www.nizak.media

Բժշկի ճանապարհը․ Հայաստանից դեպի Եվրոպա

Բարձր աշխատավարձ ու մասնագիտական աճ․
Երկու կարևոր պատճառ ճամպրուկները հավաքելու, փաստաթղթերը թարգմանանելու ու նորից զրոյից սկսելու պատրաստակամությամբ ճանապարհ ընկնելու համար։
Առաջին հայացքից հեշտ թվացող ընթացք, քո ձեռքին է ամենապահանջված մասնագիտության՝ բժշկի դիպլոմը, բայց այլ երկրում աշխատելու համար ինչքան էլ փորձ ունենաս սեփական երկրում, միևնույն է, եվրոպական հիվանդանոցներ հասնելու ճամփան բարդ է, երկարատև, քննությունների ու ապացույցների երկար ձգվող շղթա, որը պետք է անցնել ու քայլ առ քայլ հաղթահարել։

Լեզուն և կարոտը․․․ եթե կհաղթահարեն, թող գան

-Ամենաբարդը լեզուն է, եթե լեզուն գիտես, ուրեմն 85 տոկոս հաղթահարել ես ամեն ինչ,-ասում է բժշկուհի Կարմեն Գևորգյանը։ Նա արդեն 3 տարի է աշխատում է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում ու վերհիշում է այն ընթացքը, որ տևել է տարիներ։

-Շատ բարդ է, ես Հայաստանում աշխատում էի շատ ծանրաբեռնված, մի քանի տեղ էի աշխատում, ու զրոյից սկսեցի սովորել գերմաներեն։ Պետք է պատրաստ լինել ամեն առավոտ կամ երեկոյան գնալ դասերի։ Առավոտ գնում էի գերմաներեն սովորելու, հետո մի քանի տեղ աշխատանք, երբեմն գիշերային հերթապահություն ու հետո առավոտյան 7-ին նորից դաս։

Երկու տարի է պահանջվել լաբորատորիայի բժշկուհուն գերմաներենի B2 մակարդակի քննությունը հաջողությամբ հանձնելու համար։ Հետո սկսվել է հաջորդ շրջանը, գտնել հիվանդանոց, որը պատրաստ կլինի ընդունել բժշկին։ Սակայն սրանով ամեն ինչ չի ավարտվում։ Թեև Կարմեն Գևորգյանը ուներ 10 տարվա աշխատանքային փորձ, Գերմանիայում դեռ պետք է ապացուցեր ու հաստատեր դիպլոմը։

— Մենք մեր փաստաթղթերը ուղարկում ենք Գերմանիայի Դաշնության Առողջապահության նախարարություն, հետո Կրթության նախարարություն։ Նայում են մեր դիպլոմն ու ուսումնասիրած առարկաների ցանկն ու ժամաքանակը, և համեմատում իրենց երկրում ընդունված չափորոշիչներին, եթե կան բացեր պետք է լրացնել։ Օրինակ, եթե վիրաբուժությունը 50 ժամ ես սովորել, բայց իրենց մոտ 60 է, պետք է համալրել այդ բացը, սովորել ու հանձնել քննություն կամ աշխատել հիվանդանոցում ու գործնականորեն լրացնել բացը։ Մինչ քո դիպլոմի հաստատումը (լիցենզավորումը) կարող ես աշխատել բժշկի վերահսկողությամբ ու սպասել,-նշում է բժշկուհին։

Սպասում կարող է երկար տևել, եթե մի քանի տարի առաջ 3-6 ամիս էր  այդ ընթացքը, հիմա մինչև երկու տարի։ Պատճառը դիմողների մեծ քանակն է։ Գնում են ոչ միայն Հայաստանից, այլև տարբեր երկրներից, շատերին է գրավում աշխատավարձը,  պայմանները։ 

-Հիմա ես աշխատում եմ կեսդրույքով ու Հայաստանի համեմատ ստանում եմ եռակի ավելի աշխատավարձ։ Ոչ թե ստիպում, այլ քո հայեցողությամբ կարող ես հավելյալ աշխատել ու վճարվել։ Հայաստանում օրերով աշխատել եմ, հերթապահության եմ մնացել ու այնպիսի գումարով, որ անգամ ծիծաղելի է,-վերհիշում է բժշկուհին։

Մյուս կարևոր խնդիրը մասնագիտական աճն ու կայունությունն է, որ տանում է բժիշկներին դեպի եվրոպական երկրներ։ Կարմեն Գևորգյանի շրջապատում մինչև 40 տարեկանները ձգտում են տեղափոխվել ու աշխատանք գտնել արտերկրում։

