www.nizak.media

Չպայթած ականներ, լողացող վարակներ․ Սև ծովի էկոլոգիական վիճակը

Ուկրաինայում մեծամասշտաբ հումանիտար ու բնապահպանական աղետ է։ Հունիսի 6-ի առավոտյան Կախովկա ՀԷԿ-ի պայթյունի հետեւանքները շարունակում են ավելի ահագնանալ։ Ռազմագետներին մտահոգում են ջրի մեջ մնացած չպայթած ականները, իսկ համաճարակաբաններին՝ ինֆեկցիայի բռնկումը։ 
Արդյոք  աղտոտված ջուրը կարո՞ղ է հասնել Վրաստանի ափեր ու առողջապահական, բնապահպանական խնդիրներ առաջացնել զբոսաշրջային սեզոնին։ 

Ուկրանական աղբյուրների համաձայն Դնեպր է լցվել 150 տոննա մեքենայի յուղ, 300 տոննա նավթամթերք, հազարավոր սատկած կենդանիներ, ինչպես նաև չպայթած ռազմական մթերքներ, դեռևս 1950-ականներից կուտակված ռադիոակտիվ նյութերի նստվածք։ Դնեպր գետի  դելտան  լցվում է Սև ծով։ Օդեսայի ափերին արդեն իսկ նկատելի են կենցաղային աղբ, թափոններ, ջուրը փոխել է գույնը, հոտը։   

Հետևանքները ոչ միայն մեկ  տարածաշրջանին է վերաբերվում այլ հազարավոր կիլոմետրով տարածվելու ռիսկ կա։ Մասնավորապես, Բուլղարիա, Թուրքիա, Ռումինիա․․․

«Շատերը մոռանում են, որ Դնեպրը լցվում է Սև ծով, իսկ Կախովկայի ողբերգության հետևանքով 18 միլիարդ քմ ջուր, դրա հետ միասին գերեզմաններ, ֆերմաներ, պարարտանյութեր, հազարավոր հորեր ու զուգարաններ, կոյուղի, աղբավայրեր, հազարավոր տոննա  սատկած ձկներ․․․ Ու այդ ամենը Սև ծով է լցվում»-ասում է ուկրանացի բժիշկ Եվգենիի Կոմառովսկին։

Պայթյունից հետո հարյուրավոր ականներ են հոսել ջրի մեջ։ Թե նման ականները կհասնեն Վրաստանի ափի՞ն, թե՞ ոչ, կախված է դրանց տեսակից։ Վրացի վերլուծաբան Գիգա Իաշվինին իր հարցազրույցի ժամանակ նշել է, որ Դնեպրի ափերին ռուսական բանակը  հազարավոր ականներ է  տեղադրել։

«Հակադեսանտային ականները դժվար թե հասնեն, բայց խորհրդային արտադրության հակահետևակային ականները կարող են լողալ, անցնել  երկար հեռավորություններ»-ասում է նա։  Վրացի այլ փորձագետներ ևս հաստատել են սա։

Վրաստանի բանակի նախկին Գլխավոր շտապի պետ Վախտանգ Կապանաձեն նշել է, որ հակատանկային ականները ավելի ծանր են ու երկար չեն կարող լողալ, կարող են հասնել մինչև Օդեսա, բայց հակահետևակային  ականները պլաստմասե են ու կարող են լողալ երկար տարածություններ։ Հավանական է, պատահաբար դրանք հայտնվեն են վրացական ափերում ու վնասեն ավելի շատ մարդկանց, քան նավերին։

Ջրի աղտոտվածության հետևանքներն ու կանխատեսումները


ՀԷԿ-ի պայթյունից հետո Դնեպր գետը։ Արբանյակային լուսանկարը 05․06․2023  և 20․06․2023

Պայթյունի հետևանքով բարձրացել  է ջրի մեջ ազոտի ու ֆոսֆորի մակարդակը, որը մահացու է կենդանի օրգանիզմների համար։ Իսկ ջերմաստիճանի բարձրացումը նպաստում, որ մանրէները  զարգանան ու  վարակեն մարդկանց։ Այնպես, որ ականներից բացի, չի բացառվում համաճարակ վրացական ափերին ևս։

