումները.
Փոխեք գաղտնաբառերը՝ սոցիալական ցանցերի համար ընտրեք ապահով գաղտնաբառեր, երկգործոն նույնականացում (two-factor authentication):
Ստուգեք՝ արդյոք ձեր սարքերն ունեն լրտեսող ծրագրեր։ Եթե ունեք կասկածներ, դիմեք կիբեռանվտանգության մասնագետներին։
Օգնություն խնդրեք հարազատներից, ընկերներից և ընտանեկան բռնության մասնագետներից: Կարևոր է կիսվել, թե ինչ է կատարվում։
Հավաքեք ապացույցներ՝ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, նամակագրության սքրինշոթներ, որոնք ձեզ վիրավորում են, սպառնում:
Դիմեք իրավապահ մարմիններին։
Դիմեք հոգեբանին, խորհրդակցեք փաստաբանի հետ:
Խուսափեք ինքնամեղադրանքից. Ավելի լավ է փորձել վերաիմաստավորել կատարվածը և անձնական սահմաններ դնելու հմտությունները սովորել:
Բարի եղեք ինքներդ ձեր հանդեպ, հետևեք ձեր մտքերին և զգացմունքներին և սովորեք ընդունել ձեր անկատարությունները առանց դատելու:
Խուսափեք հանգստացնող դեղերի չարաշահումից և այն ամենից, ինչը կարող է ձեզ ֆիզիկական կամ էմոցիոնալ վնաս պատճառել:
Փնտրեք աջակցություն, որտեղ ձեզ կլսեն, կհասկանան և կընդունեն:

Հոդվածի հեղինակ՝ Անահիտ Հարությունյան