-Հայաստանում, եթե ուզենան աշխատանք գտնել, կգտնեն, բայց ինչքանով աշխատավարձը կբավարարի բժշիկներին, խնդիրը սա է։ Ես էնդոկրինոլոգի էի ճանաչում, նոր էր ավարտել համալսարանը, աշխատանք չէր գտնում, հետո գտավ ու ամիսը 5000 դրամով էր աշխատում։ Չնայած հիմա լավ պաշտոն ունի, սակայն դրան հասնելու համար 10 տարուց ավելի անցավ։ Դրա համար ոչ մի նորավարտ չի ուզում տարիներով սպասել։ Այստեղ ավելի հեշտ է, աշխատանքում մի քիչ կչարչարվեն, ամենաշատը 3 տարի անց արդյունքի կհասնեն։
Հոգեբանական ծանր պահեր լինում են, չնայած հայերս շուտ հարմարվում ենք, չեմ կարծում, որ որևէ մեկը այստեղ կոտրվի, միայն լեզվի մասով կարող է խեղճանալ ու կարոտը։

Եվրոպան ունի 1․2 միլիոն բժիշկների, բուժքույրերի ու մանկաբարձերի կարիք

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ) տվյալներով 2022թ․ ԵՄ երկրներում 1,2 միլիոն բուժանձնակազմի պակաս կա, եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչև 2030թ․-ին այս թիվը կարող է հասնել 4,1 միլիոնի։

Պատճառներից հիմնականը՝
1․ Ծերացող բնակչություն-Եվրոպայում ժողովրդագրական փոփոխությունների հետևանքով կանխատեսվում է, որ 2050թ․ ԵՄ երկրներում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը 2023թ 21%-ից կհասնի մինչև 29%։ ԵՄ-ում կյանքի տևողությունը հասել է մոտ 81.5 տարվա, սակայն  մարդկանց վերջին 20 տարիների կեսից ավելին անցնում է քրոնիկ հիվանդություններով և տարբեր տեսակի հաշմանդամություններով:

2․ Ծերացող առողջապահական աշխատուժ— ԵՄ-ում բժիշկների մեկ երրորդից ավելին և բուժքույրերի մեկ քառորդը 55 տարեկանից բարձր են, բնականաբար, առաջիկա տարիներին կանցնեն թոշակի, միևնույն ժամանակ, երիտասարդների շրջանում առողջապահական կարիերայի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է։  Ներկայացված սանդղակում երևում է, թե Իտալիայում, Իսրայելում ինչքան շատ են ավագ սերնդի բժիշկները, իսկ, երբ երիտասարդները չեն լրացնում համակարգը, մի քանի տարի անց հազարավոր բժիշկների աշխատատեղեր կմնան թափուր։ 

Պակասը լրացնելու, համակարգը առողջացնելու համար ԵՄ երկրները ներգրավում են տարբեր պետությունների մասնագետներին։ Օրինակ, Գերմանիայում բացը համալրում են Սիրիայի, Ռումինիայի, Ավստրալիայի, Հունաստանի, Ռուսատանի, Թուրքիայի, ԱՊՀ երկրների բժիշկներն ու բուժքույրերը։ 2023թ․ տվյալներով Գերմանիայում աշխատում են 558․000 օտարերկրյա բժիշկներ։ 

Ու ամեն տարի այս թիվը աճում է, եթե 2013թ-ին Գերմանիայի Դաշնությունում մոտ 30․000 օտարերկացի  բժիշկ է  սկսել աշխատել, 2023թ․ թիվը միայն մեկ տարվա ընթացքում հասել է 65․000։ 

Հայ բժիշկների համար Գերմանիան առաջնային ուղղություն

Հոդվածի պատրաստման ընթացքում հաջողվեց կապ հաստատել եվրոպական մի քանի երկրում աշխատող մեր հայրենակից բժիշկների հետ։ Չափորոշիչներն ու պահանջները տարբեր են, եթե մի երկրում հնարավոր է, որ ընդհանրապես չընդունեն Երևանի պետական բժշկական համալսարանի դիպլոմը, մյուսում՝ ընդունել մասնակի, պահանջելով հավելյալ կրթություն ու քննություններ։ 

-Բելգիայում մեր դիպլոմները չեն ընդունում,-ասում է բժիշկ Աննա Բալբաբյանը,-ես եկել եմ 20 տարի առաջ, Բելգիան եռալեզու երկիր է ու պետք է ընտես գերմաներեն, ֆրանսերեն կամ հոլանդերեն, որ կարողանաս սովորել ու հետո աշխատել։ Լեզվի քննությունից հետո տալիս են համալսարանների ցանկ, որ շարունակես կրթությունդ։ Ես այստեղ սկսել եմ սովորել երկրորդ կուրսից։ Իսկ Գերմանիայում ու Ֆրանսիայում մեր դիպլոմները ընդունում են, աշխատում են ու ընթացքում բացը լրացնում։ 