«Խոսակցությունները, որ մեզանից 1500 կիլոմետր հեռու այն ինչ եղել է, Վրաստանի ափերին չի սպառնում, անլուրջ են»-ասում է ձկնաբան, «Ֆլորա ու ֆաունա» ասոցիացիայի ներկայացուցիչ Արչիլ Գուչմանիձեն, ապա նաև հավելել, որ հետևանքներն ու վտանգն ամբողջական ներկայացնելու համար պետք է ուսումնասիրություններ կատարվեն։

Հունիսի 19-ից Ուկրաինան պաշտոնապես արգելել է լողն ու ձկնորսությունն  սևծովյան իր ափին։ Մասնագետներն ընդգծում են, որ լուրջ հիվանդությամբ հնարավոր է վարակվել ոչ միայն կեղտոտ ջուր կուլ տալով, այլև մաշկի վրա առկա կտրվածքների և քերծվածքների միջոցով։

Բժիշկ Կոմարովսկին  զգուշացնում է, որ սևծովյան ափերում պետք է  ուշադիր ու հետևողական լինեն․

«Ափերում, սրճարաններում վաճառում են ծովային մթերքներ, մեծ վտանգի տակ են հղիներն ու երեխաները, հնարավոր է աղիքային սուր հիվանդություններ՝ տիֆ, խոլերա, վտանգավոր են աղիքային ցուպիկներն ու սալմոնելաների տարածումը,-նշել է բժիշկը։

Ջրի աղիությունը նորմայից երկու անգամ նվազել է

Այս մասին հունիսի 10-ին հայտնել է Օդեսայի քաղաքապետարանը, հենց այդ օրն էլ հայտնել է ջրում խոլերայի վիբրոնների, աստրովիրուսի մասին։

Աղի պակասը իդեալական պայմաններ է ապահովում կանաչ ջրիմուռների բազմացման համար, որոնք խախտում են թթվածնի հավասարակշռությունը ջրում, ինչի հետևանքով փոխվում է ջրի գույնը և հոտը, իսկ ձկների համար թթվածինը անբավարար է դառնում, ինչն էլ  հանգեցնում է նրանց անկմանը:

Ծովային էկոլոգիայի ինստիտուտում ներկայումս աշխատանքներ են տարվում կանխատեսելու, թե արդյոք Սև ծովը կարող է դիմակայել աղբի և ջրի նման հոսքին: «Ծովը կվերականգնվի, բայց դրա համար ժամանակ կպահանջվի, նվազագույնը մեկ-երկու տարի, մենք հիմա գնահատման փուլում ենք, և հաջորդ քայլը կլինի կանխատեսումը»,- ասում են նրանք։

Մանրէների և վիրուսների կոկտեյլ

Մեկ ամիս անց՝ hուլիսի 10-ին  Օդեսայի ափերի ջրի մոնիտորինգի հետազոտության արդյունքներով նշված է

«Սանիտարական և մանրէաբանական ցուցանիշների խոլերային վիբրոններ են հայտնաբերվել (խոլերայի հարուցիչ չեն, բայց աղիքային սուր վարակների պատճառ են):

Թեև անցած շաբաթ սանիտարա-մանրէաբանական և սանիտարահիգիենիկ ցուցանիշների առումով պարբերաբար նկատվել է ծովի ջրի նմուշների որակի բարելավում, սակայն բարելավման միտումը կարճաժամկետ բնույթ է կրում։ Արդյունքները տարբերվում են՝ կախված եղանակային պայմաններից (ջերմաստիճան, քամու ուղղություն), ինչի պատճառով նստվածքը կարող է բարձրանալ ծովի հատակից, ինչպես նաև նոր աղտոտված ջրային զանգվածներ կարող են մտնել Դնեպր գետի գետաբերանի կողմից։

Ներկայումս Օդեսա քաղաքի տարածքում արգելված է ծովում լողալը,  ձկնորսությունը,  ծովային այլ ջրային կենսաբանական ռեսուրսների օգտագործումը»։

Ոչ միայն Օդեսայի ափերին, այլև հենց Բաթումիի ափերին մոտ Աբխազիայում լողալով ափ էին հասել խոզերի մարմիններ, Բուլղարիայում կովերի ․․․