Իտալիայում ևս խնդիր է հայկական դիպլոմի ճանաչումն ու աշխատանքի գտնելը։  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն հայ բժիշկների համար առաջնային ուղղությունը Գերմանիան է, որը մեծամասամբ պայմանավորված է  բժշկական դիպլոմի ճանաչման, ավելի հեշտ աշխատանքի տեղավորման գործոնով։ 

Օրինական միգրացիա գրավիչ առաջարկներով

«Max Work» կազմակերպությունը Հայաստանում գործում է 12 տարի, օգնում է օրինական ճանապարհով աշխատանք գտնել արտերկրում, ինչպես նաև մշակութային փոխանակման ծրագրեր ունի տարբեր երկրների հետ։
Վերջին տարիներին գերմանական ծրագրերը ավելի են ակտիվացել։ Գործընկերները ֆինանսավորում են բուժքույրերին․ անվճար գերմաներենի ուսուցում, վերապատրաստում, հոգում են ճանապարհածախսը և մեկ տարի անվճար կացարան են տրամադրում Գերմանիայում։

-5 տարի առաջ նման ֆինասավորում չկար, եթե ցանկանում էին աշխատել, պետք է ինքնուրույն բոլոր հարցերը լուծեին։ Սակայն քանի որ Գերմանիայում բուժանձնակազմի բացը չի համալրվում, պետությունը դրամաշնորհներ է տրամադրում, որ հեշտացնեն մասնագետների տեղափոխումն ու աշխատանքային գործունեությունը,-ասում է«Max Work» կազմակերպության տնօրեն Գոռ Աբգարյանը։

Պարտադիր պայմաններից է, որ դիպլոմում գրված լինի բուժքույր ու հաղթահարեն լեզվի ուսուցման դժվարությունները։ Շատերն են դիմում, հաճախ ցանկությունը մեծ է լինում, սակայն քչերն են կարողանում հասնել նպատակին։ 12-ժամյա գրաֆիկով աշխատանք, նաև գիշերային հերթափոխներ ու լեզվի ուսուցման դասերը համատեղելը բավական բարդ է լինում։ Ոմանք կես ճանապարհից թողնում են ամեն ինչ, ոմանք քննությունը մի քան անգամ ձախողում են ու հիասթափվում, ունենք նաև հաջողությամբ բոլոր փուլերը հաղթահարած մասնակիցներ, որոնք հիմա շախատում են Գերմանիայում։ 

-2020թ․-ից հետո շատերն էին ուզում լքել երկիրը, տարբեր կեղծ կազմակերպություններ ստեղծվեցին, խարդախություններ շատ էին, մարդիկ վախեցած են, չգիտեն էլ ում վստահեն։ Մի քիչ մեդիագրագիտության պակաս էլ կա, չեն կարող որոնել ու զատեն վստահելի կազմակերպությունը անվստահելիից ու գնում ընկնում են թակարդը։ Գումարը կորցնում են և ոչ մեկին չեն վստահում։ Մենք էլ, որ ասում ենք ամեն ինչ անվճար է, մեկ էլ ասում են, ուրեմն ինչ-որ բան այն չի, -հավելում է Գոռ Աբգարյանն ու նաև  խոսում անօրինական միգրացիայի ու իրազեկության պակասից։ 

-Դիմում են մեզ, որ բուժքույրի դիպլոմը ունի, գերմաներեն գիտի ու գնացել է Գերմանիա «հանձնվել է»։ Պատկերացնում եք, կարող էր իր դիպլոմով գնար, օրինական թույլտվությամբ ու մեկ տարով կացարան ունենար, բայց գնացել է անօրինական, անորոշ կարգավիճակով ու վախով, որ ամեն պահի կարող են արտաքսել։ «Հանձնվածներին»՝ փախստականի կարգավիճակ հայցողներին, մեր գործընկերները չեն կարող օգնել։ Պետք է վերադառնան Հայաստան, նորից դիմեն դեսպանատուն ու այդ գործընթացը անցնեն։ Սակայն, երբ ասում ենք վերադարձի մասին, կտրուկ հրաժարվում են,  իրենց համար ավելի լավ է անօրինական մնան, 10 տարի գումար վճարեն փաստաբաններին, քան օրինական ճանապարհով գնան աշխատեն,-նշում է Գոռ Աբգարյանը։

Հայաստանի անհամաչափ առողջապահական քարտեզը

Չնայած երիտասարդ բժիշկների արտահոսքին, Հայաստանում հստակ վիճակագրություն չկա գնահատելու մասնագիտական միգրացիայի ծավալներն ու հետևանքները։