Որոշ բնապահպաններ հերքում են կամ հակառակը համոզում


Բաթումիում բնակվող բնապահպան Կախա Գուչմանիձեն վստահեցնում է, որ  այդ ամենն այժմ չի սպառնում վրացական ափերին։ «Գիտնականները անվանում են «մակերևութային հոսանքի ցիկլ», և այս շարժումը տեղի է ունենում հյուսիսից հարավ: Նշանակում է, ջուրը, որը գալիս է Ուկրաինայից, մինչև Վրաստան հասնելը, պետք է անցնի գրեթե ամբողջ շրջանով Սև ծովով՝ Ռումինիայի, Բուլղարիայի և մասամբ Թուրքիայի միջով, և հասնի վրացական ափեր։

Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հավանականությունը, որ աղտոտվածությունը կարող է հայտնվել Ուկրաինայից՝ Կախովկայի ջրամբարից, նվազագույն է։ Դա չի ազդի Սեւ ծովում լողափի ջրի որակի վրա եւ խուճապի պատճառ չկա։ Բայց դա մեզ հիմք չի տալիս ձեռքերս ծալած նստել և սպասել: Անհրաժեշտ է ամեն օր ջրի նմուշներ վերցնել և ստուգել կենսաբանական և քիմիական ցուցանիշները, ինչպես նաև ուսումնասիրել ձկնորսության շրջանում, հատկապես աշնանը, իխտիոֆաունան, որպեսզի իմանանք, թե արդյոք աղտոտվածությունը մտել է ձկան հյուսվածքները», ասում է Գուչմանիձեն։

Վրաստանում մի քանի օր առաջ ջրի որակի հետազոտություններ էին անցկացրել,  առաջիկայում նախատեսում են ափերում, մինչև 50 մետր հեռավորությամբ  նմուշառումներով հետազոտել բաղադրությունը, հիմնականում հետևելով սալմոնելաների առկայությունը ջրում,  խոլերայի վիբրոնների և այլ բակտերիաներինը։

Սակայն ինչպես նշել ենք դեռևս մեկ ամիս առաջ  Օդեսայի ափերին հայտնաբերել էին խոլերայի վիբրոններ ու այդ ամսվա ընթացքում բակտերիաները ինչպես են լողացել ու թե երբ ուր կհասնեն ու ջերմաստիճանի բարձրացման, քամիների հետևանքով ինչ դրսևորումներ ու ինչ տարածվածության աստիճանի կհասնեն  կարելի է միայն ենթադրել։

Իսկ զբոսաշրջային բիզնեսում ոչ բոլորն են այս մասին տեղեկացնում իրենց հաճախորդներին՝ բիզնես շահ, թե՞ առողջապահական վտանգ։ Այս ընտրության մեջ ոչ բոլորն են անկեղծ։ Որոշ աղբյուրներում՝ Բաթումին, Սոչին, Ղրիմը հավաստացնում են, որ իրենց ափերին չի հասել ու անվտանգ է, իսկ հետազոտողները ահագնացող վտանգի մասին են ահազանգում ու ուսումնասիրությունները շարունակում։ Ոչ միայն լողացող ականները կարող են վտանգ ներկայացնել, այլև լողացող բակտերիաները։  Եթե տեղացիներից շատերը ձեռնպահ են մնում ծովում լողալ, ապա շատ զբոսաշրջիկների համար կարող է լինել մտահոգող ու նախազգուշացում։  

13․07․2023 

Հոդվածի աղբյուրներն են՝

https://greenly.earth/en-us/blog/ecology-news/what-the-destruction-of-kakhovka-dam-means-for-the-environment  

https://tsn.ua/en/ato/the-worst-is-yet-to-come-ecologists-explained-why-the-water-in-the-black-sea-has-changed-color-and-what-to-expect-next-2353237.html 

https://www.gazeta.ru/social/news/2023/06/30/20776940.shtml?updated 

https://novosti.dn.ua/ru/article/8574-pitevaya-voda-posle-unichtozheniya-kahovskoj-ges-opasna-kak-izbezhat-infektsij 

https://zona.media/article/2023/06/21/eco 

https://novayagazeta.eu/articles/2023/07/01/udarnaia-volna 


Գլխավոր էջ