Մի կողմից, երիտասարդ բժիշկները դժգոհում են, որ աշխատանքի անցնելու խնդիր կա, քանի որ  ոլորտը գերծանրաբեռնված է ու մասնագիտությամբ աշխատելու համար հաճախ վճռորոշ չեն դառնում գիտելիքները, այլ կապերը, մյուս կողմից՝ ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտատարում է կադրերի պահանջի ու թափուր տեղերի մասին։

Նման իրավիճակի պատճառներից հիմնականը մասնագետների անհամաչափ  բաշխվածությունն է։ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով  2023թ. ՀՀ-ում   աշխատում է 13.000 բժիշկ (ներառյալ ատամնաբույժները) և 16․500  միջին բուժանձնակազմը։  Աղյուսակը ավելի պատկերավոր ներկայացնում է առողջապահական ոլորտի քարտեզը։

Եթե Երևանում 10․000 բնակչին մինչև 67 բժիշկ է սպասարկում, մարզերում քառակի պակաս է, ինչը մարզի բնակչի համար դժվարացնում է օգտվել առողջապահական որակյալ ծառայություններից։ Սոցիալական պայմաններից կախված ոչ բոլորը կհասնեն մայրաքաղաք բուժվելու։

Բելգիայում աշխատող մեր հայրենակից բժշկուհի Աննա Բալբաբյանը մեր զրույցի ժամանակ, երբ զուգահեռներ անցկացրեց բելգիական և հայկական կրթական ու առողջապահական համակարգերի միջև, ապա առաջնային ընդգծեց հետևյալը․

-Ուսումնառության ընթացքում երկրորդ կուրսից ուղարկում են Բելգիայի տարբեր տարածաշրջաններ՝ գործնականում հմտությունները զարգացնելու համար, ուսանողներին ապահովում են անհրաժեշտ պայմաններով, որ աշխատի ու փորձ ձեռք բերի, իսկ Հայաստանում իմ պրակտիկան ուղղակի ձևական էր երևանյան հիվանդանոցներից մեկում։ Բելգիայում երկրորդ կուրսից ուսանողը լրիվ աշխատում է, առավոտ ժամը 7-ից պետք է հիվանդին լողացնի, պամպերս փոխի, անկողին փոխի,  անհրաժեշտության դեպքում հիվանդին կերակրի, երրորդ կուրսում միջմկանային սրսկումներ անի։ Ուսանողը ամբողջ պրոցեսի մեջ ներգրավված է, 8 ժամ աշխատում է ու կարևոր չէ, թե երկրի որ տարածքում է գտնվում։ Այստեղ այլ է դաստիարակությունը, որ եթե ընտրել ես այս մասնագիտությունը, ամեն ինչ պետք է անես, որ հետագայում էլ քո աշխատանքային հրավերը ունենաս հիվանդանոցներից։ Իսկ Հայաստանում ամեն ինչ կենտրոնացված է Երևանում այն էլ զուտ ձևական բնույթ է կրում այդ պրակտիկաները ու ավարտելուց հետո միայն պետք է լրացնեն գործնականի բացը։

Երիտասարդ բժիշկների արտագաղթը հատկապես մտահոգիչ է, քանի որ այն սպառնում է առողջապահության աշխատուժի երկարաժամկետ կայունությանը և վերականգնմանը: Հատկապես մեծ մարտահրավեր է մարզերում թոշակի անցնող բուժանձնակազմի փոխարինումը որակավորված իրավահաջորդներով:
Այս ամենը ավելի խոսուն է դառնում, երբ դիտարկում ենք թափուր աշխատատեղերի տվյալները։ 2025թ․ մարզային առողջապահական հաստատություններում, մասնավորապես՝ առաջնային բուժօգնության և անեսթեզիոլոգիայի ոլորտներում, գրանցվել է ավելի քան 300 թափուր աշխատատեղ, մինչդեռ Երևանում ոչ մի ազատ հաստիք չկա։

Աշխատուժի պահպանումը կմնա մարտահրավեր, եթե Հայաստանը չհավասարակշռի իրավիճակը, աջակցի մարզերում աշխատող բժիշկներին՝ ֆինանսական բոնուսներ, բնակարանային օգնություն, մասնագիտական զարգացման հնարավորություններ և այլն։
Իդեպ, Ռումինիան դասվել է այն երկրների ցանկին, որտեղից բժիշկները արտագաղթել են տարեկան մինչև 1200 բժիշկ, սակայն բարեփոխումների արդյունքում թիվը եռակի նվազել է։ 

30․11․2025

Անահիտ Հարությունյան